HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ողջամտության նահանջը

Մասնավոր շահը' գերակա

Իշխանական որոշակի շրջանակների ձեռնտու է Սևանա լճի մակարդակի իջեցումը, քանզի իրենք կամ իրենց մերձավորները լճի ափերին ռեստորաններ, հյուրանոցներ ու նմանատիպ օբյեկտներ ունեն, և եթե լճի բարձրացումը չկասեցվի, ջուրն արդեն այդ օբյեկտների հիմքերին կհասնի կամ անհնարին կդարձնի դրանցից օգտվելը: Բացի դրանից' լճի ափերին գտնվող ծառերն ու թփերը, չնայած գումարներ ծախսվել են, ժամանակին չեն մաքրվել, աշխատանքները վատ են կազմակերպվել, ձգձգվել են, ափերին գտնվող քանդման ենթակա բոլոր շինությունները չէ, որ քանդվել են, և այս առումով էլ լճի մակարդակի բարձրացման կասեցումը ոմանց ձեռնտու է' մինչև համապատասխան աշխատանքները կկատարվեն: Այսինքն' հնարավոր է, որ լիճը ոմանց շահերի ու թերացումների զոհն է դառնում:

Բացի վերոնշյալ հավանական պատճառներից' այժմ շրջանառվում է ևս մեկ վարկած, ըստ որի Սևանա լճից լրացուցիչ, սահմանափակող օրենքով նախատեսված 169 մլն խմ-ից ավելի ջրառն անհրաժեշտ էր նաև Արարատյան դաշտում գտնվող ձկնաբուծական բազմաթիվ տնտեսություններին թթվածնով հագեցած ու շարունակաբար հոսող ջրով ապահովելու համար, քանի որ նշված տեղանքի ստորերկրյա ջրային պաշարները նույն նպատակով անհաշվենկատ, անխնա, ագահ շահագործման հետևանքով արդեն հայտնվել են սպառման եզրին: Շատ ջրհորներ գրեթե ցամաքած են, դրանցում ճնշում չկա: Իսկ որ ձկնաբուծական այդ տնտեսությունները պատկանում են որոշ օլիգարխների, բարձրաստիճան կամ ազդեցիկ պաշտոնյաների և ոչ պատահական մարդկանց, ինչից բխում է անհրաժեշտության դեպքում սարը Մուհամեդի մոտ տանելու հնարավորությունը, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Հուլիսի 20-ի երեկոյան մայրաքաղաքում հորդառատ անձրև էր: Նույն օրը Արմավիրի մարզում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Բաղրամյան, Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերի մի շարք տների նկուղները ողողվել են անձրևաջրերով, վնասվել է անգամ Մյասնիկյան գյուղի հեղեղային հողապատնեշը: Ակնհայտ է, որ որոշ մասնագետների և պաշտոնյաների կանխատեսումը, թե 2012 թ. հուլիսն ու օգոստոսը սակավաջուր ամիսներ են լինելու, Սևանա լճի ջրով ոռոգվող Արարատյան դաշտի առնչությամբ սխալ դուրս եկավ: Իսկ երաշտի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Վերոնշյալ իրողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ գյուղացու հոգսը թեթևացնելու պատրվակով Սևանա լճից այս տարի մինչև 320 մլն խմ ջուր բաց թողնելն արտոնող և հապճեպորեն, նույնիսկ Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտմամբ օրենսդրական փոփոխությունների ընդունումը իրականում այլ նպատակներ է հետապնդում:

Բացի վերոնշյալ հավանական պատճառներից այժմ շրջանառվում է ևս մեկ վարկած, ըստ որի Սևանա լճից լրացուցիչ, սահմանափակող օրենքով նախատեսված 169 մլն խմ-ից ավելի ջրառն անհրաժեշտ էր նաև Արարատյան դաշտում գտնվող ձկնաբուծական բազմաթիվ տնտեսություններին թթվածնով հագեցած ու շարունակաբար հոսող ջրով ապահովելու համար, քանի որ նշված տեղանքի ստորերկրյա ջրային պաշարները նույն նպատակով անհաշվենկատ, անխնա, ագահ շահագործման հետևանքով արդեն հայտնվել են սպառման եզրին: Շատ ջրհորներ գրեթե ցամաքած են, դրանցում ճնշում չկա: Իսկ որ ձկնաբուծական այդ տնտեսությունները պատկանում են որոշ օլիգարխների, բարձրաստիճան կամ ազդեցիկ պաշտոնյաների և ոչ պատահական մարդկանց, ինչից բխում է անհրաժեշտության դեպքում սարը Մուհամեդի մոտ տանելու հնարավորությունը, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ:

«Մեր առաջարկությունը հիմնավոր ենք համարում և գտնում ենք, որ սակավաջրությունից ելնելով' 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- անցյալ ամիս ասել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, ինչպես նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նրա տեղեկացմամբ' հիշյալ փորձագիտական հանձնաժողովը ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից մինչև 280 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտության կամ թույլատրելիության վերաբերյալ: Սակայն կառավարությունը և ԱԺ-ն արհամարհեցին ոչ միայն բնապահպանների և քաղաքացիական հասարակության բողոքը' լճից մինչև 320 մլն խմ ջուր բաց թողնելու առնչությամբ, այլև նույնիսկ հիշյալ փորձագիտական հանձնաժողովի վերոնշյալ եզրակացությունը: Բայց փորձագիտական հանձնաժողովը հենց այն բանի համար է, որ ոլորտին առնչվող պետական մարմինները հաշվի նստեն նրա կարծիքի հետ: Ստացվում է, որ հանձնաժողովի կարծիքն անտեսելով' կառավարությունը և ԱԺ-ն այդ պետական մարմնի գոյությունը դարձնում են ինքնանպատակ:

Սևանա լճի հիդրոլոգիայի և կենսաբազմազանության գծով միակ գիտական և պետական հաստատությունը' ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը, մասնակից չի դարձվել Սևանա լճից մինչև 320 մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ ջրային տնտեսության պետական կոմիտեի, կառավարության, ԱԺ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկումներին: Նշված պետական մարմիններին բնավ չի հետաքրքրել, թե հիշյալ ինստիտուտն ինչ կարծիք ունի Սևանա լճից նման ահռելի ծավալի ջուր բաց թողնելու վերաբերյալ, ջրի որակի ինչ բացասական փոփոխությունների կհանգեցնի այն, էկոլոգիական առումով ինչ հետևանքներ կունենա:

-Լիճը դիսբալանսի մեջ է, կենտրոնական մասերում դրական գործընթաց ունենք ջրի որակի առումով, ափային մասերում էֆտրոֆիկացման (ջրատարածքներում բուսականության բուռն աճի, ճահճացման.- հեղ.) գործընթաց է,- ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, Հանրային խորհրդի և նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:- Հատկապես եթե լճի մակարդակը բարձրացնում-իջեցնում ենք, այդ դիսբալանսը շատանում է: Հիմա այս պահին լճին հարվածելը, մեր կարծիքով, շատ վտանգավոր է, որովհետև լիճը տատանվում է' դեպի լավն է գնալու, թե դեպի վատն է գնալու: Պետք է օգնել լճին:

Լիճն, իհարկե, չի ցամաքի, ձկնագողերն էլի նրանից կքամեն ձկան վերջին պաշարները, որ վաղուց արդեն արդյունագործական չեն, երեխաներն ու մեծահասակներն առաջվա նման Սևանում կլողան, մինչև 320 մլն խմ ջրառի թույլտվության հասնողներից ոմանք ափերին խորոված կանեն, ուտուշխմուշի ընթացքում, հնարավոր է, լճի կենացն էլ խմեն, բայց ջրի որակն էապես կտուժի' և՛ դրանում թթվածնային քաղցի մեծացման, և՛ ջերմաստիճանային բացասական փոփոխության, և՛ ջրի յուրաքանչյուր լիտրում կամ խորանարդ մետրում թունավոր նյութերի չափաքանակի ավելացման առումներով:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter