
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին
Ամերիկյան վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Այդ մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։
«Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է լրացուցիչ ռազմական օգնության հատկացման մասին՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում Ուկրաինայի կարևորագույն կարիքները բավարարելու համար»,- ասված է փաստաթղթում։
Փաթեթի ընդհանուր ծավալը 250 միլիոն ԱՄՆ դոլար է։ Դրանում ներառված են RIM-7 զենիթային հրթիռներ, համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, դյուրակիր զենիթահրթիռային Stinger համալիրներ, AT-4, TOW և Javelin տեսակի հակատանկային հրթիռային համալիրներ։
Բացի այդ, փաթեթում ներառված են Bradley տեսակի հետևակի մարտական մեքենաներ, M113 տեսակի զրահամեքենաներ, ականներից և որոգայթներից MRAP տեսակի պաշտպանական զրահամեքենաներ, պարեկային նավակներ, հրաձգային զենքի զինամթերք և նռնակներ, պայթուցիչներ և պահեստամասեր: Այս սպառազինությունը Վաշինգտոնը Կիևին կուղարկի սեփական պահեստներից։
Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters
Մեկնաբանել