HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել

Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին։ Այդ մասին փոխանցում են The Wall Street Journal թերթը և CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ «Հետքը», հղում անելով ամերիկյան Bloomberg գործակալությանը, դեռ սեպտեմբերի 2-ին էր գրել իրանական կողմի այս մտադրության մասին։ 

Բրիտանական The Times թերթի տվյալներով՝ Ռուսաստանն Իրանից ստացել է ավելի քան 200 բալիստիկ հրթիռների խմբաքանակ։ Ուկրաինական հետախուզական տվյալների համաձայն, որը ներկայացնում է պարբերականը, դրանք «Ֆաթեհ-300» հրթիռներ են, որոնց գործողության շառավիղը հասնում է 110 կիլոմետրի։ Ուկրաինական ռազմական աղբյուրը հայտնել է, որ ռուսական նավը հրթիռները սեպտեմբերի 4-ին տեղափոխել է Կասպից ծովի նավահանգիստներից մեկը։ 

Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ամերիկյան իշխանություններն այս շաբաթ դաշնակիցներին տեղեկացրել են Իրանի մատակարարումների մասին, այդ թվում՝ սեպտեմբերի 5-ին ճեպազրույց են անցկացրել Վաշինգտոնում գտնվող դեսպանների համար: Պարբերականը գրում է, որ ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ հրթիռները «վերջապես տեղ են հասել»:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը հայտարարել է, որ «Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների ցանկացած փոխանցում կնշանակի Իրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին աջակցության կտրուկ սրում»:

Իրանը հերքում է, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում ուկրաինական պատերազմում դրանց կիրառման համար։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունից հայտնել են, որ Իրանը ձեռնպահ է մնում «նման գործողություններից, բայց միևնույն ժամանակ կոչ է անում այլ երկրներին դադարեցնել զենքի մատակարարումը հակամարտությանը մասնակցող կողմերին»։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանել լրատվամիջոցների այս հաղորդագրությունները:

Ավելի վաղ Իրանը Ռուսաստանին էր փոխանցել փոքր հեռահարության «Ֆաթեհ-110» տեսակի հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները՝ 300-700 կիլոմետր հեռավորության վրա։

Իրանն ու Ռուսաստանը համագործակցում են նաև Shahed տեսակի հարվածային անօդաչուների արտադրության հարցում, որոնք ռուսական կողմը պարբերաբար օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ։

Լուսանկարը՝ The Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter