HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավազակային հարձակում կատարած ամուսնական զույգերն ընդունեցին, որ ամեն ինչ արել են կանխամտածված

Հովհաննես Վարդանյան եւ Աշխեն Եղոյան, Գարիկ Տոնոյան եւ Աննա Վարդանյան ամուսնական զույգերի ավազակային հարձակումից տուժած Ռոզա Վարդազարյանին պատճառվել էր 27 հազար 500 դրամի նյութական վնաս: Տանտիրուհու կողմից հայտնաբերված ամբաստանյալներ Գարիկ Տոնոյանն ու Հովհաննես Վարդանյանն իրենց հետ տարել էին մարգարիտ քարերով 2 վզնոց, մեկ ոսկեջրած վզնոց խաչ, եղունգների հարդարման պարագաներ, մեկ հասարակ ուլունքներով վզնոց եւ մեկ մեդալ: Ամբաստանյալները տուժածի տնից հեռանալուց հետո 4 օր թաքնվել են Գարիկի վարձակալած բնակարանում: Հափշտակած ավարը հիմնականում զայրացրել էր Աշխենին, ով կշտամբելով  ամուսնուն` Հովհաննեսին, ասել էր` «Չէիր կարող ատրճանակով էնպես մխեիր Ռոզայի գլխին, որ հայտներ ունեցած ոսկեղենի ու գումարի տեղը»:

Դեպքից հետո տուժող, 84-ամյա Ռոզա Վարդազարյանը վախից հիվանդացել է եւ մոտ 7 օր հիվանդ պառկել: Ծեր կնոջ մտքով սկսզբում ամենեւին էլ չի անցել դիմել ոստիկանություն: Հետո զանգահարել է քրոջն ու տեղափոխվել նրա տուն, դեպքի մասին պատմել քրոջ տղային, նրա հետ էլ գնացել են ոստիկանություն: Դատարանում տուժողն ասաց, որ Գարիկին չի ճանաչում, իսկ Հովհաննեսին լավ գիտի, թոռան` Արկադիկի հետ բազմիցս եղել է իր տանը, իր ձեռքի հացն է կերել, ինքը երբ հնարավորություն է ունեցել ծխախոտի գումարով օգնել է նրան:

«Ես Հովհաննեսին քայլվածքից ճանաչեցի,- դատարանում հայտնեց Ռոզա Վարդազարյանը,- ինքը կռացած է քայլում, ոտքերն էլ ծուռ-ծուռ է դնում, էդպես եմ իմացել, որ ինձ թալանողներից մեկը Հովհաննեսն է»: Արդեն ոստիկանությունում տիկին Ռոզան ճանաչել է նաեւ Աննային` իրեն նամակ բերող եւ որպես Սիրուշ ներկայացած աղջկան:

Դատակոչված երեք վկաներից ամբաստանյալ Աշխեն Եղոյանի մայրն ու եղբայրը հրաժարվեցին ցուցմունք տալ դատարանում: Հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները: Երրորդ վկան` անչափահաս Աննա Վարդանյանի մայրը` Սահկանույշ Վարդանյանը, հայտնեց, որ փեսայի եւ աղջկա մտադրության մասին տեղյակ չի եղել: Դեպքի օրը Աննան ու Գարիկն այցելել են իրեն, հայտնել աղջկա հղի լինելու լուրը, այդ առթիվ Գարիկը մի քանի բաժակ օղի է խմել: Այնուհետեւ զանգահարել է Հովհաննեսն ու փեսային եւ աղջկան կանչել իրենց տուն: Թե իրականում ինչ է կատարվել փետրվարի 12-ին, վկան իմացել է, երբ Աննային տարել են ոստիկանություն:

Քանի որ ամբաստանյալների նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների ակնահայտ տարբերություն կար, ապացույցների հետազոտման փուլում հրապարակվեցին Աշխեն Եղոյանի, Հովհաննես Վարդանյանի, Աննա Վարդանյանի եւ Գարիկ Տոնոյանի նախաքննությանը տված ցուցմունքները: Դատարանում Աշխենն ու Հովհաննեսը հայտարարել էին, թե Աննայի անչափահաս լինելու մասին իմացել են միայն «ռազբոյ»-ից հետո, այնինչ Աշխենն իր ձեռքով գրած ցուցմունքում նշել էր, որ ինքը 20 տարեկան է, ամուսինը 19 տարեկան, Աննան 16 եւ նրա ամուսին Գարիկը 23 տարեկան: Նույնատիպ ցուցմունք էր տվել նաեւ Հովհաննես Վարդանյանը:

Ի վերջո, ամուսինները դատարանում ընդունեցին, որ իմացել են Աննայի անչափահաս լինելու հանգամանքը: Հովհաննեսն ընդունեց նաեւ, որ գողության միտքն իրենն է եղել եւ այն իրականացնելու համար ներգրավել է նաեւ Գարիկին ու Աննային: Ամբաստանյալներից Գարիկ Տոնոյանն էլ ընդունեց, որ ատրճանակ-կրակայրիչը վերցրել է ոչ թե պատահական, որովհետեւ ծխելու համար այլ կրակայրիչ չի ունեցել, այլ կանխամտածված: Վերցրել է հատուկ ծեր կնոջը վախեցնելու նպատակով:

Դատարանում ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը մի քանի անգամ ներողություն խնդրեց տուժողից՝ ասելով. «Ռոզա տատ, խնդրեմգը, ներե ընձի, թող Աստված հենց հըմի, ըստեղ պատիժս տա»: Ներողություն խնդրեց նաեւ Գարիկ Տոնոյանն՝ ասելով, թե. «Ինչ էրել ենք, չհասկնալով ենք էրել, մենք մեզի որոշեցինք ու էրինք»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենան հուլիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter