
Պեսկովը պատերազմով է արդարացնում Ռուսաստանում առկա գրաքննությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական TACC պարբերականին հայտնել է, որ պատերազմի ժամանակ արդարացված են տեղեկատվության տարածման սահմանափակումները և գրաքննությունը։
«Պատերազմական վիճակում, որում մենք գտնվում ենք, սահմանափակումներն արդարացված են, ինչպես և արդարացված է գրաքննությունը։ Ինչ մեղքս թաքցնեմ, մենք պատերազմական վիճակում ենք։ Բայց երբ պատերազմն ավարտվի, իսկ ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, պետք է լինի տեղեկատվության լիակատար ազատություն»,- շարունակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ իշխանությունները ինչ-որ ժամկետ ունեն, թե երբ են նախատեսում ավարտել պատերազմը՝ Պեսկովը հայտարարել է, որ առաջին հերթին «պետք է կատարվեն այն նպատակները, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության (այպես է ռուսական կողմն անվանում Ուկրաինա այդ երկրի ներխուժումը՝ խմբ.) մեկնարկի ժամանակ»:
«Այստեղ ժամկետները բացարձակապես կարևոր չեն։ Չնայած, իհարկե, մենք բոլորս հուսով ենք, որ դա ավելի արագ կլինի, քան դանդաղ»,- նշել է նա։
Ուկրաինա ռուսական զորքերի լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանի իշխանությունները չէին օգտագործում «պատերազմ» բառը՝ փոխարենը կիրառելով «հատուկ ռազմական գործողություն»-ը։ Բոլոր այն անձանց, որոնք տեղի ունեցողը հրապարակավ պատերազմ էին անվանում, ռուսական իշխանությունները տուգանում էին, երբեմն նույնիսկ՝ ազատազրկում: Ավելի ուշ, սակայն, ռուսական իշխանությունների ներկայացուցիչները ևս սկսեցին կիրառել «պատերազմ» բառը։
Լուսանկարը՝ РИА Новости / POOL
Մեկնաբանել