HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդուն հայտնաբերել և ձերբակալել են։ Նշենք, որ կրակոցների հետևանքով մեկ ոստիկան մահացել էր, մյուսը՝ տեղափոխվել բժշկական հաստատություն։

«Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։

Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։

Կրակոցների հետևանքով մահացել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական  կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության, ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության, Դատախազության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբեր։

Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Տեղի ունեցածից ժամեր անց՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter