
Պարտադիր պատվաստումների տատանվող ցուցանիշները կարմրուկի աճի ֆոնին
Պատվաստանյութերի հանդեպ անվստահությունն ամբողջ աշխարհում նոր ալիք է ստացել Covid-19 համավարակից հետո։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պատվաստումներից խուսափելը պայմանավորված է պատվաստանյութերի վերաբերյալ միֆերի և ապատեղեկատվության տարածմամբ։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն օգոստոսին ահազանգել է Հայաստանում կարմրուկի շարունակվող աճի մասին։ Նա նշել է, որ զբոսաշրջային սեզոնը նպաստում է հիվանդության սրմանը։ 2023 թվականին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք։ Այս տարի կարմրուկի նույնքան դեպք է գրանցվել մինչև օգոստոսի 5-ը։
2023 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 300 հազարից ավելի կարմրուկով վարակվածության դեպք։ Ընթացիկ միտումները հուշում են, որ մինչև այս տարվա վերջ ամբողջ աշխարհում կգրանցվեն առնվազն նույնչափ վարակվածության դեպքեր։
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր համատեղ արշավները նպաստում են բնակչության իրազեկվածության բարձրացմանը ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների կարևորության վերաբերյալ։ Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված մարդկանց շրջանում», - նշել է Լենա Նանուշյանը։
«Հետքը» որոշել է ուսումնասիրել Հայաստանում վերջին երեք տասնամյակում պարտադիր պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները՝ օգտվելով Առողջապահության նախարարության վիճակագրական տարեգրքերից:
Իմունականխարգելման ցուցանիշները Հայաստանում տարիների ընթացքում պարբերաբար տատանվել են: Առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներով հանրապետությունում առաջատարն է Վայոց Ձորը, որտեղ մեկ տարեկանների 97,3%-ը, երկու տարեկանների 97,4%-ը և երեք տարեկանների 98,7%-ը ստացել են իրենց պարտադիր պատվաստումները։
Իմունականխարգելման ամենացածր ցուցանիշը Երևանում է, որտեղ պատվաստվել են մեկ տարեկանների 89,1%-ը, երկու տարեկանների 86,6%-ը և երեք տարեկանների 89,1%-ը:
«Ընդհանուր առմամբ, պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները Հայաստանում միշտ բարձր են եղել, սակայն 2012-2022 թվականների ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս շարունակական նվազում բոլոր թիրախային խմբերում», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի սոցիալական և վարքագծի փոփոխության պատասխանատու Մարիամ Ալիխանովան։
Նա հավելել է, որ 2012 թվականին մեկ տարեկան երեխաների պատվաստումների ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95 տոկոս, 2022-ին այս ցուցանիշը եղել է 90 տոկոս, իսկ 2023 թվականի հունվար-ապրիլի դրությամբ 91,3 տոկոս։
2012 թվականին կարմրուկի դեմ պատվաստվել է թիրախային խմբի 97,3 տոկոսը, 2022 թվականին՝ 94,55 տոկոսը:
Կարմրուկի դեմ պատվաստանյութը ստանում են երկու չափաբաժնով։ Առողջապահության նախարարության վիճակագրական տարեգրքի տվյալները ցույց են տալիս կարմրուկի դեմ պատվաստման ցուցանիշների տատանումներ վերջին տարիներին:
«Առողջապահության նախարարության կողմից կարմրուկի դեմ պատվաստումների ցուցանիշը խթանող միջոցառումների շնորհիվ չպատվաստվածների թիվը նվազել է 1,8 անգամ, իսկ մասնակի պատվաստվածներինը՝ 2,9 անգամ»,- նշել է ԱՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ստեփան Աթոյանը, օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
2023 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է հետազոտություն՝ պարզելու «Հայաստանում մանկական իմունիզացիան խրախուսող և խոչընդոտող գործոնները 0-6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների և խնամակալների շրջանում»։
Ըստ այս հետազոտության՝ հոգեբանական գործոնները, հատկապես պատվաստումների մասին համոզմունքները, պատվաստումների հանդեպ վարքագծի ամենակարևոր որոշիչներից են (57,4%)։ Պատվաստանյութի արդյունավետության կամ անարդյունավետության ընկալումները նույնպես ծնողներին կարող են խոչընդոտել կամ խթանել պատվաստել իրենց երեխաներին (19,8%):
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ աշխատում է նվազեցնել ապատեղեկատվության տարածումը և ապահովել, որ ծնողները ստանան պատվաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն: Տարբեր օֆլայն և օնլայն արշավների, այդ թվում՝ մեր ծնողական հարթակի՝ babycef.am-ի միջոցով մենք պատվաստումների մասին ճշգրիտ տեղեկատվություն ենք տարածում»,- հավելում է Մարիամ Ալիխանովան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը մշակել են վերապատրաստման փաթեթ՝ բուժաշխատողների հաղորդակցման և խորհրդատվության հմտությունները բարելավելու համար: 2024 թվականին Հայաստանում ավելի քան 4500 բուժաշխատող, ով առնչվում է պատվաստանյութերի հետ, կվերապատրաստվի։
Մեկնաբանել