
Այսօր՝ Հս. Մակեդոնիա-Հայաստան. թիմերը կհանդիպեն 14-րդ անգամ, վիճակագրությունը մրցակցի օգտին է
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Սկոպիեում կմեկնարկի Հս. Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային մրցավեճը: Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության շրջանակներում թիմերն ընդգրկվել են C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Լատվիան ու Ֆարերները:
Առաջին տուրից հետո, որը կայացել է սեպտեմբերի 7-ին, Հայաստանի ազգային ընտրանին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ մերոնք Երեւանում 4-1 հաշվով հաղթեցին Լատվիային, իսկ Հս. Մակեդոնիան հյուրընկալվելիս 1-1 խաղաց Ֆարերների հետ: Այսպիսով՝ Հայաստանն ունի 3 միավոր, Հս. Մակեդոնիան ու Ֆարերները՝ 1-ական, իսկ Լատվիան միավոր չունի:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կսկսվի Լատվիա-Ֆարերներ հանդիպումը:
Հս. Մակեդոնիա-Հայաստան հանդիպումն սպասարկելու է գերմանական անձնակազմը: Խաղի մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը եւ Շտեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Շտորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:
Հայաստանի ընտրանին մակեդոնացիների հետ խաղալու մեծ փորձ ունի: Այս թիմին մերոնք ամենաշատն են հանդիպել:
Մինչ օրս թիմերի միջեւ կայացել է 13 խաղ, որոնցից 12-ը՝ պաշտոնական: Հայաստանը տարել է 4 հաղթանակ, կրել 6 պարտություն, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 18-23՝ հօգուտ մակեդոնացիների։
Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:
Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը:
«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:
Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ՝ 2018-2019 թթ. խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստները Երեւանում արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:
Ազգերի լիգայի երկրորդ՝ 2020-2021 թթ. խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը 2022-2023 թթ. խաղարկությունում նրան հնարավորություն տվեց խաղալ ավելի բարձր` B լիգայում։
Թիմերի միջեւ եւս երկու խաղ կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2021-ի սեպտեմբերի 2-ին Սկոպիեում գրանցվեց 0-0, իսկ ահա նոյեմբերի 11-ին մերոնք Երեւանում խայտառակ պարտություն կրեցին 0-5 հաշվով:
Միակ ընկերական հանդիպումը թիմերի միջեւ կայացավ 2023 թ. հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում եւ ավարտվեց դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով: Մերոնցից խաղավարտին հաշիվը կարողացավ թրջել Էդուարդ Սպերցյանը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել