
«Ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը` առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրելու խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը». Փաշինյան
Սեպտեմբերի 9-11-ը Երևանում անցկացվում է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Ֆորումի հիմնական թեմաներն են փոփոխվող աշխարհակարգը, համագործակցությունը, անցումը կանաչ էներգիային, թվային հասարակությունները՝ որպես կայուն և անվտանգ տնտեսական շարժիչ և աշխատաշուկայի ապագան։ Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել ֆորումի ոչ պաշոնական բացումը։ Այսօր արդեն ֆորումի պաշտոնական մեկնարկն էր։
Ֆորումի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց խաղաղության պայմանագրի մասին՝ վերահաստատելով իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և շարունակել աշխատել մյուս կետերը համաձայնեցնելու վրա։ «Ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ ստորագրել համաձայնեցված տեքստը առաջիկա հնարավոր ժամկետում»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Նա գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնադրության ընդունումը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ «Համաձայն պայմանավորվածության՝ հիմա փաստաթուղթը անցնում է ներպետական համաձայնեցման գործընթաց։ Կառավարությունը ընդունել է նախագիծը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագծի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային և ավտոմոբիլային կապ ունենալ ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի հետ։ Ըստ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը դուր չի գալիս միջազգային որոշ դերակատարների։
«Շատ է քննարկվում հարցը, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը որքանով է տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Եվ այդ քննարկումներում փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժերը կամ երրորդ երկիր։ Ես պիտի միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ, և դա ավելի հիմնավոր դարձնելու համար ես կմեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ Ինչպես տեսնում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքում վերապահել է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը մեջբերեց կիսատ։ 9-րդ կետում նաև ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Գլխավոր լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության արխիվից
Մեկնաբանել