
Հարիս-Թրամփ առաջին բանավեճը Միացյալ Նահանգներում. ինչ են խոսել ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը անցկացրել են առաջին և, հնարավոր է, միակ նախընտրական հեռուստաբանավեճը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Բանավեճը հյուրընկալել էր ամերիկյան ABC հեռուստաընկերությունը և ցուցադրվում էր ուղիղ եթերում:
Բանավեճն ընթանում էր Ֆիլադելֆիայի Սահմանադրության ուսումնասիրության ազգային կենտրոնում։ Այն տևել է 90 րոպե՝ երկու անգամ գովազդային դադարով։ Բանավեճի ժամանակ, երբ խոսել է թեկնածուներից մեկը, մյուսի բարձրախոսն անջատված է եղել։ Բացի այդ, թեկնածուներին չի թույլատրվել ունենալ նախապես պատրաստված գրառումներ, իսկ գովազդային ընդմիջումների ժամանակ նախընտրական շտաբների աշխատակիցներին չի թույլատրվել շփվել թեկնածուների հետ։ Բանավեճի մասնակիցները հնարավորություն չեն ունեցել նաև միմյանց հարցեր ուղղել, դրանք արել են հաղորդավարները։
Քննարկման առաջին հատվածը և առաջին հարցը, որը տվել է ABC-ի հաղորդավար Դևիդ Մյուիրը, վերաբերում էր տնտեսությանը։ «Հավատո՞ւմ եք արդյոք, որ ամերիկացիներն ապրում են ավելի լավ, քան 4 տարի առաջ»,- հարցրել է նա։ Հարիսը պատասխանեց առաջինը և նշեց, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»: Նա խոստացավ լուծել բնակարանային գների խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին։
Հարցին ի պատասխան Թրամփն էլ հայտարարեց, որ դեմոկրատները չորս տարվա ընթացքում ոչնչացրել են տնտեսությունը, իսկ Քամալա Հարիսը պարզապես կրկնօրինակել է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը:
«Դոնալդ Թրամփը մեզ թողեց Մեծ դեպրեսիայից ի վեր գործազրկության ամենավատ ցուցանիշները: Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները՝ խմբ.) արեցինք՝ վերացրինք Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը»,- հայտարարեց Քամալա Հարիսը։
ԱՄՆ գործող փոխնախագահն առանձին անդրադարձավ այսպես կոչված «Նախագիծ 2025»-ին, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահության նոր ժամանակահատվածը: Դեմոկրատներն իրենց նախընտրական ծրագիրը հակադրում են այդ փաստաթղթին։ Նախագծի հեղինակը Heritage հիմնադրամն է։ Այն բաղկացած է գրեթե 1000 էջից։ Ինքը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փորձում է հեռու մնալ այդ ծրագրից, թեև դրա մշակմանը մասնակցել են նրա աջակիցները։
Բանավեճի ընթացքում նախկին նախագահը կրկին հրաժարվել է «Նախագիծ 2025»-ի հետ իր առնչությունից՝ հայտարարելով, որ չի կարդացել այն և չի էլ պատրաստվում:
Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստի մեջ։ Քննարկման սկզբում Քամալա Հարիսը նշել է, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «մի խումբ ստեր, բողոքներ և մեղադրանքներ»:
Ինչպես և իր նախկին ելույթներում, Թրամփը Հարիսին անվանել է «մարքսիստ»՝ փորձելով նրա գործունեությունը կապել Հարիսի հոր աշխատանքի հետ, որը Սթենֆորդի համալսարանն ավարտած տնտեսագետ էր։ «Եթե նրան երբևէ ընտրեն, նա կփոխի ամեն ինչ: Եվ դա կլինի մեր երկրի վերջը: Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը տնտեսագիտության մարքսիստ պրոֆեսոր է, և նա նրան լավ դաս է տվել»,- հայտարարել է Թրամփը։
«Համաշխարհային առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա։ Ես խոսել եմ ռազմական ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք»,- ի պատասխան Թրամփին հայտարարել է Հարիսը։
Ուկրաինական հակամարտության մասին
Գովազդային ընդմիջումից հետո հաջորդ հարցը հնչել է Ուկրաինայում պատերազմի մասին։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը պետք է դադարեցվի, և ինքը կարող է հասնել դրան: Նա դարձյալ կրկնել է, որ մտադիր է դա անել, նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը (եթե իհարկե հաղթի ընտրություններում, խմբ.)։
Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն, ու նրանք հարգում են իրեն։ «Նրանք հարգում են ինձ և չեն հարգում Բայդենին։ Ինչի՞ համար հարգել նրան»,- հայտարարել է Թրամփը։ Հարիսն ի պատասխան Թրամփին հիշեցրել է, որ ընտրություններում նա պայքարում է իր, այլ ոչ թե գործող նախագահ Ջո Բայդենի դեմ։
«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ շնորհակալ են, որ դուք այլևս նախագահ չեք։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում՝ ավելի մոտիկից նայելով մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»,- դիմելով նախկին նախագահ Թրամփին նշել է փոխնախագահ Հարիսը։ Հարիսի խոսքով՝ Պուտինը «բռնապետ է, որը Ձեզ (ի նկատի ունի Թրամփին, խմբ.) կուտի ճաշի ժամանակ»։
Թրամփն էլ Հարիսին անվանել է «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը» և հայտարարել, որ նա, զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը, չի կարողացել կանխել ուկրաինական պատերազմը:
Աբորտների մասին
Խոսելով աբորտների թեմայից՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում եղել են նահանգներ, որտեղ արդեն երեխայի ծնվելուց հետո օրինական է եղել աբորտ անելը։ Թրամփի այդ պնդումը հերքել է բանավեճի վարողը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը վետո կդնի աբորտներն արգելող օրինագծի վրա, նախկին նախագահը նշել է, որ դա քննարկելն իմաստ չունի, քանի որ օրենսդրական նման նախագիծը չի ստանա Կոնգրեսի աջակցությունը:
Հարիսն էլ կողմ է արտահայտվել աբորտի սահմանադրական իրավունքի վերադարձին՝ խոսելով այն մարտահրավերների մասին, որոնց բախվել են կանայք այն բանից հետո, երբ առանձին նահանգներ սկսեցին կիրառել աբորտի վերաբերյալ սեփական սահմանափակումները:
Նա ընդգծել է, որ աբորտների ոլորտում Թրամփի քաղաքականությունը վիրավորել է ամերիկացի կանանց։
Միգրացիայի մասին
Պատասխանելով միգրացիայի մասին հարցին՝ Թրամփը կրկնել է դավադրության տեսություններից մեկը, որը վերջին օրերին տարածում էին Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ։ Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ում միգրանտները, իբր, ընտանի կենդանիներ են ուտում: Հաղորդավարները միջամտել են՝ նշելով, որ Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի քաղաքապետը, ում ակնարկում էր Թրամփը, հերքել է այդ լուրը։
Դա ակնհայտ դուր չեկավ նախկին նախագահին։ Թրամփի խոսքի ժամանակ Քամալա Հարիսի բարձրախոսն անջատված էր, երբ Թրամփը խոսում էր։ Այս միտքն արտահայտելու ժամանակ Հարիսը ծիծաղեց, գլուխը տարուբերեց և, ամենայն հավանականությամբ, ասաց. «Ի՞նչ»։
Թրամփին առաջադրված մեղադրանքներ
Քամալա Հարիսը, որը նախկինում զբաղեցրել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնը, ի պատասխան միգրանտների հասցեին Թրամփի մեղադրանքներին, բարձրաձայնել է նախկին նախագահին առաջադրված մեղադրանքների մասին։
«Դա հնչում է մի մարդու շուրթերից, որը հետապնդվել է ազգային անվտանգության ոլորտում հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների, ընտրություններին միջամտելու համար»,- նշել է փոխնախագահ Հարիսը։ Ի պատասխան Թրամփը նշել է, որ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները կեղծ են։
Կապիտոլիումի վրա հարձակում
Թրամփը հրաժարվել է ընդունել նախորդ ընտրություններում իր պարտությունը և հայտարարել, որ ոչնչի մասին չի զղջում 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի կապակցությամբ։ «Ես ստացել եմ գրեթե 75 միլիոն ձայն, ավելի շատ ձայն, քան ցանկացած գործող նախագահ երբևէ ստացել է»,- նշել է նա։
Նա նաև մեղադրել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսիին՝ Կապիտոլիումի գրոհի ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների համար։
Իսրայել-պաղեստինյան հակամարտություն
Խոսելով Իսրայել-պաղեստինյան հակամարտության մասին՝ Հարիսը կրկնել է այս խնդրի վերաբերյալ իր նախորդ հայտարարություններից մի քանիսը՝ նշելով, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, բայց կարևոր է, թե ինչպես է դա անում: «Այս պատերազմը պետք է ավարտվի։ Այն պետք է անմիջապես ավարտվի»,- նշել է նա:
Թրամփն էլ հայտարարել է, որ այս հակամարտությունը երբեք չէր սկսվի, եթե ինքը լիներ նախագահ։ «Նա ատում է Իսրայելին։ Եթե նա նախագահ դառնա, ես կարծում եմ, որ երկու տարի անց Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարել է Թրամփը։
Ինչ են թեկնածուները խոսել եզրափակիչ ելույթի ժամանակ
Իր եզրափակիչ խոսքում Հարիսը կրկնել է այն մտքերը, որոնց մասին օգոստոսին խոսել էր Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ։ «Մենք չենք վերադառնա»,- հայտարարել է նա։ Հարիսը կրկին նշել է, որ պատրաստվում է դառնալ բոլոր ամերիկացիների նախագահը։ Նրա խոսքով՝ ինքն ու Թրամփն Ամերիկայի վերաբերյալ տարբեր տեսլականներ ունեն։
Իր եզրափակիչ խոսքում Թրամփը դարձյալ քննադատել է Հարիսին ու նշել, որ նրա քաղաքական ծրագիրը ոչինչ չի նշանակում, իսկ փոխնախագահի պաշտոնին 4 տարվա ընթացքում, նա, իբր, ոչինչ չի արել։ «Դուք հավատում եք ինչ-որ բաների, որոնց ամերիկացիները չեն հավատում։ Մենք մի երկիր ենք, որը գտնվում է լուրջ անկման մեջ։ Մեզ ծաղրում են ամբողջ աշխարհում»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Michael Le Brecht II/ABC News
Մեկնաբանել