HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ո՞վ է Հելսինկյանի «օղերով շան ծնունդը». Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի

 «Ինչո՞ւ եք դիմել, ի՞նչ եք պահանջում»,- հայցվորին ուղղված հարցադրումով այսօր նիստը սկսեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը: Այսօր Արթուր Սաքունցի հայցով  առաջին նախնական նիստն էր ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, երրորդ անձ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվության պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Դատավորը նշեց, որ հայցադիմումում փոփոխություն է արվել. «Պատկերացնո՞ւմ եք, հայցապահանջը նվազեցվել է 10 դրամից 1 լումայի, շատ լուրջ փոփոխություն է՝ 10 անգամ նվազեցվել է պահանջը»:

Պատասխանող Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը հայտնեց, որ իրենք ծանոթացել են փոփոխությանը:

Հայվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը հայտնեց, որ խնդիրը ոչ թե նյութկանն է, այլ բարոյական կողմը:

Լուսինե Բակումյանը դատարանին և կողմին տրամադրեց հայցադիմումի պատասխանը՝ հայցադիմումն ամբողջությամբ մերժելու խնդրանքով, սակայն Կ.Թումանյանը չցանկացավ, որ նիստը հետաձգվի պատասխանին ծանոթանալու պայմանով, քանի որ, ըստ փաստաբանի,  այն կարճ է ու պարզ, և հայցվոր կողմը տեղում ծանոթացավ պատասխանին:

Դատավորն ընթերցեց հայցի համար հիմք հանդիսացած 2012 թ. մայիսի 26-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ընթացքում Ռուբեն Հայրապետյանի արած հետևյալ արտահայտությունը. «Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ»: Այնուհետև Ռ. Ափինյանը հարց ուղղեց Կ.Թումանյանին, թե արդյոք հայցվորը համարո՞ւմ է, որ դա վիրավորանք է:

Կ.Թումանյանը պատասխանեց, որ նա «այժմ ցուցմունք չի տալու», այլ նախնական դատական նիստի կարգին համապատասխան պետք է ներկայացնի հայցի հիմքը և առարկան, և քանի որ հայցի հիմքը գործում առկա է, նա դատարանին խնդրեց՝պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին ներողություն խնդրել Արթուր Սաքունցից:

Դատավորը Ռ.Ափինյանը ընթերցեց պատասխանը, որում ասվում էր հետևյալը. «Պատասխանում որպես վիրավորական գնահատված արտահայտությունում ակնհայտ է, որ խոսքը ոչ միայն Ա.Սաքունցի մասին խոսք չի գնում, այլ նաև բացառվում է նրա դեմ ուղղված լինելը, քանզի Ռուբեն Հայրապետյանը արտահայտվել է մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով անձի մասին, որին անվանել է շան ծնունդ, մինչդեռ, Ա.Սաքունցը, մեր տեղեկություններով, երբևէ որևէ կարգի օղեր չի կրել»: Դատավորը հայտարարեց, որ հայցվորի վրա է դրվում ապացուցման այն բեռը, որ այդ վիրավորանքը հասցեագրված է եղել Ա.Սաքունցին:

Կարեն Թումանյան. «Այդ փուլը դեռ պետք է նախորդեր որոշակի այլ փուլերի, որոնց մենք դեռ չենք հասել»:

Դատավոր. «Դուք ուզում եք դատարանի հետ բանավեճի մտնե՞լ: Դատարանը պետք է բաշխի ապացուցման բեռը, և Ձեր վրա է դրվում այդ բեռը: Այդպես է գտնում դատարանը, քանի որ Դուք եկել եք ոչ թե դատարանի հետ բանավիճելու, այլ կողմի»: 

Կարեն Թումանյան. «Չեմ հասկանում, թե մենք քաղաքացիական դատավարության սկզբունքների շրջանակո՞ւմ ենք արդյոք գործը քննում, քանի որ առաջին հերթին կողմերի հետ պետք է քննարկվի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ կողմին փոխանակելու, թե՞ ոչ»:

Ներկայացուցիչն, այնուհետև, հարց ուղղեց պատասխանողին առ այն, թե քանի որ պատասխանում նշված է, որ արված արտահայտությունն Ա.Սաքունցին ուղղված չէ, ապա ու՞մ է ուղղված: Սակայն դատավորը հարցը հանեց՝ պատճառաբանելով, որ պատասխանողն ապացուցելու որևէ պարտականություն չունի:

Այնուամենայնիվ, Լ.Բակումյանը ցանկացավ պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ քանի որ գործը քննվում է կոնկրետ փաստի վերաբերյալ, ապա նա որևէ ենթադրություն կամ գուշակություն չի կարող անել:

Սակայն Կ.Թումանյանը հայտարարեց, որ, քաղաքացիական դատավարության սկզբունքներից ելնելով, ցանկանում է պատասխանողից ճշտել, թե ում է ուղղված եղել այդ արտահայտությունը, որպեսզի փոխի պատասխանողին , քանի որ վերջինս նշում է, որ այդ արտահայտությունն Ա.Սաքունցին ուղղված չի եղել:

Դատավորը պատասխանեց, որ, քանի որ դա հայցվորն ինքն է այն իրեն վերագրել, հետևաբար ինքն էլ պետք է ապացուցի, որ վիճահարույց արտահայտությունն իրեն է ուղղված:

Կ.Թումանյանը ժամանակ խնդրեց դատարանից ապացույցներ ներկայացնելու համար, որոնք կվերաբերեն այն մարզադաշտին, որը Վանաձորի քաղաքապետը նվիրաբերել է Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆուտբոլի ֆեդերացիային:

«Եթե Ռ.Հայրապետյանը հայտարարի, որ ինքը ուրիշին է ասել, այլ ոչ թե Սաքունցին, ապա նա պետք է ընդունի, որ նա այդքանը չէր էլ կարող ասել, քանի որ նրա հնարավորությունը այդքանը չէր ների՝ Ա.Սաքունցին նման արտահայտություն անելու համար»,- ասաց փաստաբան Կ.Թումանյանը:

Այսպիսով, նիստը հետաձգվեց հայցվորին ողջամիտ ժամանակ տրամադրելու համար և նշանակվեց օգոստոսի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter