
Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինայի կազմ. Էրդողան
Ղրիմի վերադարձն Ուկրաինայի կազմ միջազգային իրավունքի պահանջ է։ Նման հայտարարությամբ Anadolu գործակալության փոխանցմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Կիևում ընթացող Ղրիմի հարթակի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով և այդ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ պատերազմը կավարտվի արդար և տևական խաղաղությամբ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու անկախության հիման վրա»,- Էրդողանը հայտարարել է իր տեսաուղերձում։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է Անկարայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սատարելու անփոփոխության և Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Անկարայում նախկինում բազմիցս հայտարարել են, որ անօրինական են համարում 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։ Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է իր ժամանակավոր բռնազավթված տարածքը, իսկ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը աջակցում են Կիևին այդ հարցում:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել