HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Հանեմ, քաղաքապետի պես գցեմ դուրս իրանց դոմիկներից, դառնամ քաղաքապե՞տ». Ա. Սնեգիրյով

«Հետքի» հարցերին պատասխանում է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի  գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը

-«Վանաձոր-Քիմպրոմը» նոր աշխատատեղեր է բացում, հավանաբար դա կապված է նոր կազմակերպվող արտադրություն հետ. ավելի ստույգ`ի՞նչ ծրագիր է դա:

-Հայաստանը մեծ խնդիր ունի՝ պարարտանյութերի հետ կապված: 15-20 հազար տոննա ամեն տարի պարարտանյութ է ներկրվում երկրի համար միայն ամոնիակասելիտրայի տարբերակով, 20 տարի միայն  դա է, այդ պարարտանյութը: Բայց հողերը պահանջում են տարբեր պարարտանյութեր: Այդ հարցը մենք քննարկել ենք գյուղնախարարությունում իրենց մասնագետների, փորձագետների հետ, արդեն իրենք էլ են ասում, որ այսքան սելիտրա այս հողին շատ վնաս է, մի բան էլ բերքը վատացանում է: Դրա համար մենք ծրագիր ներկայացրեցինք կառավարություն: Էներգետիկայի նախարարությունը գյուղնախարարությունը աջակցություն են ցուցաբերում, որ իրար հետ աշխատենք: Երկու ձևի պարարտանյութ ենք ուզում թողարկել` կարբամիդ և ամոնիակի սուլֆատ:

-Այսինքն` սկսելու եք պետական պատվեր կատարել:

-Դե, պետական պատվերը, այսպես ասեմ, բարձր աստիճանի` կառավարության և նախագահի աչքի առաջ է այդ հարցը, իրենց շատ հուզում է: Մենք խոսակցություններ ենք ունեցել, քննարկումներ ենք արել, հավանությունն ենք ստացել այդ ամեն ինչի, որ այդ ճանապարհով գնանք, և գործարանն էլ սկսի աշխատել:

-«Համատեղ աշխատելու» ժամկետների, արտադրանքի ծավալների վերաբերյալ արդեն պայմանավորվածությո՞ւն եք ձեռք բերել պետության հետ:

-Մենք պայմանագիր չունենք: Պիտի տևի ամբողջ ժամանակ: Այս գործը պետք է մինչև վերջ տանենք: Մեր խնդիրն է, որ լինի պետպատվեր: Ինչպես կնայի պետությունը, արդեն ուրիշ հարց է, բայց մեր առաջարկն է, որ ինչ-որ մի մասով, որը այսօր գնվում է պետության կողմից, գնվի մեր գործարանից: Արդեն պետությունը իր ձևով թող բաժանի, ինչպես հարմար է գտնում, համայնքներին ու մարզերին: 20 հազար տոննա մոտավորապես կարբամիդի մեր ցուցանիշն է` տարեկան, 20-25 հազար էլ`ամոնիակի սուլֆատ: Հայաստանի պահանջը մոտ 120 հազար տոննա է տարեկան, բայց  գնողունակությունը 20-25 հազար տոննա է:

-Պարեբարաբար` ընտրություններից առաջ, «Քիմպրոմի» որոշ արտադրությունների վերագործարկման հարցը դառնում է շահարկման առարկա: Մտավախություն չունե՞ք, որ պարարտանյութի արտադրության վերաբերյալ համաձայնությունն էլ նախընտրական ենթատեքստ ունի, և հնարավոր է՝ հերթական անգամ հուսախաբ լինեք:

-Վերին ատյանները այս հարցին նայում են շատ լուրջ, շատ ավելի բարենպաստ պայմաններ են, կարող ենք մինչև սեպտեմբեր գործերը սկսել: Հույս ունեմ, որ ամեն ինչը նորմալ, լավ կլինի: Սա վերջին հնարավորությունն է այս գործարանի համար`մի անգամ էլ մեկնարկը տալ և մտնել աշխատանքային ռեժիմի մեջ: Եթե այսպես մնաց երկար տարիներ, էլի շարունակվեց, այս մետաղը ոչ մեկին պետք չի լինելու:

-Քանի՞ աշխատող ունի այս պահին «Քիմպրոմը»:

-520 հոգի աշխատում է «Քիմպրոմում», 200 հոգի էլ` ՏԷՑ-ում և մանրաթելերի արտադրամասում, մոտ 700 հոգի մարդ է աշխատում այսօր: Այս արտադրությունները եթե կարողանանք աշխատացնել, 350-400 մարդ կավելանա: Կողքից էլ երևի բանվորներ կլինեն:

-Որքա՞ն է միջին աշխատավարձը:

-100 հազարի կարգի է միջինը:

-Չնայած Ձեր նշած գումարը ցածր աշխատավարձ չէ Վանաձորի համար, բայց «Քիմպրոմի» աշխատակիցները, փաստորեն, ժամանակ առ ժամանակ գործադուլ են հայտարարում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Գործադուլ չեն անում, այստեղ գործադուլի  հարց չկա: Պետք է հասկանանք`ինչ է տեղի ունենում: Իմ ամեն ամսվա աշխատավարձի ֆոնդը, առանց հարկայինի, 50 միլիոն է: Ամսական  դա պետք է ճարվի, բերվի և բաժանվի չաշխատող մարդկանց: Որտեղի՞ց եք պատկերացնում: Իսկ դա անում եմ միայն նրա համար, որ այսօր կարողանամ ամոնիակը թողարկեմ: Այդ մարդկանց 5 տարի ես պահել եմ. արտադրամասի ղեկավար, գլխավոր ինժեներ, բոլոր գլխավոր մասնագետները, ով կարող է դեռ աշխատեցնել այս գործարանը: Իրենք չլինեն, վաղը ոսկուց էլ սարքես, սա չի աշխատելու, իրենցով պետք է աշխատեցնես գործարանը: Դրա համար 5 տարի ես ճկռելով, մեռնելով, այդ մարդկանց մի կերպ պահել եմ, աշխատավարձերը մի կերպ կարողացել եմ հասցնեմ:

-Այս պահին հարկային պարտավորություններ, չվճարված աշխատավարձերի պարտքեր ունի՞ գործարանը և քանի՞ ամսվա:

-Հարկային պարտավորություն էլ ունի, աշխատողների հանդեպ պարտավորություն էլ, 2-4 ամսվա: Բոլորն էլ գիտեն պարտքերի մասին, բայց աշխատանքի տեսչությունը գալիս, առաջին հերթին ինձ է հարվածում:

-Մեր տեղեկություններով` վերջերս ԱԱԾ-ում գործ էր քննվում «Քիմպրոմի» վերաբերյալ: Ինչի՞ մասին է խոսքը:

-Մի քիչ սխալ տվյալներ են. «Քիմպրոմի» հետ կապ չունի: Դա կապված է կարբիդի արտադրամասի հետ, որ վաճառեցինք «Կոմպոզիտ Մետալին»: Իրենք այդ ժողովրդին հանեցին դուրս, մնաց 4-5 հոգի: Հետո մի ընթացք կանչեցին, ասացին՝ գնացեք պարապուրդի, հետո էլի կգաք, և այլն և այլն: Բողոք առաջացավ, այդ մարդիկ բողոքում էին:

-Աշխատավարձերի ուշացման պատճառո՞վ:

-Չտալու պատճառով:

-Հետաքրքիր է նաև հանրակացարանի հարցը, ի վերջո, ո՞ւմ սեփականությունն է այն:

-«Վանաձոր-Քիմպրոմ» ֆիրմայինն է:

-Բնակիչներն ասում են` վաճառված է:

-Ասում եմ` «Վանաձոր-Քիմպրոմի» հանրակացարանն է: Ուրիշ հարց, եթե այդ շենքը վաճառեմ քաղաքին, քաղաքը իր հարցերը լուծի պետական մակարդակով. ես դրա իրավունքը չունեմ:

-Կառավարությունից հենց այդպես էլ պատասխանում են, որ հանրակացարանը Վանաձորի քաղաքապետարանին է պատկանում:

-«Քիմպրոմն» ունի ակտիվներ, որոնց մեջ հանրակացարանն ընդգրկված է որպես նրա սեփականություն: Այսօր ես եմ տիրություն անում այդ շենքին: Բնակիչներն իրենք են ուզում սեփականաշնորհեն: Չի կարող այդպես լինել, քանի որ «Վանաձոր-Քիմպրոմը» իրավական դեմք է, և շենքը նրան է պատկանում: Մի կողմից էլ բողոքում են, պիտի հասկանան՝ ինչի համար են բողոքում: Ջուրը ծախսում են, գազը ծախսում են, ո՞վ վճարի: Հո պետական հիմնարկ չի՞ սա: Տարվա մեջ հանրակացարանը մոտ 1 միլիոն դրամի ջրի պարտք է ունենում: Որպես իրավաբանական անձ ես եմ մուծում: Բայց կարող եմ ջուրը փակեմ, ասեմ՝ մի օգտագործեք, չէ՞:

-Իսկ հանրակացարանի բնակիչները բոլորը «Քիմպրոմի» աշխատակիցնե՞ր են:

-Շատ քիչ մարդ է աշխատում այսօր: Նախկին գործարանում աշխատել են, այո, բայց 30 տոկոսն էլ կողքից եկած մարդիկ են:

-Այդ դեպքում ի՞նչ հիմունքներով են ապրում հանրակացարանում:

-Ի՞նչ իմանամ` ի՞նչ հիմունենքերով: Ժամանակին եկել են, կարող է երկրաշարժից հետո են եկել: Այսօր այդ մարդիկ այնտեղ են, ընտանիքներով, մեծերով, երեխաներով այնտեղ նստած են: Հանեմ, քաղաքապետի պես գցեմ դուրս իրենց դոմիկներից, դառնամ քաղաքապե՞տ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter