HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2018թ․-ին Հանրապետության հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ  

2018թ.-ի հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանն աջակցելու համար Գևորգ Աղաբալյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքների ժամանակ անվճար բեմահարթակ է տրամադրել։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո պետական բյուջեից միջոցառումներ կազմակերպելու համար միլիոնավոր դրամներ են հատկացվել Գևորգ Աղաբալյանի և նրա կնոջ կազմակերպություններին։

Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 9-11-ը Երևանում կազմակերպել էր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը։ Միջոցառման կազմակերպման համար պետական գնման 2 պայմանագիր է կնքվել «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի և «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ։ Առաջին պայմանագրի արժեքը 73 մլն 678 հազար դրամ է, երկրորդինը՝  51 մլն 924 հազար դրամ։ Մարիամ Աբգարյանը և Գևորգ Աղաբալյանը ամուսիններ են։

Մարիամ Աբգարյանի հետ կնքված պայմանագրով 3 տարբեր կոնֆերանս սրահներում   նախատեսված էին հետևյալ աշխատանքները` սրահների 3D մոդելավորում, անիմացիոն հոլովակների պատրաստում (միջինը 30 վայրկյան տևողությամբ), 4 և 3 մետր բարձրությամբ պատերի պաստառների պատրաստում, սրահի դիմային հատվածի պաստառապատում, բեմահարթակի պատրաստում։ Պայմանագրով նախատեսվում էր նաև 2 օրվա ընթացքում թարգմանության, նկարահանման և մոնտաժի, բեռնափոխադրման, տեխնիկական տնօրենի և ինժեների ծառայությունների մատուցում։

Ֆորումի մյուս կազմակերպչի՝ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հիմնադիր Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով` պարզեցինք, որ Աղաբալյանը մի շարք լուսանկարներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կառավարության ներկայացուցիչների հետ։

«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պետական գրանցում է ստացել 2008-ին, իսկ «Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ն` 2019-ին։ Սակայն երկուսն էլ պետական գնումների համակարգում հայտնվել են 2019 թվականից հետո։

«Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ 2019-2024 թթ. պայմանագրեր են կնքել 7 տարբեր գերատեսչություններ՝ Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, Սյունիքի մարզպետի աշխատակազմը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (2019-ին առանձին նախարարություն էր) և վարչապետի աշխատակազմը։ «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ կնքվել է ընդհանուր 10 պայմանագիր։ Այս պայմանագրերից 3-ը կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով, 2-ը՝ հրատապ մեկ անձից։ Երեք դեպքում տեղի է ունեցել էլեկտրոնային աճուրդ, մեկում՝ գնանշման հարցում, իսկ ԿԳՄՍՆ-ն այս ԱՁ-ին տվել է դրամաշնորհ՝ ԱՊՀ պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջոցառումների եզրափակիչ փուլի կազմակերպման համար։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի կազմակերպման համար պայմանագիրը ԱԳՆ-ի հետ կնքվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Հրավերն ուղարկվել է օգոստոսի 7-ին։ Գնառաջարկ է ներկայացրել միայն «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն։ Նույն օրը նա ընտրվել է որպես հաղթած մասնակից, իսկ պայմանագիրը կնքվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին։

«Մարիամ Աբգարյան Հովսեփի» ԱՁ-ի հետ ավելի քիչ թվով պայմանագրեր են կնքվել. 2021-2024 թվականներին՝ 4 պայմանագիր, տարեկան՝ մեկը։ 3 պայմանագիր կնքել է ԱԳՆ-ն, մեկը՝ Երևանի քաղաքապետարանը։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 160 մլն 799 հազար դրամ է։

Այս ԱՁ-ները միջոցառումներ են կազմակերպել ոչ միայն պետական կառույցների համար։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց այս ԱՁ-ներն էին իրականացրել քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ բեմի տեղադրման աշխատանքները։ Նրանք նաև կազմակերպել են 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների չկայացած հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի որոշ աշխատանքներ։

Մենք կապ հաստատեցինք Գևորգ Աղաբալյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Աղաբալյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ կապ չունի։ «Մենք միջոցառման կազմակերպիչ ենք եւ բոլոր ժամանակներում, բոլորի հետ տարբեր լուսանկարներ ենք ունենում»,- ասաց Աղաբալյանը։ Նա համաձայն չէ, թե պետական գնումներում հաղթում է իր կապերի շնորհիվ։

Աղաբալյանի պնդմամբ, իր կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի հետ և շուկայի խոշորներից է։

Հարցին, թե որն է երկու տարբեր ԱՁ-ներով գնման գործընթացին մասնակցելու պատճառը, Աղաբալյանը պատասխանեց. «Ես կոնկրետ տեխնիկական մասով եմ զբաղվում, տասը եւ ավելի տարի։ Ես մասնակցում եմ տեխնիկական մասով մրցույթներին։ Մարիամ Աբգարյանի կազմակերպությունը կազմակերպչական մասով է զբաղվում։ Այսինքն՝ եթե միայն կազմակերպչական լիներ, ինքը կմասնակցեր, եթե միայն տեխնիկական լիներ, ես կմասնակցեի, բայց քանի որ պահանջների մեջ եղել է ինչպես կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական, ամեն մեկս մեր մասով առաջարկ ենք ներկայացրել»։

Գևորգ Աղաբալյանին նաև հարցրինք՝ արդյոք աջակցել է Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի իրադարձությունների ժամանակ, արդյոք Հանրապետության հրապարակի բեմի տեղադրմամբ զբաղվել է իր կազմակերպությունը, և արդյոք նա վճարվել է այդ ծառայության դիմաց։ Աղաբալյանը հաստատեց, որ իր կազմակերպությունն է տեղադրել բեմը և դրա դիմաց գումար չի ստացել։ 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter