HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վստահություն չունեցող դատական բարեփոխումներ

Դատական բարեփոխումների շրջանակում դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման կառուցակարգ է նախատեսվել: Այն «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրով» նախատեսված «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային արդարադատություն» դատական միասնական էլեկտրոնային համակարգի մաս է կազմելու։ Վիճակագրության արդիականացված բաժինն, ըստ պլանավորվածի, դատական իշխանության պաշտոնական կայքում կներկայացնեն 2024թ․–ի վերջին, իսկ վիճակագրական և մշտադիտարկման որոշ տվյալներ խոստանում են հրապարակել ռազմավարության ծրագրի ավարտին։

2025թ․–ի երկրորդ կիսամյակը, արդյոք, լավագո՞ւյն ժամանակահատվածն է, երբ պլանավորել են «30 տոկոսով ավելացնել» հանրությանը հասանելի դատական վիճակագրության ծավալը։ Այն էլ այն պայմանով, երբ ամբողջությամբ կգործարկվեն «Էլեկտրոնային դատարան» և «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգերը։

«Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրով» նախատեսված այս համակարգերի ներդրման ժամկետը Կառավարության 2023թ․ նոյեմբերի 17–ի N 1974-Լ որոշումով արդեն իսկ հետաձգվել է մեկ տարով։ Արդարադատության նախարարության արդեն նախկին գլխավոր քարտուղար (նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ) Սիրվարդ Գևորգյանի պատասխանից դատելով՝ չի բացառվում, որ ժամկետը կրկին երկարաձգվի։

Ծրագրով նախատեսված գործողությունները հետաձգելու պատճառների մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Ս․ Գևորգյանը հայտնել է, որ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) զուգահեռաբար իրականացնում է արդարադատության ոլորտի մի շարք, այդ թվում՝ տարբեր մասնագիտացման գործերով դատավարությունների թվայնացման աշխատանքներ։

ԱՆ-ի նախկին գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը տեղեկացրել է, որ թվայնացման ծրագրերը գործնականում բազմաթիվ փուլեր են անցնում՝ տեխնիկական առաջադրանքի համար ուսումնասիրություններից, դրա մշակումից և լրամշակումից մինչև մրցութային ընթացակարգեր, համակարգերի մշակում, փորձարկումներ և այլն: Հընթացս անհրաժեշտ է լինում փուլ առ փուլ, պարբերաբար քննարկումներ իրականացնել շահագրգիռ մարմինների հետ, հայեցակարգերը համաձայնեցնել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հետ, կատարել փորձարկումներ, դրանց հիման վրա, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ կատարել մշակված լուծումներում, նաև՝ այլ համակարգերի գործնական կիրառման ընթացքում արձանագրված խնդիրների հիման վրա և այլն:

«Այս գործընթացում երբեմն փոփոխվում է թվայնացման տրամաբանությունը, գործնականում համակարգի պատշաճ ներդրման և գործարկման համար պահանջվում է առավել երկար ժամանակ, քան նախապես սահմանված ժամկետն է: Այս համատեքստում են երկարաձգվել թվայնացման մի քանի ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետները»,- հայտնել է Սիրվարդ Գևորգյանը:

Դատաիրավական բարեփոխումների պատասխանատուները թաքցնում են «հաջողությանների» հասնելու ապացույցները

Դատաիրավական բարեփոխումների պատասխանատուները՝ Արդարադատության նախարարությունը և Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգը գործարկելուց բացի, ռազմավարության ծրագրով այլ հանձնառություններ էլ ունեն։ Այդ թվում՝ դատարանների բեռնաթափում, գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանություն և այլն, որոնք հնարավոր չէ իրականացնել առանց վիճակագրության, առանց համակարգում շարունակական մշտադիտարկմանում իրականացնելու։

ԲԴԽ-ն 2024թ․ մարտի 18-ի որոշմամբ սահմանել է «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը»։ Մշտադիտարկումն իրականացվելու էր 2024թ․ հունվարի 3-ից՝ մշտադիտարկման ենթակա գործերի քննության ողջամիտ ժամկետների նկատմամբ, որի արդյունքում կազմվում են կիսամյակային և տարեկան զեկույցներ։ Կիսամյակային զեկույցը ներկայացվում է մինչև օգոստոսի 30-ը, իսկ տարեկան զեկույցը՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 28-ը։   

ԲԴԽ-ի մեկ այլ որոշումով, որն ընդունվել է 2024թ․օգոստոսի 26-ին, Դատական դեպարտամենտի (ԴԴ) ղեկավարին հանձնարարվել է՝ սահմանել 2024թ․ դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը, իրականացման կարգը և ժամանակացույցը։ Ծրագրում ներառվելու են 2023թ․-ին ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա քրեական և քաղաքացիական դատական գործերը երկու ցուցիչով՝ գործի քննության միջին տևողության ուղենիշային, նաև՝ դատավարական ժամկետների պահպանման պրակտիկայի ամփոփում։

2022–26թթ․-ի ռազմավարության ծրագրում նշվում է, որ դատական համակարգի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից հիմնաքարային նշանակություն ունի հանրության համար հասանելի առցանց ռեժիմում գործող դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակումը։ Դրան հակառակ, ԲԴԽ-ի ընդունած մշտադիտարկման կարգով զեկույցների հրապարակումը պարտադիր չի համարվում։ Կիսամյակային զեկույցը, որը պետք է մինչև օգոստոսի 30-ը պատրաստ լիներ, դատական իշխանության պաշտոնական կայքում չի հրապարակվել։ 

Մշտադիտարկման արդյունքներն, ըստ էության, հասանելի են միայն արդարադատության նախարարին և ԲԴԽ նախագահին։ Սակայն նրանք ռազմավարության ծրագրի կատարման հաջողությունների մասին ոչ թե հաշվետվություններ են հրապարակում դատական իշխանության կայքում, այլ՝ երբեմն-երբեմն հայտարարություններ են անում Ֆեյսբուք սոցիալական ցանցի իրենց էջերում։

Կարո՞ղ ենք արժանահավատ համարել ԲԴԽ նախագահի և Արդարադատության նախարարի՝ ռազմավարության ծրագրի արդյունքների վերաբերյալ սոցիալական ցանցերում արվող հրապարակումները։ Սոցիալական ցանցերը պաշտոնական հարթակ կամ պաշտոնական փաստաթուղթ չեն, որտեղ բարեփոխումների թռիչքային ցուցանիշների մասին արված հրապարակումները կարողանաս քննարկել կամ վիճարկել։ Որպեսզի ՀԿ-ներն ու լրատվամիջոցները կարողանան  ԱՆ-ի և ԲԴԽ-ի հետ կիսել այդ կարևոր «ձեռքբերումների» բերկրանքը, պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու հիմնավորված վիճակագրական և վերլուծական նյութերին։

Սակայն, նրանք զրկված են տեղեկատվությունից և բարեփոխումների ընթացքը գնահատելու հնարավորությունից, որովհետև չափելի արդյունքներ չունեն, Ֆեյսբուք սոցիալական ցանցում այդպիսի ցուցանիշներ չեն հրապարակվում։ Եվ ոչ միայն սոցիալական ցանցում, չափելի ցուցանիշներ չեն ներառվել դատաիրավական բարեփոխումների 2022–26թթ․ ծրագրում։

Այդ բացը նկատել են 2023թ․-ին Համաշխարհային բանկի հրապարակած՝ «Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հայացք ապագային» զեկույցի հեղինակները։ «․․․ ռազմավարության իրականացման և անկախ ու արդյունավետ դատական համակարգի նպատակին հասնելու հիմնական ռիսկերից մեկը բարեփոխումների նախագծման հիմքում ընկած հիմնավոր ապացույցների և վերլուծությունների բացակայությունն է: Այդ ռիսկն այսօր էլ առկա է, որովհետև առաջարկվող երեք կարևորագույն գործողություններից մեկը՝ հզորացնել տվյալների հավաքումը և վիճակագրությունը քաղաքականության որոշումների և բարեփոխումների մասին տեղեկացնելու և դրանց հետևելու համար, չի արվել»,– ասվում է զեկույցում։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն վերջին տարիներին դատաիրավական ոլորտում, հիմնականում, մոնիտորինգային ծրագրեր է իրականացնում՝ այդ թվում դատարանների ծանրաբեռնվածության պատճառները և բեռնաթափելու նպատակով կիրառվող գործիքակազմերի արդյունավետությունը պարզելու, գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների պատճառները պարզելու նպատակով և այլն։ Նշված թեմաների շրջանակում տեղեկատվություն ստանալու պահանջով պարբերաբար գրություններով դիմում ենք Դատական դեպարտամենտի ղեկավարին: 2019թ․–ից մինչ օրս մեր բոլոր գրություններին նույն պատասխանն է տրվում՝ «Դեպարտամենտը նման վիճակագրություն չի վարում»:

ԲԴԽ-ն պարբերաբար որոշումներ է ընդունում դատավորների անունը գործերի բաշխման ցանկից որոշակի ժամանակահատվածով հանելու մասին՝ հիմք ընդունելով նրա ծանրաբեռնվածությունը։ Մեր հարցին՝ բավարարված դիմումների մասով ԲԴԽ–ն մշտադիտարկում իրականացրե՞լ է՝ պարզելու, թե այդ դատավորների մոտ ինչպես է առաջացել ծանրաբեռնվածությունը, պատասխանել են․ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի որոնման գործիքները հնարավորություն չեն տալիս քանակային տվյալներ ստանալ կոնկրետ օրվա դրությամբ առանձին դատավորների վարույթում առկա գործերի վերաբերյալ»։

Նույն հարցին մեկ ուրիշ անգամ պատասխանել են․ «ԲԴԽ-ն դատավորների անունները գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ որոշումները կայացնում է՝ հաշվի առնելով համապատասխան դատարանների և տվյալ դատավորի ծանրաբեռնվածությունը և վիճակագրական տվյալները։ Գրությամբ ներկայացված ժամանակահատվածում դատավորների ծանրաբեռնվածության նվազման կամ դատական գործերի ավարտման վերաբերյալ Դատական դեպարտամենտի կողմից դատական առանձին վիճակագրություն կամ այլ հաշվառում չի վարվում»։

Բարեփոխումների պատասխանատուները համոզիչ փաստարկներ պետք է ներկայացնեն, որ մշտադիտարկումը համակարգի գործունեությունը բարելավելու նպատակով  է իրականացվում

ԲԴԽ-ն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր «Դատական իշխանություն» էջում տեղեկացրեց, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին՝ սպառողների կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է «քաղաքացիական դատարանների 90 տոկոսով բեռնաթափում, գործերի քննության էական արագացում։ «Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործ: Հետևաբար, քաղաքացիական գործերն առաջին ատյանում 2024թ․-ի կեսերից կտևեն ոչ թե տարիներ, այլ մի քանի ամիս»,- գրեցին ՖԲ էջում։

Այս տարվա մարտ ամսին Դատական դեպարտամենտին խնդրեցինք հայտնել, թե 

ա/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում մեկ դատավորին օրական միջին հաշվով քանի՞ գործ է մակագրվել մինչև Քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2023թ․ հունիսի 26-ին կատարված փոփոխություններն ու լրացումները։

բ/ Օրենսգրքի փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո նույն դատարանի դատավորներին օրական միջին հաշվով քանի՞ գործ է մակագրվում։

Այսինքն, ցանկանում էինք պարզել, թե 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները քաղաքացիական դատարանում ինչ տոկոս են կազմել։ Այդ թիվը ԲԴԽ-ն պարտավոր էր հրապարակել օրենսդրական փոփոխությունը նախաձեռնելիս, սակայն Դատական դեպարտամենտը մեզ պատասխանեց, որ այդպիսի վիճակագրություն չի վարում։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը օգոստոսի 7-ին Ֆեյսբուքի իր էջում գրեց․  «Արդարադատության նախարարությունը 7 ամիս առաջ գործարկեց նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հարթակը: Ինստիտուտը նորամուծություն էր Հայաստանում և նպատակ ուներ բեռնաթափել դատական համակարգը՝ բռնագանձման փոքր գործերը հանձնելով նոտարների իրավասությանը: Հարթակի գործարկումից մինչ օրս ստացվել է ավելի քան 12 հազար դիմում, և նոտարներն արդեն արձակել են ավելի քան 6300 կարգադրություն»:

Նույն մեկնաբանության տակ Արդարադատության նախարարություն օգտատերը հետևյալ գրառումը կատարեց․ «Մինչև 2 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հնարավորությունը նոտարներին տրամադրելու արդյունքում շուրջ 80%-ով բեռնաթափվել է քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում քաղաքացիների այլ՝ ավելի բարդ գործերով հայցերի քննության ժամկետները էականորեն կրճատվել են»:

Դեպարտամենտը կիսամյակը մեկ սահմանափակ ծավալով վիճակագրական տեղեկություններ է հրապարակում դատարանում քննվող գործերի վերաբերյալ՝ ըստ հոդվածների և ըստ դատավորների վարույթում եղած գործերի քանակի։ Վիճակագրությունը, հիմնականում, վերաբերում է առաջին ատյանի դատարանների գործունեությանը։ Կիսամյակային վիճակագրական տվյալների հիման վրա մեր կատարած հաշվարկները նախարարի հրապարակած ցուցանիշը չեն  ապահովում։

Այսպես՝ 2024թ․ 1-ին կիսամյակի տվյալներով՝ քաղաքացիական դատարանին նախորդ տարիներից փոխանցվել է 60 263 գործ, ևս 12 683 հայցադիմում մուտք է եղել  առաջին կիսամյակում։ Ընդհանուր՝ 72 946 գործ, իսկ նախարարը հայտարարել է, թե 1-ին կիսամյակում գործերի քանակը նվազել է 12 000–ով։ Դատարանը 80%-ով բեռնաթափելու համար գործերի քանակը պետք է կրճատվեր  58 356-ով և ոչ թե 12 000-ով։ Սա՝ մեր հաշվարկով։ Հետաքրքիր կլինի նախարարության թվաբանությունը կամ հաշվարկելու մեթոդաբանությունը տեսնել, թե ինչպես են 80%–ով նվազեցրել դատարանի ծանրաբեռնվածությունը։ Ի՞նչ հիմնավոր ապացույցներ կան, որ ավելի բարդ գործերով հայցերի քննության ժամկետներն էականորեն կրճատվել են։

Դատական իշխանությունը հանրության վստահությունը բարձրացնելու խնդիր ունի, դա ևս ռազմավարության ծրագրով ստանձնած պարտավորություն է։ Հետևաբար, պարտավոր է թափանցիկ գործունեություն իրականացնել՝ ցույց տալու, որ արված հրապարակումների, ԲԴԽ-ի ընդունած որոշումների հիմքում հիմնավոր ապացույցներ և վերլուծություններ կան։ Հավաստիացնի, որ դատարանների վարույթում եղած գործերը մշտադիտարկվել են համակարգի գործունեության վերաբերյալ ճիշտ պատկեր ունենալու և ոչ թե առանձին դատավորների հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

ԲԴԽ-ն վերը հիշատակված որոշումով մշտադիտարկման ենթակա գործերի շրջանակը չի որոշակիացրել։ Դատավորների լիազորությունները դադարեցնելու որոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Դատական դեպարտամենտն առանձնացված վիճակագրություն է տրամադրում թիրախավորված դատավորների մասով։ Երբ գրեթե բոլոր գործերով են քննության ողջամիտ ժամկետները խախտվում, մեկ կամ երկու դատավորի պատմուճանից զրկելն այդ անձանց թերացումը չի կարող համարվել։ Սա համակարգային խնդիր է, որի համար են նաև առողջացման կամ բարեփոխումների ծրագրեր ընդունվել։

Նկատի ունենալով, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկները, հիմնականում, ներկայացնում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ցանկացանք պարզել, թե նախարարի կարծիքով՝

  • Դատական համակարգի գործունեության վերաբերյալ ճշգրիտ վերլուծությունների և վիճակագրության բացակայության պայմաններում, որքանո՞վ արդյունավետ և օբյեկտիվ կարող են լինել ԲԴԽ-ի որոշումները՝

ա/ դատարանների և առանձին դատավորների ծանրաբեռնվածությունը գնահատելու և համապատասխան որոշումներ կայացնելու դեպքերում (դատավորի անունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու դեպքում),

բ/ դատավորի(ների) գործունեությունը գնահատելու դեպքում,

գ/ դատավորներին կարգապահական տույժերի ենթարկելու դեպքերում,

դ/ դատավորների լիազորությունները դադարեցնելու և այլ դեպքերում։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը «Հետքին» հայտնել է․ «Մեկ այլ պետական մարմնի գործունեության արդյունավետության գնահատումը դուրս է նախարարության՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից»:

Լուսանկարում՝ (աջից առաջինը) Կարեն Անդրեասյան, Գրիգոր Մինասյան/Ֆոտոլուր

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում: www.juremonia.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter