
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կուրսկի մարզում 10 բնակավայրի նկատմամբ վերահսկողության վերականգնման մասին
Ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խոսքն Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր գյուղերի մասին է։
Բացի այդ, ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական զորքերը Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման երկու փորձ, ինչպես նաև՝ խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձը։
Վերջին օրերին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը և Պաշտպանության նախարարությունը չեն մեկնաբանում իրավիճակը Կուրսկի մարզում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 12-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ ռուսական զորքերը հակահարձակում են սկսել Կուրսկի մարզում և հավելել՝ «ամեն ինչ ընթանում է մեր՝ ուկրաինական պլանով»։
Լուսանկարը՝ riakursk.ru-ից
Մեկնաբանել