HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Քաղաքաշինական կազմակերպությունները դժգոհ են լիցենզավորման նոր կարգից

2024թ.-ի սեպտեմբերի 17-ից քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին նախկինում անժամկետ տրամադրված լիցենզիաները կդադարեն գործել։ Պատճառը 2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ մտած  լիցենզավորման գործընթացին և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխություններն են: Ըստ նոր կարգի` կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենան իրականացնելու տարբեր ռիսկայնության քաղաքաշինական գործունեություն։ Նոր ընթացակարգով կազմակերպություններին տրամադրվող լիցենզիայի ներդիրում պարտադիր պետք է ընդգրկվի քաղաքաշինության բնագավառի հավաստագրված պատասխանատու մասնագետ։

Լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին Քաղաքաշինության կոմիտեն օրենքի ընդունումից հետո 9 ամիս ժամանակ է տվել՝ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը, լիցենզիաների դասակարգման համար։ Եթե կազմակերպությունները կամ մասնագետները չդիմեն, նրանց լիցենզիաները կդադարեն գործել։ 

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ դասակարգումը հնարավորություն կտա սահմանել կազմակերպությունների գործունեության շրջանակը, օրինակ՝ փորձառու կազմակերպությունները կկառուցեն բարձր ռիսկայնության օբյեկտներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բազմաբնակարան շենքեր, իսկ նորաստեղծ կազմակերպությունները կզբաղվեն ցածր ռիսկայնության օբյեկտների կառուցմամբ և վերակառուցմամբ։ 

Ոլորտի մասնագետները դեմ չեն դասակարգմանը, բայց համարում են, որ օրենսդրական պահանջները լիցենզավորման և հավաստագրման համար խնդիրներ են ստեղծում, հատկապես՝ փոքր կազմակերպությունների համար։ Կառավարության 2106-Ն «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» որոշման 13-րդ կետի համաձայն՝ ամենացածր՝ 3-րդ դասի լիցենզիա ստանալու համար (օրինակ՝ 04 ծածկագրի համար) կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը 2 ինժեներատեխնիկական (ԻՏԱ) աշխատակից և 3 բանվոր, իսկ 1-ին դասի լիցենզիայի համար՝ 5 ԻՏԱ և 15 բանվոր: Կազմակերպությունը պետք է անձնակազմին գրանցի որպես մշտական աշխատակից, ինչը խնդիր է հատկապես փոքր կազմակերպությունների համար, որոնք աշխատում են քաղիրավական՝ ծառայությունների մատուցման պայմանագրերով և տարվա ընթացքում չունեն մշտական զբաղվածություն։ 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Դավիթ Գրիգորյանն այս կազմակերպություններին առաջարկում է ստանալ լիցենզիա և աշխատանք չունենալու դեպքում կասեցնել կազմակերպության գործունեությունը և լիցենզիան։ 

«Մեր կազմակերպությունները, երբ ունենում են ինչ-որ աշխատանք, վերցնում են մի 5 հոգի, աշխատում են, հետո ասում են՝ ցտեսություն։ Երկու ամիս հետո այլևս այդ մարդիկ իրենց աշխատողները չեն։ Այս պարագայում մենք փորձել ենք որոշակիորեն հարաբերությունները ավելի կարգավորել, միգուցե կարող է դժվարություններ ստեղծվեն մեր ընկերությունների համար, բայց մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և ասենք՝ էն պարագայում, եթե դուք, օրինակ, ուզենաք ձեր էդ անձնակազմին ընդունեք՝ աշխատանք չունեք, պայմանագիր չունեք առնվազն 6 ամիս, էդ դեպքում ուղղակի կարող եք դիմել, կասեցնել ձեր լիցենզիան, կասեցումը շատ արագ պրոցես է. կասեցում և նորից կասեցումից հանում շատ արագ պրոցես է՝ 1-2 օր է տևում և հնարավորություն է տալիս չպահել էդքան անձնակազմ»,-նշում է Դավիթ Գրիգորյանը։

Քաղաքաշինության ոլորտի մասնագետներն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ օրենսդրական փոփոխությունների։ 

Ակցիայի մասնակիցներին հնարավորություն էին տվել իրենց բողոքը գրավոր ներկայացնել կառավարությանը։ 

Գագիկ Բաղդասարյանը  քաղաքաշինության ոլորտի ընկերության տնօրեն է, նշում է, որ ինքն էլ է դիմել լիցենզիա ստանալու համար, բայց դա արել է միայն ընթացիկ աշխատանքները չվտանգելու համար, քանի որ բազմաթիվ անհամաձայնություններ ունի օրենսդրական պահանջների վերաբերյալ։ 

«Մեր բարձրացրած խնդիրներից մեկն այն է, որ քաղիրավական պայմանագրերը ներկայումս չեն ընդունվում որպես մասնագիտական ստաժ։ Այսինքն՝ եթե գործատուն աշխատել է մասնագետի հետ նախկին քաղիրավական պայմանագրերով, դրանք չեն ընդունվում, և նույնիսկ ծրագրի մեջ, որով հայտը պետք է ներկայացնես, էդ մասով չեն դիտարկում։ Մենք առաջարկում էինք, որ քաղիրավական պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային իրավական ձև է, և դա մնա ուժի մեջ, այսինքն՝ քաղիրավական պայմանագրով աշխատող մասնագետը ևս հնարավորություն ունենա դիմելու և հավաստագրվելու և ներգրավվելու լիցենզիայի մեջ»,-ասում է Գագիկ Բաղդասարյանը։ 

Գագիկը և ակցիայի մյուս մասնակիցները մտահոգություն ունեն նաև կնքված պայմանագրերի առնչությամբ, որոնց շրջանակում այս պահին աշխատանքներ են իրականացվում։ Եթե սեպտեմբերի 17-ին կազմակերպությունները լիցենզիա չստանան, չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքները, քանի որ նախկինում տրված անժամկետ լիցենզիաները դադարում են գործել։ Նոր օրենքով էլ լիցենզիաները և հավաստագրերը տրամադրվում են 5 տարի ժամկետով։

Մասնագետները դեմ չեն, որ կախված կատարվող աշխատանքի տեսակից՝ կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան քանակի ինժեներատեխնիկական, բանվորական անձնակազմ և մեքենա-մեխանիզմներ, բայց առաջարկում են այդ թվերը սահմանել ոչ թե լիցենզիա տրամադրելիս, այլ «Գնումների մասին» օրենքով։ 

«Լիցենզավորման նոր կարգավորումներով սահմանվել են որոշակի պահանջներ, այսինքն՝ աշխատակազմի, տեխնիկայի, որոնք նույնպես քննարկման առարկա են, մանավանդ ինժեներատեխնիկական անձնակազմ՝ նախագծողների համար, կամ շինարարների համար բանվորական անձնակազմ։ Մենք առաջարկում ենք, որ այս կետը նույնպես հանվի լիցենզավորման կարգավորումներից, քանի որ դրանք կարող են արվել, օրինակ, «Գնումների մասին» օրենքով և գնումների հայտարարություններով։ Այսինքն՝ որոշակի շինարարական աշխատանքի համար սահմանվում է անձնակազմ, դա արվում է նախագծով, նախահաշվային փաստաթղթերով։ Գոյություն ունի շինարարության կազմակերպման նախագիծ, որը հաշվում է, թե տվյալ շինարարական օբյեկտի համար ինչ քանակի տեխնիկա է պետք, ինչ քանակի անձնակազմ է պետք, և դա, կարծում ենք, սխալ է, որ դրվում է լիցենզիա ստանալու համար նախապայման»,- ասաց բողոքի ակցիայի նախաձեռնող Գագիկ Բաղդասարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նախորդ օրը տված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնել էր օրենքի պահանջը կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ։

«Ինժեներատեխնիկական անձնակազմին վերաբերող ընդամենը մի պահանջ կա՝ բարձրագույն կրթությունը, նույնիսկ պահանջ չկա, որ պիտի լինի շինարարական կամ ինժեներական կրթություն, ընդամենը պիտի լինի բարձրագույն կրթության դիպլոմ։ Ինժեներատեխնիկական անձնակազմին այլ պահանջ չունենք։ Թվերն այսպիսին են՝ 1-5։ Այսինքն՝ մաքսիմալ թիվը, որ պահանջվում է մեր կարգերով, շինարարություն իրականացնող բնակելի, հասարակական, արտադրական տիպի համար պահանջում է ինժեներատեխնիկական անձնակազմում 5 անդամ ունենալ։ Իրականում, հավատացեք, դա մեծ թիվ չէ, էդ թվերը որտեղի՞ց են առաջացել՝ եթե ընկերությունը, օրինակ, իրականացնում է 4-րդ ռիսկայնության աստիճանի շինարարություն, էդ ընկերությունը չի կարող չունենալ 5 ինժեներատեխնիկական անձնակազմ, որովհետև և մեր նորմերով, և մեր բոլոր պահանջներով, նախագծով, ժամանակացույցերով կան որոշակի պահանջներ կազմակերպությունների մարդկային ռեսուրսի վերաբերյալ»,-նշել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են առաջիկա օրերին իրենց բոլոր պահանջները գրավոր ներկայացնել կառավարությանը և ակնկալում են առնվազն վերջնաժամկետների փոփոխություն իրենց առաջարկությունները մանրամասն ուսումնասիրելու և օրենքը վերանայելու համար։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են նաև, որ բնագավառի ներկայացուցիչների հավաստագրման և լիցենզավորման նոր ընթացակարգով, սեպտեմբերի 9-ի դրությամբ, տրամադրվել է 718 լիցենզիա, 1066 ներդիր և 2004 հավաստագիր: Ավելի քան 500 հայտ էլ ուսումնասիրման փուլում է։ Քաղաքաշինության կոմիտեն օրական ստանում է ավելի քան 250 հայտ։ 

Լուսանկարները՝ Միլենա Գևորգյանի/©Hetq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter