
Վկաները հաստատում են. ընկերությունում մանրածախ առեւտուր եղել է
2012 թ. հուլիսի 23-ի առավոտյան «Ջի էյջ Ստորիջ էնթերփրայզս» ընկերությանը պատկանող Արարատյան 90/8 տարածքի տեղազննումից անմիջապես հետո Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստը:
Ինչպես եւ նախորդ դատական նիստին, այս անգամ եւս, ոստիկանության անհետևողականությամբ պայմանավորված, վկաներից ոչ բոլորն էին ներկա, թեեւ նախորդ դատական նիստին դատավորը վկաներին բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Դատական նիստին ներկայացած, ընկերության անվտանգությունն ապահովվող նախկին աշխատակից Արմեն Թեջոյանը ցուցմունք տալիս ասաց, որ Գյումրիից կամ Վանաձորից մեքենաներ են ժամանել և ընկերության պահեստից ապրանքներ են տարել: Դատախազի հարցին, թե արդյոք խանութում մանրածախ առեւտրի կենտրոն եղել է, թե ոչ, վկան ասաց՝ այո, ինքը գնել է ապրանք, ստացել ՀԴՄ կտրոն: Սրան ի պատասխան՝ դատախազ Բագրատ Պետրոսյանն ընթերցեց վկայի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ ասում է, թե ընկերության տարածքում մանրածախ առեւտրի կետ չի եղել:
Նարեկ Հարթունյանի պաշտպան Հայկ Ալումյանը վկային հիշեցրեց, որ եթե անգամ իր նախնական ցուցմունքը լավ չի հիշում, նա կարող է դատարանում կաշկանդված չլինել ու ասել ճշմարտությունը.
-Նրա համար, ինչ Դուք ասել եք քննիչին, Ձեզ քրեական պատասխանատվության չեն ենթարկի, սակայն եթե հիմա չասեք ճշմարտությունը, դա կարող է հիմք հանդիսանալ, որ Ձեզ ենթարկեն քրեական պատասխանատվության:
Վկան քիչ մտածելուց հետո ասաց, որ այո, ընկերությունից ապրանք է գնել` «մակարոն» և «կիսել», որի դիմաց ՀԴՄ է ստացել:
Հաջորդը ցուցմունք տվեց ընկերության անվտանգության նախկին աշխատակից Էդուարդ Գեւորգյանը:
«Առեւտուր ընկերությունում եղել է: Ես անձամբ չեմ արել, բայց ընկերությունում մարդիկ առեւտուր անում էին, աշխատողներն էլ էին անում»: Դատախազը կրկին հակասություններ գտավ նախաքննական մարմնին տված ցուցմունքի հետ:
«Ակնհայտ է, որ քննիչին տված ցուցմունքում վկաները կաշկանդված են եղել»,- նշեց Հ. Ալումյանը:
Հատկանշական է, որ դատարանում վկաները չէին հրաժարվում իրենց ցուցմունքներից, պարզապես ստեղծվում էր տպավորություն, որ քննիչն ուղղորդված հարց է տվել վկաներին, որոնց հաշվին էլ հենց «կորզել» է իրեն հարկ եղած պատասխանները:
Ցուցմունք տվեց նաեւ ընկերության միակ սեփականատեր Գարաբեդ Հարությունյանի /Նարեկի հոր/ նախկին վարորդ Էդվարդ Ծատուրյանը:
Նա Գ. Հարությունյանի մոտ աշխատել է 2006-ից մինչեւ 2011 թ դեկտեմբերի 27-ը: Նարեկ Հարթունյանի հետ եւս շփվել է, երբ որ Նարեկը եղել է Հայաստանում:
Նա եւս նշեց, որ ընկերությունից առեւտուր անելու հնարավորություն եղել է, ինքն էլ որոշ գնումներ է կատարել:
Ցուցմունք տվեց նաեւ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Վարուժան Մարտիրոսյանը:
Վերջինս ասաց, որ աշխատել է 2011 թ. կես ամիս, որպես անվտանգության աշխատակից: Հ. Ալումյանը նշեց, որ վկան աշխատել է քննվող գործի հետ առնչություն չունեցող ժամանակահատվածում, հետեւաբար նրա ցուցմունքը կարեւոր նշանակություն չէր կարող ունենալ:
Դատավորը սրա կապացությամբ հայտնեց, որ հարցի շուրջ իր դիրքորոշումն ինքը հետագայում դատական ակտով կհայտնի:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 30-ին՝ ժամը 10.00:
Մարիամ Մուղդուսյան
Մեկնաբանել