
Ռուսական անօդաչուն դարձյալ հայտնվել է Բելառուսի օդային տարածքում
Անօդաչու թռչող սարքերից մեկը, որը ՌԴ զորքերը սեպտեմբերի 14-ի գիշերն արձակել էին Ուկրաինայի տարածքի ողղությամբ, հայտնվել է Բելառուսի օդային տարածքում:
Беларускі Гаюн մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ գիշերը ժամը մոտ 04:10-ի սահմաններում Shahed տեսակի անօդաչուն Լոևի շրջանում հատել է բելառուսական սահմանը ու մոտ կես ժամ անցկացրել այդ երկրի օդային տարածքում։
«Անօդաչուն շարժվել է արևմտյան ուղղությամբ, այնուհետև շրջվել դեպի հարավ-արևելք և վերադարձել Ուկրաինայի տարածք։ Նա թռել է Սլավուտիչի շրջան, որտեղ նկատվել է արդեն 05:05-ին»,- գրել է Беларускі Гаюн-ը։
Բելառուսի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի գտնվելու ժամանակ Գոմելի մարզի երկնքում հերթապահել է այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչներից մեկը: Մոնիթորինգային նախագծի տվյալներով՝ կործանիչը բարձրացվել է Բարանովիչի օդակայանից՝ ժամը մոտ 03:40-ի սահմաններում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ սեպտեմբերի 14-ի գիշերը ՌԴ զորքերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի ավելի քան 70 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է:
Ավելի վաղ մի քանի անգամ հաղորդվել էր անօդաչու թռչող սարքերի մասին, որոնք հայտնվել էին Բելառուսի օդային տարածքում: Մասնավորապես, Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 5-ի գիշերը երկրի օդային տարածքում գրանցվել է պետական սահմանի խախտման դեպք՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքերի կողմից:
Բելառուսի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել էին, որ բոլոր թիրախները ոչնչացվել են։ Ավելի ուշ, Беларускі Гаюн-ը հայտնել էր, որ անօդաչուները ռուսական են եղել։ Օգոստոսին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր Բելառուսի տարածքում խոցված անօդաչուների մասին՝ պնդելով, թե դրանք արձակվել են Ուկրաինայի տարածքից։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել