
«Յուկոս»-ի վերաքննիչ բողոքը մերժվել է
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ Լևոն Գրիգորյանի, մերժել է «Յուկոս Կապիտալ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը։ Հիշեցնենք՝ «Յուկոս Օյլ» ընկերությունը, որը նախկինում նավթ էր արդյունահանում Ռուսաստանում, Հայաստանում փորձում է վերադարձնել իր փոխառությունները և դատական գործընթաց է նախաձեռնել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։
«Յուկոս Կապիտալ» ՍՊԸ-ի անունից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի արբիտրաժային կանոնների համաձայն ձևավորված արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմում է ներկայացվել:
2021թ. հուլիսի 23-ի ակտով արբիտրաժային դատարանը սահմանել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բռնագրավել է «Յուկոս Կապիտալի»-ի փոխառությունները, հետևաբար, պետք է փոխհատուցի 2003 թվականի դեկտեմբերի փոխառության համաձայնագրի շրջանակներում վճարման ենթակա գումարների կորստի համար: Այդ կորուստը արբիտրաժային դատարանը գնահատել է 77 մլրդ ռուբլի, որը 2008թ. դեկտեմբեր 31-ի գործող փոխարժեքով կազմել է 2.6 մլրդ դոլար: Դրան գումարվել է նաև չվճարված պայմանագրային տոկոսագումարը` տարեկան 9% տոկոսադրույքով, այդպիսով` փոխհատուցման գումարը դարձել է շուրջ 5 մլրդ դոլար:
Արաբկիրի նստավայրի դատավոր Արտուշ Ավագյանը «Յուկոս Կապիտալ»-ի դիմումը վերադարձնելու որոշում էր կայացրել: Դատարանն արձանագրել էր, որ դիմումը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության, այսինքն` օտարերկրյա պետության դեմ, որի բավարարումը, բնականաբար, կհանգեցնի օտարերկրյա պետությանը պատկանող` ՀՀ տարածքում գտնվող գույքի վրա հարկադիր կատարման կարգով բռնագանձում տարածելուն: Դատարանը համարել է, որ առկա է դատական իմունիտետ (անձեռնմխելիություն), և ներկայացված չէ իրավասու մարմինների համաձայնությունը։
«Յուկոս Կապիտալ»-ի ներկայացուցիչները բողոքարկել էին այս որոշումը։ Նրանք պնդել են, որ այս գործով դատական իմունիտետ առկա չէ, և Հայաստանի Հանրապետության դատարանները իրավասու են քննել դիմումը և կայացնել դրա վերաբերյալ վերջնական որոշում:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել էր վարույթ և որոշել դրա քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:
Դատարանը նշել է, որ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» 10.06.1958 թվականի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն արբիտրաժային որոշումները ճանաչում է որպես պարտադիր և դրանք կատարում է այն տարածքի դատավարական նորմերին համապատասխան, որում հայցվում է ճանաչումը և կատարումը` ներքոշարադրյալ հոդվածներով նախատեսված պայմաններով:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից: Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
Նույն օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայցադիմում ներկայացնելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում են միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ»,- նշել է Վերաքննիչ դատարանը:
«Յուկոսի» հայաստանյան ընկերության` «Յուկոս ՍՆԳ ինվեթմենթ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Արմեն Միքայելյանը վստահեցրեց, որ Վերաքննիչի այս որոշումը ևս բողոքարկելու են։
Մեկնաբանել