HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղակալած հողերի հարցը դուրս է պետական մարմինների տեսադաշտից․ հողերի վերականգնման ծրագրեր չկան

Մարիա Խաչատրյան

Հայաստանում չկա որևէ գերատեսչություն, որ Հայաստանի աղակալած հողատարածքների ընդհանուր մակերեսի և դրանց տեղաբաշխվածության վերաբերյալ ամբողջական տվյալներ ունենա։

Շրջակա միջավայրի նախարարությունն ուղղորդեց Էկոնոմիկայի նախարարություն՝ ասելով, որ գյուղատնտեսական հողերի կառավարման հարցով այդ մարմինն է զբաղվում։ Էկոնոմիկայի նախարարությունն ուղղորդեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ։ Վերջինս էլ տեղեկություն տալու համար մեկ ամիս ժամանակ խնդրեց, ապա հայտնեց, որ չունեն տեղեկատվություն աղակալած հողերի վերաբերյալ։ Պետական մակարդակով աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ ծրագրեր չեն իրականացվում։

Աղակալումը հողում հանքային աղերի կուտակումն է, որը հիմնականում բնորոշ է անապատային կամ կիսաանապատային ցածրավայրերի հողերին։

Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը ներկայացրեց բնական (առաջնային աղակալում) կամ մարդածին (երկրորդային աղակալում) գործոններով պայմանավորված աղակալման գործընթացները։ «Առաջնային աղակալած հողերը հիմնականում ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ։ Հողերը վերականգնելու համար պետք է քիմիական մելիորանտ և լվացում իրականացնել, որոնք թանկարժեք պրոցեսներ են։ Երկրորդային աղակալումն առաջանում է մարդու սխալ գործունեության հետևանքով։ Առանց ջրի քիմիական կազմը իմանալու՝ աղ պարունակող ջրով ոռոգում իրականացնելու արդյունքում»,- ասաց գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Նա նշեց, որ աղակալած հողերը հիմնականում Արարատի և Արմավիրի մարզերում են, իսկ մյուս մարզերում քիչ քանակությամբ են։

Արարատի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Արարատի մարզում 341,2 հա աղակալած համայնքային հող կա, այդ թվում՝ Շահումյան բնակավայրում՝ 152 հա, Փոքր Վեդիում՝ 110 հա, Արարատ գյուղում՝ 24.2 հա և Նոյակերտում՝ 55 հա։ 

Արմավիրի մարզպետարանի տվյալներով՝ մարզում կա ընդhանուր 1285,22 հա աղակալած հող, որից 883,62 հեկտարը մասնավոր է։ Արմավիրի մարզի աղակալած հողերը հիմնականում Մեծամոր և Արաքս համայնքներում են։

Մարզպետարաններից նաև հայտնեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերում 2022 թվականից մինչ օրս աղակալած հողերի վերականգնողական ծրագրեր չեն արվել։ 

Աղակալած հողերի մասին տվյալները հակասում են իրար

2022թ.-ին աղակալած հողերի վերաբերյալ նույն Արմավիրի և Արարատի մարզպետարանները այլ տվյալներ էին փոխանցել «Հետք»-ին։ Ըստ այդմ՝ Արմավիրի մարզում առկա էր 2626 հա աղակալած հող, իսկ Արարատի մարզում՝ 1500 հա։

Արմավիրի մարզպետարանի Գյուղվարչության բաժնի պետ Արթուր Այվազյանն ասաց, որ չեն տիրապետում այդ տվյալներին և ուղղորդեց Հողաշինության բաժին։ Հողաշինության բաժնի մասնագետ Սեդա Չալյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղվարչությունն է տրամադրել առկա տվյալները, և չի կարող ասել՝ երկու տարվա ընթացում 1340,78 հա աղակալած հողերի տարբերության պատճառը։ 

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի մասնագետ Շողիկ Առուստամյանը նշեց, որ մեզ տրամադրել են խիստ աղակալած հողերի քանակը, և 2022թ․ տրամադրած աղակալած հողերի քանակը հիմա էլ առկա է, դրանք միջին կամ քիչ աղակալած հողերն են, որոնք օգտագործվում են։ Արարատի մարզպետարանի Հողաշինության վարչության պետ Ոսկան Միսակյանն էլ ասաց, որ մարզում աղակալած հողերի մակերեսը 341,2 հեկտար է, աղակալած այլ հողեր չկան։

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում աղակալած հողերը չեն ոռոգվում

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Զաքար Զաքարյանի 5500 քմ աղակալած հողատարածքը երկար ժամանակ է` չի մշակվում։ 

«Գյուղի ներքևի հատվածում ոռոգում չկա, իսկ աղակալած հողերը պետք է նորմալ ջրել, լվանալ։ Եթե գոնե ոռոգում լինի, մնացած վերականգնողական աշխատանքները կանեմ»,- ասում է Զաքարյանը։

Տնամերձ 500 քմ հողատարածքում ջերմոց է հիմնել, մինչ այդ հողը տարել է Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն, որտեղ տեղեկացրել են, որ հողում աղի տոկոսն այնքան բարձր է, որ բերք չի ստանա։ 

«Ցածր, անորակ բերքատվություն, պտուղը վրան չորանում է, ուրիշները մի քանի անգամ հավաքել են, անիմաստ է ինչ-որ բան ակնկալելը, 600 հազարից ավելի գումար եմ ծախսել։ Մի քանի օր առաջ քամին քշել է վրայի ծածկը, էլ ոչ մշակում եմ, ոչ էլ կաթիլային տարբերակով ջրում»,- հավելում է նա։

Տարոնիկ գյուղի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշում է, որ տնամերձ աղակալած հողատարածքները ներառված չեն գյուղի ընդհանուր աղակալած հողերի մեջ։ Հավելեց, որ գյուղում աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ պետական ծրագրեր չեն կատարվել։

Տարոնիկ գյուղի բնակիչ Մխիթար Ավագյանը պատմում է, որ Խորհրդային միության տարիներին աղակալած հողերը մելիորացնում էին և տրամադրում գյուղացիներին։

«ԽՍՀՄ-ի ժամանակ հողերը մելիորացնում էին, տալիս համայնքներին։ Առաջ ներկայիս աղակալած հողերի տարածքներում բամբակ, բրինձ են մշակել, հողը դարձրել են բերրի։ Մեծամոր հնագիտական տարածքի հողերը լրիվ մշակովի են եղել, իսկ հիմա անապատների են վերածվել»,- ասում է Մխիթար Ավագյանը։

Աղակալած հողերի վերականգնման մեթոդներ կան, իրականացնողներ՝ ոչ

Աղակալած հողերը բերրիացնելու համար վերականգնողական աշխատանքներ պետք է իրականացնել, սակայն գործընթացը ծախսատար է։ Գիտական կենտրոնների մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները՝ գտնելու հողերը վերականգնելու արդյունավետ և պակաս ծախսատար տարբերակներ։

Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի հողային կադաստրի առաջատար գիտաշխատող Արևիկ Էլոյանը նշում է, որ աղի բարձր պարունակության դեպքում առանց քիմիական մելիորանտների հողը հնարավոր չէ վերականգնել։ «Աղակալած հողերը հիմնականում տարածված են Արարատի և Արմավիրի մարզերում։ Արարատյան դաշտում աղակալած հողերը խիստ աղային խայտաբղետ կազմ ունեն։ Այս հողերը ունեն անբարելավ ջրաֆիզիկական և ֆիզիկոքիմիական հատկություններ, ինչի հետևանքով չենք կարող առանց քիմիական մելիորանտների մելորացնել»,- ասում է գիտաշխատող Արևիկ Էլոյանը։

Վերջին տարիներին կենտրոնն ուսումնասիրում է թափոններից և հանքանյութերից մելիորանտներ ստանալու գործընթացը, դրական արդյունքներ կան։

Գիտական կենտրոնում հետազոտում են հողի բաղադրությունը, նաև խորհրդակցություններ անցկացնում տնտեսվարողների հետ։ «Կենտրոնը պայմանագրային աշխատանքներ է իրականացնում ֆերմերների տնտեսությունների հետ։ Տնտեսվարողները դիմում են մեզ, որ այգին չորացման եզրին է, և հետազոտությունների արդյունքում պարզում ենք, որ հողը աղակալած է, իրենց առաջարկում ենք հետագա քայլերը»,-  պատմում է Արևիկ Էլոյանը։

Ագրարային համալսարանի ջրային համակարգերի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սահակյանը մի քանի տարբերակ է առաջարկում առաջնային աղակալած հողերի վերականգնման համար։ Նա և այլ գիտաշխատողներ ապացուցել են, որ կոնյակի թափոն բարդայի միջոցով հնարավոր է վերականգնել աղակալած հողերը։

«Երկու տարի փորձերի միջոցով ապացուցել ենք և ծրագիր մշակել, որ քիմիական մելիորանտ կարող է ծառայել կոնյակի թափոն բարդան, որն ամեն տարի արտադրվում է 100 հազար տոննա։ Լոկալ եղանակով մելիորացնելու դեպքում մոտ 20 հա ամեն տարի կմաքրենք։ Փոխադրումը ևս առաջարկել ենք։ Գործարանային պայմաններում հետադարձ գոլորշիների միջոցով կարող ենք ստանալ հինգ անգամ խտացված բարդայի խտանյութ, որը թույլ կտա հեշտ տեղափոխել»,- ասում է Սամվել Սահակյանը։

Երկրորդը էլեկտրոմելիորացիայի տարբերակն է։ «Լոկալ տարածքների մելիորացիայի դեպքում էլեկտրաէներգիայի մեծ ծախս չի պահանջվում։ Արեգակնային շարժական կայաններ կարող են օգտագործել։ Այս մելիորանտը համարվում է էկոլոգիապես մաքուր և կարող է այդ տարածքները մելիորացնել»,- ասում է նա։

Երրորդ տարբերակը ծծմբական թթու ստանալն ու որպես մելիորանտ օգտագործելն է։

«Ունենք պղնձամոլիբդենային գործարաններ, որտեղ մեծ քանակությամբ ծծումբ են արտանետում։ Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ստանալ ծծմբական թթու և օգտագործել այդ հողերի մելիորացման համար»,- հավելում է Սամվել Սահակյանը։

Բոլոր տարբերակների դեպքում էլ, նրա կարծիքով, խնդրի արդյունավետ լուծումը լոկալ տարածքների մելիորացումն է, այգիներ հիմնելը՝ կիրառելով կաթիլային ոռոգման համակարգ։

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Սուսաննա Քելեշյանը և այլ գիտաշխատողներ հայ-բելառուսական դրամաշնորհի օգնությամբ կարողացել են ստանալ ազոտ ֆիքսող աղակայուն մանրէներ։

«Մեր նպատակն էր ստանալ մանրէներ, որոնք աղերի բարձր քանակի դեպքում էլ կօգնեն մշակաբույսերին աճել և բերք տալ»,- ներկայացնում է Սուսաննա Քելեշյանը։

Բույսերի աճին խանգարում են նաև բորբոսասնկերը, որոնց մասին Սուսաննա Քելեշյանի գլխավորած գիտական խումբը շարունակում է ուսումնասիրությունները։ 

«Առանձնացրել ենք այնպիսի կաթնաթթվային մանրէներ, որոնք մեծ քանակությամբ բորբոսասնկեր կարող են ճնշել։ Վերջնական արդյունքը կլինի այդ երկու մանրէների միացումը, որը սարերի հետևում չէ»,- պատմում է նա։ Ուսումնասիրությունները դեռևս լաբորատոր փուլում են։

«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի կրտսեր գիտաշխատող Աննա Թոփլաղատյանը նշում է, որ 2017թ.-ին կատարած ուսումնասիրությունների ժամանակ աղակալած հողերի տարաբաշխվածության քարտեզ չի եղել, ստիպված արբանյակային քարտեզով են տեղորոշել։ «ՀՀ-ի աղակալած հողերի քարտեզ չկար, արբանյակային քարտեզով ենք տեղորոշել։ Արմավիրի մարզպետարանից մեզ էին հարցնում՝ որքան աղակալած հող կա»,- պատմում է կրտսեր գիտաշխատող Աննա Թոփլաղատյանը։ Գիտական կենտրոնները չեն համագործակցել աղակալած հողերի ուսումնասիրությունների շրջանակում և տեղյակ չեն միմյանց հետազոտություններից։

Չնայած գիտական կենտրոնների հետազոտություններն արդյունքներ են տվել, գործնականում կիրառվում են միայն հետազոտական նպատակներով, քանի որ համագործակցության առաջարկներ չկան։

Ներդրումային ծրագիր՝ Փոքր Վեդիի մասնակի աղակալած հողամասում․ դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի սեփականություն հանդիսացող 228.5 հա հողամասը, որտեղ կան մասնակի աղակալած հատվածներ՝ կղզյակների տեսքով, ՀՀ կառավարության 2023թ.-ի օգոստոսի 31-ի որոշմամբ օտարվել է «Արտաքսատա» ՓԲԸ-ին։

Այդ որոշմամբ նաև հավանություն է տրվել «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագրի նախագծին, ըստ որի՝ Փոքր Վեդի բնակավայրում գոլֆի ակումբ, ակադեմիա և հանգստի տարածքներ պետք է կառուցվեն։ «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի սեփականատերը Սարգիս Գևորգյանն է, որը մինչև 2024թ․ հուլիսի 9-ը նաև տնօրենի պաշտոն է զբաղեցրել «Արտաքսատա» ընկերությունում։ Մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել «Բերքլի Քեփիթլ» և «Արտաքսատա» ընկերությունների ներկայացուցիչների հետ` պարզելու, թե աշխատանքները որ փուլում են։ 

Էկոնոմիկայի նախարարությունը չուներ կոնտակտային տվյալներ ընկերությունից, այն դեպքում, երբ մասնավոր ընկերությունների ներդրումային ծրագրերը էկոնոմիկայի նախարարության հետ են մշակվում և ներկայացվում Կառավարություն։ Էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Անժելինա Չիլինգարյանը գրավոր տեղեկացրեց, որ ծրագիրն ընթանում է ըստ պայմանագրի կետերի, մինչդեռ Վեդիի համայնքապետարանից ասացին, որ դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել։

ՀՀ կառավարության 2010թ․-ի նոյեմբերի 4-ի որոշման համաձայն՝ «ՀՀ գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020թթ․ կայուն զարգացման ռազմավարության» հիմնական ուղղություններից է դիտարկվել Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալած հողերի արմատական բարելավման ծրագիրը։ էկոնոմիկայի նախարարությունը գրավոր տեղեկացրեց, որ ֆինանսական ոչ բավարար միջոցների պատճառով ծրագիրը չի իրականացվել։

Այսպիսով, հանրապետության մասշտաբով ամփոփ տվյալներ չկան աղակալած հողերի մակերեսի և տեղաբաշխվածության վերաբերյալ։ Գիտական կենտրոններն աղակալած հողերի վերականգնման մեթոդներ են մշակել, սակայն ֆերմերային տնտեսությունների եւ պետության հետ համագործակցություն չկա։ 

Մենթոր՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter