HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագարանում 106 երեխայից դպրոց է հաճախել 8-ը. գյուղում բողոքի ակցիաներ են

Մոտ մեկ շաբաթ է՝ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան գյուղում երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում՝ այդպես արտահայտելով դժգոհությունը՝ նախատեսվող կրթահամալիրը Երվանդաշատ գյուղում կառուցելու որոշման դեմ: Այսօր գյուղի տարածքում են ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս հանդիպումներ են ունեցել դպրոցի աշխատակազմի և երեխաների ծնողների հետ:

Կառավարությունը 2023թ. նոյեմբերի 30-ին որոշել է հաստատել այն դպրոցների ցանկը, որոնք ընդգրկվում են «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում: Որոշվել է սահմանամերձ Երվանդաշատ գյուղում կառուցել կրթահամալիր:

Հարևան Բագարան գյուղի բնակիչների պնդմամբ՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրթահամալիրը կառուցել Երվանդաշատ և Բագարան գյուղերի միջնամասում, որպեսզի երկու համայնքների բնակիչներին էլ հարմար լինի: Սակայն, առանց իրենց հետ քննարկելու՝ կրթահամալիրի համար տեղ է հատկացվել Երվանդաշատ գյուղում՝ Բագարանից մոտ 4 կմ հեռու:

Գյուղացիների պնդմամբ՝ այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել խոշորացված Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ Հովնան Ավետիսյանը, որը նախկինում եղել է Երվանդաշատի համայնքապետը: Վերջինիս կինը՝ Գեղեցիկ Ավետիսյանը, Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Սեպտեմբերի 11-ից երեխաները դպրոց չեն հաճախում: Բագարան գյուղի բնակիչ Զոհրաբ Գալստյանը նշում է՝ գյուղում բոլորն են միակարծիք, որ կրթահամալիրը կառուցվի այնպիսի վայրում, որը հարմար կլինի ոչ թե մի գյուղի երեխաներին, այլ տարածքում ապրող բոլոր երեխաներին: Հետևաբար, իրենք շարունակելու են բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ դասադուլ չկա, կա ցածր հաճախելիություն: «Դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտների մի մասը դպրոց գնում են»,-ասում է մարզպետը: Նրա պնդմամբ՝ կրթարանի կառուցման տեղը չի փոխվել, Կառավարության որոշմամբ է սահմանվել կառուցել Երվանդաշատի դպրոցի հարևանությամբ:

«Այսօր 8 երեխա է հաճախել, դա ցուցանիշ չէ: Ես ունեմ 101 սովորող և 5 նախակրթարանի երեխա»,- ասում է Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանը։ Երեկ էլ 7 երեխա է դպրոց հաճախել:

Տնօրենի խոսքով՝ ուսուցիչների երեխաներն էլ դպրոց չեն հաճախում, քանի որ նրանց ամուսինները չեն թողնում: Ուսուցիչը դպրոց գնում է, երեխաները՝ ոչ:

Գեղեցիկ Ավետիսյանն ասում է, որ թե՛ Բագարան, թե՛ Երվանդաշատ գյուղերի դպրոցները շարունակելու են գործել գյուղերում, պարզապես նոր կրթահամալիր է կառուցվելու: Ծնողն է որոշելու՝ երեխան շարունակի միջնակարգ դպրոց հաճախել, թե գնա կրթահամալիր:

Գեղեցիկ Ավետիսյանը նշում է, որ որևէ մեկը, այդ թվում իր ամուսինը, ազդեցություն չի ունեցել կրթահամալիրի տեղի ընտրության հարցում, այն որոշվել է տեղանքի ուսումնասիրությունից հետո՝ ըստ չափորոշիչների:

Տնօրենը չհերքեց, որ գյուղացիների հետ քննարկումներ եղել են կրթահամալիրը երկու գյուղերի միջնամասում կառուցելու վերաբերյալ: Մինչև աշխատանքների իրականացումը, Արմավիրի մարզպետն այցելել է տարածք, հանդիպումներ է ունեցել երկու գյուղի բնակիչների հետ:

«Բագարանցիները ցույց են տվել տարածքներ, որտեղ կարող են կառուցել կրթահամալիրը: Մի տեղը սեփականաշնորհված հողատարածք է, մարդը հողը չի տալիս կամ տալիս է՝ չգիտեմ ոնց է տալիս, սեփական հող է: Մնացած տեղերը, որպես ենթակառուցվածքային՝ կրթահամալիր կառուցելու համար, չափանիշներին չի համապատասխանել: Ես մասնագետ չեմ, որ ասեմ՝ ինչի չի համապատասխանել»,- ասում է Բագարանի դպրոցի տնօրենը:

Գեղեցիկ Ավետիսյանի համոզմամբ՝ այնպիսի տարածք պետք է ընտրվի, որ 5-10 տարի հետո շենքը չփլվի, սողանք չառաջանա: Նշում է, որ ի սկզբանե, որոշվել է կրթահամալիրը Երվանդաշատում կառուցել:

«Բայց, այդ բողոքից հետո, մարզպետն ասաց, որ եթե ծնողները չեն ուզում, որ իրենց երեխաների համար այսպիսի միջավայր սարքվի, կառուցվի կրթահամալիր, մարզից այդ ծրագիրը չի գնա, ուղղակի մի բնակավայրից կտեղափոխվի մարզի մեկ այլ բնակավայրում կկառուցվի, որովհետև նպատակային դրված գումար է: Հիմա, եթե բագարանցիները չեն ուզում, որ կառուցվի, իրենց տարածքում էլ, ըստ մասնագետների, տեղ չկա, որ կառուցվի՝ չի կառուցվելու: Աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան տարվել է: Այսօր էլ կանչել են մարզպետարան, նորից ինձ տեղեկացրել են, որ ծրագիրը երկու բնակավայրից հանված է, մեկ այլ բնակավայրում են կառուցելու»,- ասում է Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանը:

Տնօրենի պնդմամբ՝ այսօր իր գերնպատակն է, որ դպրոցահասակ երեխաները հաճախեն դպրոց, կրթություն ստանան: Նշում է, որ ոչ մեկ իրավունք չունի երեխային զրկել կրթության իրավունքից, մինչդեռ ծնողները երեխաներին գործիք են դարձնում: Գ. Ավետիսյանն ասում է՝ թող երեխաները գնան դպրոց, իսկ ծնողները շարունակեն քաղաքակիրթ պայմաններում քննարկել իրենց հուզող հարցերը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Բաղրամյանի համայնքապետարանից: Հեռախոսահամար խնդրեցին, որ համապատասխան պաշտոնյան կապ հաստատի, սակայն այդպես էլ կապ չհաստատեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter