ԵՄ-ն կարող է Վրաստանի համար վերականգնել վիզային ռեժիմը
Վրացական Formula հեռուստաընկերությունը, հղում անելով Բրյուսելում իր աղբյուրներին, այսօր հայտնել է, որ Եվրամիությունում պայմանավորվածություն է ձեռքբերվել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերականգնման վերաբերյալ։ Այդ մասին լրատվամիջոցը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ Պատճառը վրացական իշխանությունների կողմից վերջին ամիսներին վարվող քաղաքականությունն է, ինչպես նաև օրենսդրական մի շարք նախագծերի ընդունումը, որոնք խիստ քննադատության են արժանացել Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։
According to information obtained by Formula TV in Brussels, the EU has practically reached an agreement on suspending visa free travel for Georgia after the elections “in case of further deterioration of situation and violation of democratic principles, including free… pic.twitter.com/jUSx0JkCkQ
— Formula NEWS | English (@FormulaGe) September 17, 2024
Պարբերականը գրում է, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմը կդադարեցվի Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ «ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետագա իրավիճակի վատթարացման, մասնավորապես՝ ազատ և անկախ ընտրությունների սկզբունքի խախտման դեպքում»։
Պարբերականը նաև նշում է, որ Բրյուսելը կկարողանա այս որոշումն ընդունել՝ շրջանցելով Հունգարիայի վետոն, որն ավանդաբար հանդես է գալիս Վրաստանի իշխանությունների շահերից և արգելափակում Թբիլիսիի նկատմամբ ճնշումների գործադրման եվրոպական նախաձեռնությունները։
Չնայած որ Formula-ի տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել ԵՄ-ի կամ դրա առանձին անդամների կողմից, լուրը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ այն անվանելով «էժանագին շանտաժ»։ Նա չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը, այլ դրա փոխարեն դրան տվել վերոնշյալ բնորոշումը։
«Նրանք փորձում են մարդկանց հայտարարել, որ եթե վրացական հասարակությունը իշխանության չվերադարձնի «Միասնական ազգային շարժման» արյունալի վարչակարգը, ապա այդ դեպքում հասարակությանը կպատժեն. ահա այսպիսի ազդանշան <...> Սա ինչ-որ էժանագին շանտաժ է, և վրաց հասարակությունը այդ շանտաժին կպատասխանի հոկտեմբերի 26-ին»,- հայտարարել է Կոբախիձեն։
ԵՄ մուտքի առանց վիզային ռեժիմի կարգը, որը տարածվում է նաև Վրաստանի քաղաքացիների վրա, թույլ է տալիս կիրառել այս պատիժն «այն երկրների նկատմամբ, որոնք դադարել են համապատասխանել առանձին պահանջների, որոնք առաջադրվել էին վիզային ազատականացման տրամադրման համար»։
Նման որոշումն ավտոմատ կերպով կկիրառվի Եվրոպական հանձնաժողովի կողմից, եթե «անդամ պետությունների պարզ մեծամասնությունը Հանձնաժողովին տեղեկացնի Վրաստանի կողմից խախտումների մասին»:
ԵՄ օրենսդրությունը նախատեսում է վիզային ազատականացման ռեժիմի ժամանակավոր դադարեցման ընթացակարգ (9-27 ամիս ժամկետով), որից հետո խախտող պետությանը կարող են մշտական հիմունքներով զրկել առանց վիզային ռեժիմից։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։
Լուսանկարը՝ emerging-europe.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել