Յուրաքանչյուրս կվճարենք տարեկան 164 400 դրամ. առողջապահության ապահովագրությունը «մոտենում է մեր տներին»
Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը ավարտել առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը։ Պլանավորվում է, որ արդեն 2027 թվականից աշխատող քաղաքացիներից կգանձվեն ապահովագրությանն ուղղվող գումարները։ Տարեկան ապահովագրավճարը, ըստ օրենքի նախագծի, կկազմի 164 400 դրամ, ամսական՝ 13 700 դրամ։ Գումարը ամսական կտրվածքով կգանձվի քաղաքացու աշխատավարձից` որպես պարտադիր վճար։ Պետությունը որոշ չափով կսուբսիդավորի միայն 300 հազար դրամից (հարկերը ներառյալ) ցածր աշխատավարձ ստացողներին։
Այս մասին «Հետք»-ի հետ հարցազրույցում հայտնել է Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը։ Նա նաև առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի համահեղինակներից է։
Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրենքի և հարակից այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը ներկայացվել է կառավարություն։ Գործադիրում այն հավանության արժանանալուց հետո կուղարկվի Ազգային ժողով։ ԱԺ-ում հաստատվելուց հետո կսկսվի ներդրման գործընթացը։ Թե դա կոնկրետ երբ կլինի, առայժմ հայտնի չէ։
Այս պահին սեղանին դրված նախագծով նախատեսվում է, որ վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք համակարգին պարտադիր կերպով կմիանան 2027 թվականից։ Մինչ այդ կապահովագրվեն այն խմբերը՝ երեխաներ, տարեցներ, հաշմանդամության կարգ ունեցողներ և այլք, որոնց համար ապահովագրավճարները կվճարի պետությունը։
Ի՞նչ է ստանալու քաղաքացին իր գրպանից կամ պետության կողմից վճարված 164 400 դրամի դիմաց, ու՞մ է սուբսիդավորելու պետությունը, կարո՞ղ է, արդյոք, կառավարությունը առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակներում քաղաքացիների համար ապահովել որակյալ բժշակական ծառայություններ։
Այս և այլ հարցերի շուրջ «Հետք»-ը զրուցել է Սամվել Խարազյանի հետ։
Մեկնաբանել