
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Քալըն
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին Թուրքիայի տարածքով կապահովի Ադրբեջանից դեպի Եվրոպա ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը: APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Բաքվում Անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
«Երկրների միջև կայուն խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Դա իր հերթին կապահովի ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջան-Հայաստան-Նախիջևանի ԻՀ- Թուրքիա-Եվրոպա երթուղով»,- նշել է Քալընը։
Իր ելույթի ժամանակ նա կարևորել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման ապահովման համար։
Իր ելույթում թուրքական հետախուզության ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինային և Գազայի հատվածին։ Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է հետախուզական դիվանագիտություն վարել Ուկրաինայում և Գազայում շարունակվող պատերազմների դադարեցման համար։
Թուրքական հետախուզության ղեկավարն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա անվտանգության նոր համակարգի ստեղծման միջոցով: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հասնել Գազայում հրադադարի ռեժիմի հաստատմանը, քանի որ «պատերազմի դադարեցումը և Պաղեստինի անկախ պետության ստեղծումը կարևորագույն նշանակություն ունեն Պաղեստինի ժողովրդի անվտանգության և ազատության ապահովման համար»:
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել