
Խաղող մթերողները բյուջետային երաշխիք կստանան
Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին բյուջետային երաշխիք տրամադրել խաղող մթերող կազմակերպություններին։ Այն կիրականացվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում։ Նախատեսվում է տրամադրել վարկի համար չբավարարող գրավի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք։
Բյուջետային երաշխիքն այն ստացող անձի նկատմամբ պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումն է պետական բուջեի միջոցների հաշվին։ Այսինքն, եթե տնտեսվարողը սնանկ ճանաչվի և չկարողանա վճարել վարկը, դա անելու է պետությունը։
2021 թվականին 9 կազմակերպության տրամադրվել է 5․4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության 4․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի և պտուղ-բանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1․3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության 5․3 մլրդ դրամի չափով, որից՝ խաղող մթերող 8 կազմակերպության 5․1 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 3 ամիս և պտուղ-բանջարեղեն մթերող 1 կազմակերպության՝ 0․2 մլրդ դրամի չափով, 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ 2021 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքները սահմանված ժամկետներում մարվել են։ 2022 թվականին պտուղ-բանջարեղեն մթերող կազմակերպությանը տրամադրված բյուջետային երաշխիքը մարվել է սահմանված ժամկետում, իսկ մյուսների մասով մարումները կսկսվեն 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության՝ 2․7 մլրդ դրամի չափով, 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
Բյուջետային երաշխիքից կարող է օգտվել 2024 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2023 թվականին արտահանումներ իրականացրած այն շահառուն, որն ունի դրական վարկային պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորություններ։
Մեկնաբանել