![](/static/articles/16/95/33/l-x5wFzOstLu.jpg)
Քաղաքապետարանը գծանշման աշխատանքներ է անում առանց ժամանակացույցի
Վլադիմիր Խլղաթյանը բնակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Դեռևս 2024 թվականի հուլիսի 25-ին փորձել է Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե երբ են թարմացվելու Մալաթիա-Սեբաստիայի Շերամի, Օհանովի և Անդրանիկի փողոցների հետիոտնային անցումների գծանշումները։
Քաղաքապետարանից նրան ասել են, որ գծանշումները կատարվում են ըստ ժամանակացույցի և նշված փողոցներում կթարմացվեն օգոստոսի առաջին տասնօրյակում։
Օգոստոսի 12-ին Վլադիմիրը կրկին հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչու Օհանովի, Շերամի և Անդրանիկի փողոցներում գծանշում չի իրականացվել ըստ ժամանակացույցի։ Տրանսպորտի վարչությունից պատասխանել են, որ ժամանակացույցից շեղվելու պատճառը վատ եղանակային պայմաններն են, ինչպես նաև՝ նշված փողոցներում կատարվող փոսալցման և կոմունալ տնտեսության փոխարինման աշխատանքները, որոնց ավարտից հետո գծանշումները կթարմացվեն։
«Հետքը» ևս փորձեց քաղաքապետարանից ստանալ 2024 թվականին Երևան քաղաքում պլանավորված և իրականացված գծանշման աշխատանքների ժամանակացույցը՝ ըստ վարչական շրջանների։ Քաղաքապետարանի փոխանցած ժամանակացույցն այս տեսքն ունի։ Դեղինով նշված են 2024 թվականին սեպտեմբերի 3-ի դրությամբ գծանշված փողոցները, սպիտակով՝ այն փողոցները, որտեղ գծանշում իրականացված չէ։ Հստակ ամսաթվեր այստեղ չկան։
Երևանի քաղաքապետարանը գծանշման աշխատանքների համար մինչև 1 միլիարդ 30 միլիոն 900 հազար դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հետ։ Կազմակերպությունը պարտավորվել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը գծանշման աշխատանքներ իրականացնել Երևանում։ 950 հազար դրամ էլ վճարվել է «Միկան» ՍՊԸ-ին տեխնիկական հսկողության և խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
- Պետությունը շարունակում է միլիարդների գնում կատարել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից
- Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից
Ըստ քաղաքապետարանի տարածած տեսանյութի՝ մայրաքաղաքում գծանշման աշխատանքները մեկնարել են 2024 թվականի հուլիսին։ Տեսանյութում տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշում է, որ ուշ մեկնարկը պայմանավորված էր եղանակային պայմաններով։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը խստացրել է ներկի որակի պահանջները՝ հաշվի առնելով միջազգային փորձը, օգտագործվել են ուշ մաքրվող, ավելի խիտ ներկանյութեր, որոնց վրա ավելացվում են ապակյա գնդիկներ, ինչն ուժեղացնում է ներկի անդրադարձելիությունը։
Մենք շրջել ենք մի քանի վարչական շրջաններով, որտեղ, ըստ քաղաքապետարանի «ժամանակացույցի», արդեն իսկ իրականացված են գծանշման աշխատանքներ։
Իրական պատկերն այլ է։
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մեկնաբանել