
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ այցի ժամանակ պատրաստվում է հանդիպել Հարիսի և Թրամփի հետ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ամերիկյան պարբերականի խոսքով՝ հանդիպմանը, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, Զելենսկին մտադիր է ներկայացնել հաղթանակի իր ծրագիրը, որի շրջանակներում նա կպնդի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը, կներկայացնի տնտեսության և անվտանգության ոլորտում համաձայնագրերի պլանները, ինչպես նաև կխնդրի մատակարարել առավել առաջադեմ սպառազինություն։
Բացի Հարիսից, Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կհանդիպի նաև Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա կհանդիպի Զելենսկու հետ, երբ վերջինս ժամանի ԱՄՆ՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Թրամփն ասել է. «Հավանաբար, այո»,- Թրամփի խոսքերը փոխանցել է Reuters գործակալությունը։ Հանդիպման ծրագրերի մասին այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Ինչպես նշում է Reuters-ը, Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել հուլիսին, սակայն անձամբ չեն հանդիպել Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո։
Զելենսկին նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում: Նա պատրաստվում է ներկայացնել վերջին շաբաթներին մշակված «ուկրաինական հաղթանակի ծրագիրը»: Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ Սպիտակ տունն արդեն ծանոթացել է այդ ծրագրին և այն, ընդհանուր առմամբ, համարում է աշխատանքային տարբերակ: Ինքը՝ Զելենսկին, ավելի վաղ հայտարարել էր, որ «ճիշտ կլինի այս ծրագիրը փոխանցել ինչպես Քամալա Հարիսին, այնպես էլ՝ Դոնալդ Թրամփին, քանի որ մենք չգիտենք, թե ով է լինելու նախագահը, բայց ես իսկապես ուզում եմ իրագործել այդ ծրագիրը»:
Լուսանկարում՝ Վլադիմիր Զելենսկին և Քամալա Հարիսը/Tobias Schwarz
Մեկնաբանել