
Հյուսիսային Կորեան դարձյալ հրթիռային փորձարկումներ է արել
Հյուսիսային Կորեան փորձարկել է «գերխոշոր մարտագլխիկներով» նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ և արդիականացված թևավոր հրթիռներ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։
Սպառազինությունների փորձնական արձակումներին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նա հայտարարել է երկրի միջուկային ներուժի «հետագա ընդլայնման անհրաժեշտության» մասին՝ կապված արտաքին ուժերի կողմից «լուրջ սպառնալիքի» հետ: Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝ փորձարկումների ժամանակ կիրառվել է «Հվասոնփհո-11դա-4,5» տեսակի բալիստիկ հրթիռը, որն 4,5 տոննա քաշով լիցքեր։
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր Հյուսիսային Կորեայի կողմից փոքր հեռահարության մի քանի հրթիռների արձակման մասին: Սա այդ երկրի երկրորդ հրթիռային փորձարկումն էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Բացի այդ, սեպտեմբերի 13-ին Փհենյանն առաջին անգամ հրապարակեց կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է Կիմ Չեն Ընն այցելում ուրանի հարստացման ձեռնարկություններից մեկը։
Հյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային փորձարկումներ է իրականացրել 2006 թվականին: Հրթիռային և միջուկային ծրագրերի պատճառով այս երկիրը գտնվում է ՄԱԿ-ի լայնածավալ պատժամիջոցների ներքո։ Մինչ այժմ Հյուսիսային Կորեան երբեք հրապարակավ չէր հայտարարել ուրանի հարստացման իր գործարանի մասին։ Նման օբյեկտներում արտադրվում է բարձր հարստացված ուրան, որն անհրաժեշտ է միջուկային զենքի արտադրության համար։
Չնայած պատժամիջոցներին՝ Հյուսիսային Կորեան զարգացնում է իր միջուկային ծրագիրը։ Այդ հարցում Փհենյանին մասամբ օգնում են Չինաստանն ու Ռուսաստանը։
Լուսանկարը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության
Մեկնաբանել