
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Կիև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սեպտեմբերի 20-ին կժամանի Կիև: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Բրյուսելում։
Նրա խոսքով՝ այս աշխատանքային այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները: 160 միլիոն եվրոն նախատեսված է Ուկրաինայի էներգետիկ համակարգն ամրապնդելու և ձմռանը նախապատրաստելու համար։
«Քանի որ ջերմաստիճանն իջնում է, Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը Ուկրաինային: Մենք միասին պատրաստվում ենք ձմռանը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ուղղված 160 միլիոն եվրոյից 60 միլիոն եվրոն կուղղվի ջեռուցման կետերի և մարդասիրական այլ կարիքների կազմակերպմանը, մնացած 100 միլիոն եվրոն՝ ՌԴ զինված ուժերի հարձակումների հետևանքով վնասված ջերմաէլեկտրակայանների վերականգնմանը և Ուկրաինայի տարածքում նոր արևային էլեկտրակայանների տեղադրմանը: Ինչպես պնդում է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, այդ միջոցների մի մասը կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվների հաշվին։
Միջազգային էներգետիկ գործակալության գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների երկու երրորդը։ «Ուկրաինայի էներգետիկ ցանցը դիմացել է նախորդ երկու ձմեռներին։ Բայց այս ձմռանը նրան սպասվում է ամենալուրջ փորձաշրջանը»,- AFP գործակալությունը մեջբերել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլին։
Գործակալությունը եվրոպական պետություններին կոչ է արել Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ և պահեստամասեր վնասված էներգաօբյեկտների վերականգնման համար ու այս ձմռանն ավելացնել Ուկրաինա էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել