HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչության պետի պատասխանը` ծառահատումների վերաբերյալ. «Որ ասեմ մենք տեղյակ չենք, կհավատա՞ս»

Այս օրերին Արմավիր քաղաքում քննարկվող առաջին հարցը քաղաքային զբոսայգու 800 քմ տարածքում կատարվող ծառահատումներն ու տեղում սկսվող շինարարությունն է, իսկ Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը զարմանում է, որ նման խնդիր կա քաղաքում: «Էդ ո՞ր խնդիրն ա»,- զարմացած հարցնում է վարչության պետը:

Ի դեպ, Արմավիրի մարզպետարանը այդ զբոսայգուց ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է, և զարմանալի է, որ Արթուր Այվազյանի աչքից վրիպել է ծառերի հաշվին փորված հսկայական փոսը:

Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետին զբոսայգին ծառահատելու և տեղում բանկ կառուցելու մասին տեղեկացնելուց հետո հետևյալ պատասխանը ստացանք. «Որ ասեմ մենք տեղյակ չենք, կհավատա՞ս: Լավ, այդ հարցով կզբաղվենք, տեսնենք` ինչ է կատարվում»:

Փոխարենը խնդրով հետաքրքրված էր նույն վարչության բնապահպանության բաժնի պետ Սանասար Բաղդասարյանը, ով նաև «Անաղարտ բնություն» ՀԿ-ի նախագահն է:

Բաժնի պետի խոսքերով` Արմավիրի քաղաքապետարանն արդեն մի քանի տարի է, ապօրինի գործողություններ է կատարում զբոսայգում, որ ծառերը չորանան: «Անցյալ տարի էլ ծառերի բույնն են փորել, որպեսզի ծառերը չորանան, որ հատեն: Այս ուղղությամբ պատրաստվում եմ դիմել մարզպետին: Ես գիտեի` այդտեղ եկեղեցի են կառուցելու, բայց հետո իմացա, որ բանկ են կառուցում»,- ավելացրեց Ս. Բաղդասարյանը:

Նա նաև ասաց, թե քաղաքապետարանից իրեն հայտնել են, որ շինարարությունը հաստատված է քաղաքի հատակագծով, դրա թույլտվությունն անցել է 7 նախարարություններով, և ծառահատումներն էլ օրինական են արվել:

Լուսանկարը` ecolur.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter