
Three Mile Island ատոմակայանը կարող է վերագործարկվել. Microsoft-ը արհեստական բանականության համար էներգիա է փնտրում
Ամերիկյան Three Mile Island ատոմակայանը, որտեղ 1979 թվականին ԱՄՆ պատմության ամենալուրջ միջուկային վթարն է գրանցվել, կարող է վերագործարկվել. Microsoft տեխնոլոգիական ընկերությունը արհեստական բանականության տվյալների կենտրոնների աճող էներգետիկ կարիքները բավարարելու ուղիներ է փնտրում:
Microsoft-ը 20 տարվա պայմանագիր է կնքել Constellation ընկերության հետ։ Եթե կարգավորող մարմինները հաստատեն, տեխնոլոգիական հսկան կկարողանա օգտագործել ատոմակայանի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Three Mile Island-ը, որը պատկանում է Constellation ընկերությանը, շահագործման կվերադառնա 2028 թվականին։ 2019 թվականից տնտեսական պատճառներով ատոմակայանը չէր գործում։ Microsoft-ը նախատեսում է էներգիա ստանալ 837 ՄՎտ հզորությամբ ռեակտորից, որը բավարար է ավելի քան 800 հազար տան էներգիայի պահանջները բավարարելու համար։ Այս պայմանագիրը կօգնի ընկերությանը ընդլայնել իր տվյալների կենտրոնները Չիկագոյում, Վիրջինիայում, Փենսիլվանիայում և Օհայոյում։
Microsoft-ը հայտարարել է, որ սա մեծ քայլ է՝ օգնելու ածխաթթու գազի արտանետումների նվազեցման ջանքերին և իր տվյալների կենտրոնները ավելի մաքուր էներգիայով ապահովելու ուղղությամբ։
Constellation-ը ծրագրում է 1,6 միլիարդ դոլար ներդնել ատոմակայանի վերականգնման համար, սակայն այդ նախագիծը պահանջում է ինչպես Միջուկային կարգավորման հանձնաժողովի, այնպես էլ պետական և տեղական գործակալությունների հաստատումները։
Ըստ ընկերության հայտարարության՝ ատոմակայանը կվերանվանվի Crane Clean Energy Center՝ ի պատիվ Constellation-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Քրեյնի։
Լուսանկարում՝ Three Mile Island / ©Bloomberg
Մեկնաբանել