HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ցանկանում հրաժարվել նախկին իշխանությունների ընտրական կարգավորումներից

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մերժել է խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի առաջարկը՝ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները հրաժարվել Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորելու պահանջից: Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որը նախատեսված է իրականացնել 2026թ-ին, լինելու են այն ձևաչափով, ինչպես որոշվել էր նախորդ իշխանությունների կողմից:

Հարցը քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 2024թ. սեպտեմբերի 19-ի նիստի ժամանակ: Կայուն մեծամասնությունից հրաժարվելու առաջարկին դեմ են քվեարկել խորհրդի անդամներ Արդարադատության նախարարը, Բարձրագույն դատական խորհրդի, Ազգային ժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև իշխանությունների հետ համագործակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Կողմ էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նշենք, որ 2015թ. հանրաքվեով ընդունված և այժմ գործող Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում ձայների մեծամասնություն՝ մանդատների 50%-ից ավելին, և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը: Երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին (հիմնական) փուլում իր ունեցած հանրային աջակցությունից: Ստացվում է, որ ընտրողների 30%-ը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն:

Հարկ է նշել, որ այս առաջարկը հնարավոր էր կյանքի կոչել առանց սահմանադրական հանրաքվեի՝ Ազգային ժողովի միջոցով, քանի որ Սահմանադրությունը թույլ է տալիս որոշ հոդվածների՝ նման եղանակով փոփոխություն:

Առաջարկի հիմքում դրվել է այն փաստարկը, որ կայուն մեծամասնության սկզբունքը  հակասում է պառլամենտարիզմի էությանը, բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է: Մյուս փաստարկն այն է, որ ձևավորվում է խորհրդարան, որը համամասնորեն չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի կարծիքները, գործում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը: Բացի այդ, քաղաքական ուժերը մոտիվացված չեն լինում պայմանավորվելու և երկխոսելու, քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխվում է փողոց, քանի որ խորհրդարանը դադարում է լինել հանրության համամասնորեն խտացված ներկայացուցչական մարմինը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բարեփոխումների խորհրդի անդամ Վլադիմիր Վարդանյանը նիստի ընթացքում նշել է, որ եթե խոսում ենք նոր Սահմանադրության մասին, ապա այն պետք է ունենա նոր կարգավորումներ, իշխանության թևերի հավասարակշռում:

Ըստ իշխանական պատգամավորի՝ ինքը քաղաքական կայուն մեծամասնության գաղափարի կողմնակիցը չէ, սակայն, կարևոր է, որ այս համակարգը հատվածական չփոխել, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարանա: Իոաննիսյանի առաջարկը, ըստ Վ. Վարդանյանի, ավելի է խճճում, աղճատում է Սահմանադրությունը:

Նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով միացել էր խորհրդի նիստին օնլայն եղանակով, փաստացի ևս դեմ էր առաջարկին:

Իշխանությունների տեսակետի նման կարծիք է հայտնել նաև խորհրդի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը: Նա էլ էր դեմ հատվածական փոփոխություններին՝ պատճառաբանելով հատկապես լարված արտաքին հարաբերությունների առկա վիճակը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն արձանագրել է, որ հատվածային փոփոխության գաղափարն ամրագրված է նաև Սահմանադրության մեջ, ըստ որի՝ որոշ հոդվածներ կարող են փոխվել միայն հանրաքվեով, որոշ փոփոխություններ՝ Ազգային ժողովի նախաձեռնությամբ: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանին վերաբերող կարգավորումներում արդեն իսկ փոփոխություն կատարվել է ԱԺ այսօրվա քաղաքական մեծամասնության կողմից: 

«Հատվածային մոտեցման սկզբունքի իրականացումը կամ չիրականացումը փաստորեն պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն անթույլատրելի է»,-ասել է Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ ներկայացված առաջարկը վերաբերում է ընդամենը պառլամենտի ձևավորման սկզբունքին:

Սաքունցը հայտնել  է նաև, որ խորհրդի անդամները դեռևս նախորդ տարի համաձայնության են եկել, որ Հայաստանում պետք է լինի խորհրդարանական կառավարման համակարգ: Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ կայուն մեծամասնության սկզբունքը պետությունը զավթելուն միտված սկզբունք է, ինչից պետք է ձերբազատվել: Մասնավորապես՝ մեծամասնության բացարձակ իշխանությունը, որը փաստացի երաշխավորված է, ինքնին ճգնաժամ առաջացնող է:

Ա. Սաքունցի դիտարկմամբ՝ պետք է մինչև 2026թ.՝ հեղափոխությունից 8 տարի անց, ունենալ սահմանադրական կարգավորում, որ խորհրդարանն ունենա առավել մեծ ներկայացուցչություն:

ԲԴԽ անդամ, նախկին փաստաբան Կարեն Թումանյանը, ով եղել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահը, նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքը դեմ է առաջարկին, քանի որ դեմ են հատվածային փոփոխությանը:

Թումանյանի դիտարկմամբ՝ կարելի է ասել, որ քննարկման բոլոր մասնակիցները ճիշտ են, սակայն, եթե առաջարկվող փոփոխությունը տեղ գտնի Սահմանադրության մեջ, ապա խնդիր կառաջանա դատական իշխանության ձևավորման իմաստով:

Նախկին պատգամավոր, 2022թ-ից մինչև 2024թ. փետրվարի վերջ, Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, նիստի ժամանակ հայտարարել է, որ անակնկալի չի եկել, աշխատել են խորհրդարանում, հետևաբար զգում էր, որ քաղաքական կայուն մեծամասնության երաշխիքից հրաժարվելու առաջարկը մերժվելու է:

Մարուքյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ չկա քաղաքական կամք, հետևաբար տարբեր պատճառաբանություններով՝ այդ թվում անվտանգային և այլն, մերժվելու է առաջարկը: Նա հայտնել է՝ նույնիսկ, եթե խորհուրդը հաստատի և նախագիծը գնա խորհրդարան, ապա պատգամավորներից Իշխան Զաքարյանը կամ ինչ-որ մեկը չի քվեարկի, «կհիվանդանան» չեն գնա քվեարկության:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ նույն պատճառաբանությունները բերում էին նախորդ իշխանությունները, երբ որոշեցին երրորդ ժամկետով իշխանության մեջ թողնել Սերժ Սարգսյանին: 

«Եթե այս դրույթը չփոխվի, իշխանությունը ձևավորվելու է նախկին համակարգով, այն համակարգով, որը ձևավորվել էր 2017թ-ին և որի դեմ բոլորս բողոքել ենք:  Եվ դա նշանակում է, որ ոչ մի բան չի փոխվում մեր կյանքում: Ասում եմ  մենք  դեժավյուի մեջ ենք՝ նույն փաստարկների համար, նույն տեղերում, նույն բաների համար կռիվ ենք տալիս»,-ասել է Էդուարդ Մարուքյանը:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանի տեսակետն այն է, որ նախ պետք է հասկանալ՝ կա՞ կամք հրաժարվելու կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու մեխանիզմից, թե չկա: Եթե այդ կամքը կա, ապա հաջորդ քայլով կորոշեն, թե ինչպես լուծել այդ հարցը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով վարում է խորհրդի նիստերը, համակարծիք է եղել իշխանության ճյուղերի ներկայացուցիչների տեսակետներին: Նա հիշեցրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխելու ամբողջ Սահմանադրությունը, այլ ոչ թե հատվածական փոփոխություն կատարել: 

Գրիգոր Մինասյանի դիտարկմամբ՝ քաղաքական իշխանությունները ցանկանում են հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, բայց ոչ հիմա, այլ այն ժամանակ, երբ կփոխվի ամբողջ Սահմանադրությունը:

Դանիել Իոաննիսյանը վերջում հակադարձել է իշխանական թևերի նեերկայացուցիչներին: Ըստ նրա՝ պետք չէ հակադրել անվտանգությունն ու ժողովրդավարությունը, որովհետև դա շատ վատ ճանապարհ է: Նա հակադարձեց նաև ԲԴԽ անդամին, թե կպարալիզացվի  դատական համակարգը այս առաջարկի հեևանքով, նշելով, որ այս նույն Սահմանադրության կարգավորութմներով պարալիզացման շեմին է գտնվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի աշխատանքը, քանի որ կայուն մեծամասություն ունեցող քաղաքական ուժը 9 ամիս է խորհրդարանում չի կարողանում  ընտրել հանձնաժողովի անդամ:

Առաջարկը մերժելուց հետո խորհրդի նիստն ավարտվեց:

Լուսանկարը՝ Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter