HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելցի զինվորականները ներխուժել են Al Jazeera-ի գրասենյակ

Իսրայելցի զինվորականները ներխուժել են կատարական Al Jazeera հեռուստաալիքի՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալա քաղաքի գրասենյակ։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, նրանք հրամայել են հեռուստաընկերության գրասենյակը փակել 45 օրով: 

Կադրերը, թե ինչպես են զինված ուժերի ներկայացուցիչները մտնում հեռուստաընկերության գրասենյակ և հրամանը փոխանցում դրա աշխատակիցներից մեկին, հեռուստաալիքը ուղիղ եթերով ցուցադրել է սեպտեմբերի 22-ի գիշերը։  

Reuters գործակալությունն էլ գրում է, որ դրանից հետո եթերն ընդհատվել է։

Մայիսի սկզբին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելում կփակվի Al Jazeera հեռուստաալիքը: Այդ երկրի կառավարությունը հեռուստաընկերությանը մեղադրում է Իսրայելի արաբական բնակչությանը պետության և նրա բանակի դեմ բռնություն գործադրելու հրահրման մեջ, հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո: Նույն ամսին Իսրայելի իրավապահ մարմինները խուզարկեցին Երուսաղեմի հյուրանոցներից մեկի սենյակը, որն Al Jazeera-ն օգտագործում էր որպես գրասենյակ:

Իսրայելի խորհրդարանն ապրիլի 1-ին հաստատել էր մի օրենք, որը թույլ է տալիս Իսրայելի տարածքում փակել «թշնամական լրատվամիջոցները»: Այդ նորմի համաձայն՝ Իսրայելի կապի նախարարը վարչապետի համաձայնությամբ կարող է կարգադրել  Իսրայելից և Իսրայելի տարածքում դադարեցնել արտասահմանյան ցանկացած հեռուստաընկերության հեռարձակում, եթե դա փաստացի վնաս է հասցնում պետության անվտանգությանը։ Բացի այդ, Իսրայելի կապի նախարարը կարող է նաև կարգադրել փակել այդ լրատվամիջոցի գրասենյակները և արգելափակել կայքին հասանելիությունը։

Սպիտակ տունն այն ժամանակ հայտարարել էր, որ եթե Al Jazeera-ն փակելու պլանների մասին հաղորդագրությունները հաստատվեն, դա «տագնապալի փաստ» կլինի, քանի որ Իսրայելի իշխանությունների կողմից այդ գործողությունը խոսքի ազատության ուղղակի խախտում է:

Լուսանկարը՝ Imad Creidi/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter