HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». խղճուկ ֆինանսավորման պայմաններում հայ գիտնականները հերոսություն են գործել

Ֆինլանդիան ընդամենը մոտ 5 միլիոն ժողովուրդ ունի, բնակչության թվաքանակը մեր երկրից առանձնապես մեծ չէ: Ճիշտ է, տարածքով ՀՀ-ից մեծ է, բայց այդ տարածքի մեծ մասն անպիտան է, գյուղատնտեսական մշակովի հողատարածքների մակերեսն ավելի փոքր է, քան Հայաստանինը: Ավելին` Հայաստանից շուրջ 100 անգամ աղքատ է բնական հարստություններով, չունի օգտակար հանածոների արտահանում և իրեն աջակցող սփյուռք, կարելի է ասել, որ, մեր երկրի համեմատ, խմելու ջուր գրեթե չունի:

Սակայն Ֆինլանդիայի 2000 թ. բյուջեն գրեթե հավասար էր Ռուսաստանի բյուջեին: Այժմ աշխարհի ամենամեծ նավերն արտադրում են Ֆինլանդիայում, և բոլոր երկրները, նույնիսկ Ամերիկան, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, գնում են այդ նավերը: Ֆինլանդիան արտադրում է ամեն ինչ, ինքնաբավ երկիր է դարձել: Այս ամենին Ֆինլանդիան հասել է շնորհիվ կրթության ու գիտության նկատմամբ իր գործնական ուշադրության: Տվել են բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ, 1924 թ. քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներից մեկն այդ երկրում նույնիսկ հասարակության կուռքն է դարձել, գրեթե համընդհանուրի հարգանքի, ընդօրինակման ու պաշտամունքի առարկան, իսկ մեզ մոտ այդպիսիք հեռուստասերիալների հերոսներն են ու շոու բիզնեսի հաջողակ ներկայացուցիչները:

Ֆինլանդիան աշխարհի լավագույն կրթական համակարգն ունի, պետությունը երեխային 6 տարեկանից տանում է դպրոց, վճարում երեխայի ուսման, հագուստի, սննդի համար, ավելին` ավտոբուսով գալիս, երեխային տնից վերցնում, տանում է դպրոց, ժամը 14-ին` դասերի ավարտից հետո, երեխային տանում է լողավազան, սպորտային խաղերի, պարապմունքների` մինչև 18-ը, երբ ծնողները վերադառնում են աշխատանքից, հետո տանում, հանձնում է ծնողներին: Բացի դրանից էլ` ամեն շաբաթ 350 եվրո է տալիս երեխաներին շաբաթ, կիրակի օրերին զբոսայգի, կենդանաբանական այգի տանելու և այլնի համար: Ավելին. 18 տարեկանում էլ տալիս է երկսենյականոց բնակարան, բայց առաջադրելով մի պայման` նրանք պետք է սովորեն և սովորեն լավագույնս, եթե չսովորեն, կզրկվեն դրանից: Այս ամենի մասին մեզ պատմեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության աջակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը: Քանի որ անցած ուրբաթ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտնականների, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում է եղել հայաստանյան գիտության ֆինանսավորման, գիտության հիմնախնդիրների շուրջ, գիտնականին խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցերի:

- Պետական մարմիններում կա՞ արդեն Ձեր բարձրացրած խնդիրների համապատասխան ընկալում, և ԿԳՆ-ում հուլիսի 20-ի քննարկման ընթացքում ի՞նչ դիրքորոշում է արտահայտվել, ի՞նչ որոշում է կայացվել ի նպաստ հայրենի գիտության զարգացման:

- Միարժեքորեն կա այդ խնդիրների գիտակցում. դա ողջունելի է: Իշխանությունները գիտակցում են, որ երկրի զարգացման կարևորագույն գործոններից մեկը գիտության զարգացումն է: Իշխանությունների այս գիտակցումը մենք արդեն տեսնում ենք. դա ուրախալի փաստ է և արտահայտվել է հայոց նոր պետականության կերտման ընթացքում կառավարության անդամի և գիտության ոլորտում պետական լիազոր մարմնի` կրթության և գիտության նախարարության ղեկավարի կողմից առաջին անգամ արված և կառավարության կողմից չհերքված այն պաշտոնական հայտարարությամբ, որ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը բյուջեի աճի համեմատ 2013-ից ավելի մեծ է լինելու: Հաշվի առնելով նաև, որ նախարարը իշխող կուսակցության` ՀՀԿ խորհրդի անդամ է, սա սովորական հայտարարություն չէ:

- Մասնավորապես, ի՞նչ է նախատեսվում 2013-ի համար:

- Եթե նախատեսվում է հաջորդ տարի բյուջեի աճ 7%-ով, ապա գիտության ֆինանսավորումը 2013-ին մտադիր են ավելացնել 10%-ով: Սա այս առումով էական ձեռքբերում է, որովհետև բոլոր նախորդ տարիներին, բացառությամբ 2012-ի, երբ, ՊԳՖԱ-ի պայքարի շնորհիվ գիտության ֆինանսավորման ավելացումը բյուջեի աճին համամասնորեն կատարվեց, եղել է ճիշտ հակառակը: Նույնիսկ այն տարիներին, երբ տնտեսական երկնիշ աճ էր արձանագրվում, գիտության ֆինանսավորումը բյուջեի աճի համեմատ միշտ եղել է պակասորդով: Երբ բյուջեի նվազում է եղել, գիտության ֆինանսավորումը բյուջեի նվազումից ավելի մեծ չափով են նվազեցրել: Անշուշտ, շատ ողջունելի է այս քայլը, ես միանշանակ ողջունում եմ, հասկանում եմ, որ սա խոսում է այն մասին, որ գիտության խնդիրներն այլևս ընդունված ու հասկացված են պետական մարմինների կողմից:

- Մեր երկրում գիտության ֆինանսավորման 10%-անոց աճը որքանո՞վ է բավարար:

- Դա բավարար չէ ընդհանրապես, ու դա հասկանալի է գիտնականներից և ոլորտի պետական պաշտոնյաներից յուրաքանչյուրին: Շատ պարզ օրինակներ կան ամբողջ աշխարհում. Հարավային Կորեան, որ ունի շուրջ 15 միլիոն բնակչություն, իսկ Հայաստանի տարածքից` ընդամենը 1,5 անգամ մեծ տարածք (պատկերացրեք, թե մարդիկ ինչ ահավոր խտության պայմաններում էին ապրում), մոտ 50 տարի առաջ աշխարհում իր եկամտով նախավերջին տեղերից մեկն էր զբաղեցնում, ինչպես հիմա Հայաստանը, բայց, ի տարբերություն Հայաստանի, այդ երկիրն ընդհանրապես չուներ որևէ բնական հանածո, իսկ մենք ունենք, շատ ունենք (մեկ շնչին ընկնող բնական հանածոների ցուցանիշով աշխարհում առաջին տեղերից մեկն ենք զբաղեցնում), 1962 թվականի սկզբին ընդունեց գիտության և իսկապես գիտելիքահեն տնտեսության զարգացման ծրագիր: 30 տարի անց նրանք աշխարհին հպարտորեն ասացին, որ 30 տարում անցել են այն ուղին, ինչ 300 տարում անցնում էր Եվրոպան: Դա նրանց հաջողվեց շնորհիվ այն բանի, որ ինչ ունեին-չունեին, ներդրել էին գիտության մեջ` ասելով` ո՛չ, գյուղացուն չենք տալու, ո՛չ, աղքատին չենք տալու, ո՛չ, հուշարձանները չենք վերականգնելու, մենք տալու ենք գիտնականին և գիտությանը, որովհետև գիտությունն է ապահովելու տնտեսության թռիչքաձև զարգացումը:

Կորեան, Չինաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ամերիկան` բոլորը հասկացել են մեկ բան. ուզում ենք լավացում` գիտությունը պետք է ֆինանսավորենք: Հենց այդ պատճառով էլ անընդունելի է գիտության ֆինանսավորումն ընդամենը 10%-ով ավելացնելը, որը, իմ հաշվարկներով, գիտնականների աշխատավարձի ամսական ընդամենը մոտ 8000 դրամով աճ է ապահովելու, որից երևի շուրջ 2000 դրամը սղաճը կտանի: Մենք գնահատում ենք այդ հայտարարությունը, գիտության ֆինանսավորման` բյուջեի աճին գերազանցող աճ նախատեսելը: Ճիշտ է, նորանկախ Հայաստանի պատմության մեջ գիտնականն առաջին անգամ ավելի վատ չի ապրելու, քան նախորդ տարի, բայց հայաստանյան գիտնականների այսօրվա աշխատավարձերի մակարդակն անընդունելի է, քանի որ աշխարհում վերջին տեղերից մեկում է գտնվում: Ոչ մի երկիր, որ տնտեսական թռիչք է կատարել` Սինգապուրը, Կորեան, Ճապոնիան, Չինաստանը, Գերմանիան, Ֆինլանդիան, ի վերջո, ԽՍՀՄ-ը` Ստալինի ժամանակ, իրենց գիտնականների և գիտության հանդեպ այդպես չեն վարվել, ինչպես Հայաստանը: Նրանք բոլորն արել են մեկ բան. գիտնականին ավելի են վարձատրել, քան նախարարին: 1938 թվականին Ստալինի անձնական հրամանով ցանկացած ասպիրանտի աշխատավարձն է հավասարեցվել նախարարի (Մինիստրների խորհրդի անդամի) աշխատավարձին: Տնտեսական թռիչք կատարած երկրներից ոչ մեկը պատգամավորների, դատավորների աշխատավարձը չի բարձրացրել, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այլ` գիտնականների: Վիկտոր Համբարձումյանը Կարեն Դեմիրճյանից միշտ երկու անգամ ավելի գումար է ստացել: Եթե ԽՍՀՄ-ն այդպես չվարվեր, չէր կարող լինել մրցունակ, չէր կարողանա հաղթել պատերազմում: Ոչ մի T-34 տանկ, ոչ մի «Կատյուշա», ոչ մի Կալաշնիկովի ինքնաձիգ չէր ունենա, իր մարդուն չէր կարողանալ տիեզերք հասցնել, եթե ակադեմիկոսին ցանկացած պայմաններում չապահովեր ցանկացած նախարարից երկու անգամ ավելի եկամտով: Այսօր մեր երկիրը նախարարին պաշտոնապես տալիս է 10 անգամ ավելի, քան ակադեմիկոսին, իսկ ոչ պաշտոնապես` նախարարի եկամուտն ակադեմիկոսի ստացածին գերազանցում է երևի 100 անգամ: Այդպիսի երկիրը չունի ապագա, քանի որ չի հասկանում գլխավորը` պետք է սահմանափակել այդ պաշտոնյաների եկամուտները, տրամադրել գիտնականներին և գիտությանը, ոչինչ չխնայել նրա համար, որ երիտասարդ գիտնականները Հայաստանից չգնան:

- Ի՞նչ կարծիք ունեք անցած շաբաթ օրը «Արարատ Հոլում» գիտության խնդիրների շուրջ կազմակերպված քննարկման ընթացքում արտահայտված տեսակետների վերաբերյալ:

- Շատ լավ կարծիքի եմ, քննարկմանը մասնակցած բոլոր անձինք, անկախ նախկին կամ ներկա պաշտոնյա լինելուց, ընդհանրապես պաշտոնյա չլինելուց, պրոֆեսիոնալներ են եղել և շատ մտահոգ` երկրի առջև ծառացած խնդիրներով: Ես ողջունում եմ բոլորի այն համակարծությունը, որ անհրաժեշտ է զարկ տալ գիտությանը: Թեև քննարկումը կազմակերպվել է իբրև «Հայաստանի գիտությունը. հոգեվա՞րք, թե վերածնունդ» թեմայով բանավեճ, սակայն ներկաներն ասել են` ի՞նչ բանավեճ, եթե մենք բոլորս ասում ենք նույն բանը: «Բանավեճ» բառը եղել է սադրիչ և սխալ, բանավեճ չկա:

- Ոմանք երևի ուզեցե՞լ են ներկայացնել, թե Հայաստանի գիտությունը վերածնունդ է ապրում, հերքել այն տեսակետը, թե ներկայիս ֆինանսավորման և վերաբերմունքի շարունակման դեպքում այն աղետի է ենթարկվելու:

- Այդ «ոմանք»-ը շատ անհասկանալի է, որովհետև ոչ ոք չկա, ով այդ «բանավեճ» բառի ընտրության համար պատասխանատու է: Եղել են բանախոսները, եղել են իրենց հարց տվողները, եղել են լրագրողները, և բոլորը համակարծիք են, որ մեզ պետք է զարգացնել գիտությունը, որ Հայաստանի գիտությունը դեռևս շարունակում է աշխարհում առաջին տեղերը զբաղեցնել: Պետք է հասկանալ, որ այն ազգային հարստություն է և անընդունելի վերաբերմունքով չվտանգել: Այդ քննարկումից 1-2 օր առաջ Եվրամիության կայքում հայտնվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին Եվրամիության գիտական հանձնաժողովի կողմից տրամադրված գիտական դրամաշնորհի մասին տեղեկատվությունը: Դրա վերնագիրն ավելի քան խոսուն է` Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լիովին ինտեգրում (միավորում) Եվրամիության գիտական տարածքին` որպես բարձրակարգ հետազոտական, բարձրակարգ ուսումնական ներուժ ունեցող հաստատություն, 5 տարվա մոնիտորինգով` Եվրամիության բոլոր երկրների մեջ: Բացահայտ ցանկություն է արտահայտված, որ հայ գիտնականներն ուսուցանեն, իրենց գիտելիքները փոխանցեն միության իրենց գործընկերներին` ֆրանսիացիներին, գերմանացիներին, անգլիացիներին և այլոց: Բոլոր նրանք, ովքեր այսօր կխոսեն Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ, թող սա նայեն ու հասկանան, որ պետք է ձայները կտրեն: Խղճուկ ֆինանսավորման պայմաններում հայ գիտնականները, լինելով երկրում թերևս ամենաարհամարհված խավը, հերոսություն են գործել: Եվրամիությունն ու աշխարհը սա գնահատում են, իսկ Հայաստանում այս իրողությունն առայժմ բավարար գնահատանքի և վերաբերմունքի չի արժանանում:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (2)

Hayk
Իրականում Հարավային Կորեան ունի շուրջ 50 միլիոն բնակչություն, և Հայաստանի տարածքից 3 անգամ մեծ տարածք:
Հասմիկ
Ցնցված եմ: Չէ՛՝ ո՛չ մեր գիտնականների վիճակից՝ նորություն չէր: Անձամբ ճանաչում եմ մի քանիսին, որոնք երկա՜ր դիմանալուց հետո, ստիպված եղան լքել Հայաստանը: Ընդ որում ամենամեծ հայրենասերներն էին: Երևի տոկոսային առումով գիտնակաների մեջ հայրենասերները ամենամեծ տոկոսն են կազմում: Ցնցված եմ Ֆինլանդիայի օրինակից: (Ճիշտ է՝ հանուն արդարության պետք է ասել, որ Ֆինլանդիան ծով ունի և անտառ, այսինքն՝ փայտ: ) Հիմա ի՞նչ՝ ռեսո՞ւրս չունենք, ուղեղնե՞ր չունենք, իսկ գուցե սխալ ընտրություննե՞ր ենք կատարում: Ես կրկին հանգեցի նրան, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին՝ սկսած պատգամավորներից, վերջացրած նախագահով: Չնայած կարծում եմ, որ նախագահներից վերջինը երեքից ամենահաջողն է: ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԻՆ: Կարծում եմ արդարադատություն էլ է մեզ անհրաժեշտ, բայց դրան անհնար է հասնել միայն աշխատավարձի բարձրացմամբ: Հ.Գ. «Վիկտոր Համբարձումյանը Կարեն Դեմիրճյանից միշտ երկու անգամ ավելի գումար է ստացել:» Սակայն ի՜նչ խայտառակ աղքատության մեջ է ապրել իր կյանքի վերջին տարիներին աշխարհահռչակ գիտնականը ի մե՜ծ տարբերություն Դեմիրճյանի, որին ժողովուրդն աստվածացնում է:/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter