HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում աշակերտների թիվն ավելացել է

Այս տարի Արմավիրի մարզի դպրոցներում 1326-ով ավելացել է աշակերտների թիվը: Եթե նախորդ ուսումնական տարվա ընթացքում մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ է այցելել 36 255 աշակերտ, ապա այս տարի՝ 37 581 աշակերտ: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

Վարչության պետի փոխանցմամբ՝ 63-ով ավելացել է նաև առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը: Մասնավորապես, եթե նախորդ տարի առաջին անգամ դպրոց է հաճախել 3463 աշակերտ, այս տարի՝ 3526: Այս թվերն ընթացքում կարող են փոփոխվել՝ պայմանավորված աշակերտների շարժով: Ոմանք կարող են լքել հանրապետությունը, մյուսները տեղափոխվեն այլ մարզի դպրոցներ և այլն:

Մարզային ենթակայության դպրոցներում այս ուսումնական տարվա ընթացքում սովորում է  Արցախից բռնի տեղահանված 2015 երեխա: Մարզի 8 համայնքից միայն եզդիաբնակ Ֆերիկ համայնքի դպրոցում արցախցի երեխաներ չկան: Նշենք, որ այս գյուղը խոշորացված չէ, և այնտեղ բնակվում են միայն եզդիներ:

Արցախցի աշակերտներ չկան նաև Բաղրամյան համայնքի Արտամետ, Բագարան, Արգինա, Երվանդաշատ, Կողբավան, Վանանդ գյուղերի, Խոյ համայնքի Լեռնամերձ, Արաքս համայնքի Արաքս, Մեծամոր համայնքի Ջրաշեն գյուղերի դպրոցներում:

Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի փոխանցած տվյալներով՝ ամենաշատ արցախցի երեխա սովորում է խոշորացված Վաղարշապատ համայնքի դպրոցներում՝ 793 հոգի, որից 776-ը սովորում է Էջմիածին քաղաքի դպրոցներում, իսկ 17-ը՝ Ոսկեհատի դպրոցում:

Համեմատաբար քիչ թվով արցախցիներ սովորում են 14 գյուղից բաղկացած Բաղրամյան խոշորացված համայնքում՝ 69 աշակերտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter