
Էջմիածնի ԲԿ-ի մասնաշենքը վերակառուցելու պայմանագիր է կնքվել, սակայն ընթացքում պարզվել է` շենքը ենթակա է քանդման
Վաղարշապատի բժշկական կենտրոնի ցանկապատի դռանը փակցված ցուցանակը հուշում է, որ ԲԿ-ի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտված լինեին, քանի որ շինթույլտվության ժամկետը լրացել է: Սակայն, 2 տարի անց, ոչ միայն շինաշխատանքներ չեն կատարվել, այլև քանդվել է եղած մասնաշենքը: Փակցված ցուցանակն այլևս արդիական չէ, քանի որ նոր նախագիծ է պատրաստվում, որի իրականացման ժամկետներն անհայտ են:
Բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների կատարման համար 2022թ․ մարտի 10-ին պայմանագիր է կնքվել Քաղաքաշինության կոմիտեի և «Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ի միջև։ Պայմանագրի գինը 1 մլրդ 325 մլն դրամ է եղել։ Բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են նույն տարվա հոկտեմբերի 18-ին։ Բժշկական կենտրոնի տարածքում քանդվել է մեկ մասնաշենք և վերջինիս կցակառույցը։
Պայմանագրի համաձայն՝ շինաշխատանքները պետք է իրականացվեին երկու տարվա՝ 720 օրացուցային օրվա ընթացքում։ Շինթույլտվության ժամկետը լրացել է, սակայն պայմանագիր կնքելուց հետո պարզվել է, որ մասնաշենքը պիտանի չէ վերանորոգման, ըստ կառուցապատող ընկերության տնօրենի՝ 4-րդ կարգի վթարային է: Որոշում է կայացվել այն ամբողջությամբ քանդել: Մոտ 1,5 տարի է շինաշխատանքները դադարեցվել են, իսկ պայմանագիրը լուծման եզրին է: Քաղաքաշինության կոմիտեից դժվարանում են ասել, թե երբ կավարտվի շինարարությունը, հայտնի չէ նաև այն սկսելու ժամկետը:
Հիվանդանոցային մասնաշենքը համապատասխան թույլտվությամբ քանդվել է շինության տեխնիկական վիճակի անբավարար լինելու պատճառով, իսկ կցակառույցը՝ նախագծային լուծումով պայմանավորված։
«Բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքները ներկա պահին չեն իրականացվում՝ Առողջապահության նախարարության կողմից վերակառուցման ծրագրի նոր առաջադրանք տրամադրելու հետևանքով»,- հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանը։
Պաշտոնյայի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայում նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով նախատեսվում է շրջանառել ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է բժշկական կենտրոնի համալիրի կառուցում՝ ներառելով ծննդատան և պոլիկլինիկական ծառայությունների մասնաշենքեր։
Այս ընթացքում պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են կնքվել Քաղաքաշինության կոմիտեի և շինարարական ընկերության միջև, սակայն կնքված պայմանագիրը դարձել է առարկայազուրկ: Նոր նախագծի շրջանակում փոխվելու են թե՛ պայմանագրի գինը, թե՛ տեխնիկական լուծումներն ու պահանջները:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն էլ հայտնեց, որ Վաղարշապատի ԲԿ-ի վերակառուցման գործընթացում շինարարները նկատել են խնդիրներ, որոնք անհնարին են դարձրել աշխատանքները շարունակելը, որից հետո շինությունը կազմաքանդվել է:
«Առողջապահության նախարարությունը տվել է տեխնիկական առաջադրանք` վերակառուցումը փոխարինել նորի կառուցմամբ, ներառելով նաև ծննդաբերության և պոլիկլինիկական ծառայությունները, որոնք նախկին նախագծում ներառված չեն եղել։ Այս գործում պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, որն արդեն նախաձեռնել է հիմնովին կառուցման նոր նախագիծը»,- հայտնում է Մ. Ծատրյանը:
Փաստացի ստացվում է՝ ամրաշինական աշխատանքներ կատարելու պայմանագիր կնքվել է առանց լուրջ փորձաքննության, պարզելու համար՝ արդյոք հնարավոր է մասնաշենքը վերակառուցել: Հակառակ դեպքում պայմանագիր չէր կնքվի 4-րդ աստիճանի վթարային շենքը վերակառուցելու նպատակով: Միայն ընթացքում է պարզվել, որ այն ամրացման ենթակա չէ, քանի որ ամբողջությամբ վթարային է:
Պատվիրատու Քաղաքաշինության կոմիտեից հետաքրքրվեցինք՝ վերակառուցման պայմանագիրը կնքելու ժամանակ արդյոք շենքը չի անցել սեյսմիկ փորձաքննություն: Կոմիտեից հայտնում են, թե «Շեմք» ՍՊԸ-ի կողմից սյուների, հեծանների և պանելների խոր ուսումնասիրության համար անհրաժեշտ էր քանդել գաջի շերտը, ինչը գործող հիվանդանոցում, հիվանդների առկայության պայմաններում, անհնար էր։
«Ուստի առկա իրավիճակում կատարված ուսումնասիրության արդյունքում կայացվել է գոյություն ունեցող շենքի վերակառուցման որոշում։ Վերակառուցման փուլում իրականացված քանդման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ սյուները, հեծանները և պանելները գտնվում են վթարային վիճակում, և հնարավոր չէ ամրացման միջոցով հիվանդանոցի հետագա շահագործումը»,- հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի մամուլի խոսնակ Գայանե Ավագյանը:
Նշենք, որ «Շեմք» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սամսոնյանը Վաղարշապատ համայնքի հաշվառում ունի:
«Ղարաբաղցյան-Շին» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Ղարաբաղցյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ շինաշխատանքները պետական մարմիններն են կասեցրել։
«Սեյսմիկ հետազոտություն է կատարվել, 4-րդ կարգ է տրվել, քանդել են: Պայմանագիրը կնքվել էր ամրացման համար, բայց չորրորդ կարգի վթարային շենքի համար ամրացում չի կատարվում: Կոմիտեն քանդելու որոշում է կայացրել»,- ասում է Գրիգոր Ղարաբաղցյանը:
Ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ արդեն մեկ տարուց ավել է շինաշխատանքներ չեն արվում: Գ. Ղարաբաղցյանի խոսքերով՝ նոր նախագիծ պետք է լինի, որից հետո որոշում կկայացնեն՝ կա՛մ խզել պայմանագիրը, կա՛մ շարունակել: Սակայն, ըստ նրա, կարծես թե պայմանագիրը խզման փուլում է:
Մինչ պատկան մարմինները վերակառուցման ժամկետի ընթացքում նոր նախագծեր են կազմում՝ առանց դրանք նախապես քննարկելու, հաշվարկներ անելու՝ թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների համար լուրջ անհարմարություններ են առաջանում Վաղարշապատի ԲԿ-ում:
Վաղարշապատի ԲԿ-ի ադմինիստրատիվ գծով պատասխանատու Համազասպ Նահատակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քանդված մասնաշենքի ամբողջ ռեսուրսը փորձել են կենտրոնացնել մյուս՝ կից մասնաշենքում, որ չտուժի մատուցվող ծառայությունների որակը:
«Կարելի է ասել բնականոն հունով ընթանում է բուժօգնության տրամադրումը՝ չհաշված, իհարկե, որոշ առումներով անհարմարությունները, պայմանների սղությունը: Վատ պայման չեմ մեջբերում, որովհետև միևնույն է, այն մասնաշենքն էլ էր նույն վիճակում: Զուտ տարածական՝ նեղ ու անհարմար իրավիճակի մասին եմ ասում, որը մաքսիմալ փորձել ենք օպտիմալ օգտագործել, ճիշտ բաշխել»,- ասում է Հ. Նահատակյանը՝ հավելելով, որ բաժանմունքների միջև կոմունիկացիաների, անհրաժեշտ կաբինետների բացակայության պայմաններում աշխատում են՝ համատեղությամբ:
Համազասպ Նահատակյանի խոսքերով՝ բժշկական կենտրոնի շենքային պայմանները լավը չեն, ինչ հնարավոր է եղել, արել են, որ մի քիչ «խելքի բերեն»:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ քանդված մասնաշենքի տարածքից քիչ հեռու կառուցվել է վարչական աշխատողների համար նախատեսված շենք: Սակայն, այն չի շահագործվում, քանի որ տարածքը մեկուսացված է, այն գտնվում է շինհրապարակի գոտում: Այժմ հայտնի չէ նաև, թե հետագայում ինչ ճակատագիր է ունենալու արդեն կառուցված շենքը:
Բժշկական կենտրոնի պաշտոնյան նշեց՝ քանի որ պայմանները սուղ են, եղել են դեպքեր, երբ ազատ մահճակալ չունենալու պատճառով հիվանդ չեն ընդունել: Այս իրավիճակը սրվում է հատկապես սուր շնչառական վարակների տարածման ամիսներին: Մնացած ժամանակ փորձում եմ հարմարացնելով հարցին լուծում տալ:
Շրջեցինք նաև գործող մասնաշենքում: Օրինակ՝ սրտաբանական մասնաշենքը թերապևտիկ բաժանմունքից առանձնանում էր միայն մեջտեղում կախված ցուցանակով: Որոշ բժշկական պարագաներ, գործիքներ տարածքի սղության պատճառով դրված էին միջանցքներում:
Անհայտ է նաև ներկայիս գործող մասնաշենքի վիճակը. այն ևս ենթակա է քանդման, թե օգտագործվելու է:
«Ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- ասում են Քաղաքաշինության կոմիտեից:
Մեկնաբանել