
Վճռաբեկը հօգուտ ընդերքօգտագործողի որոշում է կայացրել․ «Մոլիբդենի աշխարհ»-ը կշահագործի Դաստակերտի հանքավայրը
Վճռաբեկ դատարանը վերականգնել է «Մոլիբդենի աշխարհ»-ի՝ Դաստակերտի համար տրված ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները։
«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն դիմել էր դատարան և խնդրել պարտավորեցնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ուղղել օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության մեջ տեղ գտած վրիպակը, այն է՝ 9 տարի 2 ամսի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը փոփոխել և սահմանել 12 տարի՝ տրամադրելով դրա վերաբերյալ հրաման։
Ընկերությունը 2012թ․ նոյեմբերի 6-ին ստացել է Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը: Թույլտվությունը տրվել է 9 տարի 2 ամիս ժամկետով: Մինչդեռ համաձայն ըեկերության Դաստակերտի ԼՀԿ նախագծի՝ հանքի մշակման ժամանակահատվածը 12 տարի է, իսկ բացահանքի շահագործման ժամկետը՝ 9 տարի 2 ամիս: Ընկերությունը նշել է, որ մինչև բացահանքի բուն շահագործումն ընդերքօգտագործողը պետք է կատարի որոշակի նախապատրաստական գործողություններ, այդ թվում՝ ապարների հեռացում, տեխնիկական կառույցների կառուցում և այլն: Հետևաբար, չէր կարող ողջ ժամանակահատվածը սահմանվել 9 տարի 2 ամիս։ Ընկերությունը դիմել է նախարարություն, սակայն որևէ պատասխան ՏԿԵՆ-ից չի ստացել։
Վարչական դատարանը, նախագահությամբ Արթուր Ավագյանի, 2023թ․ հունիսին ընկերության հայցը բավարարել էր։ Դատարանն արձանագրել էր, որ նախարարությունն օժտված է եղել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու իրավասությամբ, մինչդեռ նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշում:
ՏԿԵՆ-ը բողոքարկել էր վարչական դատարանի վճիռը։ Վերաքննիչն էլ, Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, 2023թ․ նոյեմբերի 30-ին ամբողջությամբ հակառակ որոշում էր կայացրել՝ Արթուր Ավագյանի կայացրած վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել՝ կայացնելով նոր դատական ակտ․ «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ամբողջությամբ մերժել։
«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն դիմել էր վերադաս ատյան։ Վճռաբեկ դատարանը բավարարել է ընկերության բողոքը, բեկանել է Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և օրինական ուժ տվել Վարչական դատարանի վճռին։
Հիշեցնենք՝ ՏԿԵՆ-ը «Մոլիբդենի աշխարհ»-ին զրկել էր նաև ընդերքօգտագործման իրավունքից։ Այս մասով առանձին դատաքննություն էր ընթացել, և ընկերությունը վերականգնել էր նաև ընդերքօգտագործման իրավունքը։
Ընդերքօգտագործման իրավունքը կասեցվել էր հանքավայրը չշահագործելու պատճառով: Իսկ վարչական վարույթի շրջանակներում ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Սիսիան համայնքի ղեկավարը չի տրամադրել համայնքին պատկանող հողակտորները աշխատանքների իրականացման համար, չնայած ընկերությունը բազմիցս դիմել է համայնքի ղեկավարին, սակայն վերջինս որևէ գրավոր պատասխան չի տվել, իսկ բանավոր խոսակցությունների ժամանակ հայտնել է, որ նախարարությունն արգելում է ընկերությանը հող տրամադրել։
Դատարանում «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Թավադյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդերքօգտագործման իրավունքի վերականգնման համար արդեն դիմել են նախարարություն, վճիռը դեռ կատարման փուլում է։
Ինչ վերաբերում է հողհատկացումների հարցերին՝ Թավադյանը նշեց, որ ցավոք ընդերքօգտագործումն ու հողօգտագործումը իրարից անջատ են և տարբեր ձևերով են կարգավորվում, դրա համար էլ այդպիսի խնդիրներ են առաջացնում։
Մեր հարցին՝ արդյոք կան ներդրողներ, որոնք պատրաստ են ներդրումներ անել և սկսել հանքի շահագործումը, Թավադյանն ասաց, որ ներդրողը հենց ընկերությունն է՝ «Մոլիբդենի աշխարհը» և պատրաստ է ներդրումներ անել ու սկսել շահագործումը։
«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատերերը նույն՝ Արմանիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերն են՝ ՌԴ երկու գործարարներ Դմիտրի Տրոիցկին` 63,7 % և Դմիտրի Կորժևը՝ 34,3 %։ Այս գործարարները ռուսաստանյան O'Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը։
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի համար նոր հավակնորդներ կան, որոնք դատական գործերում ներգրավվել են նաև որպես երրորդ անձ։ «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու հայտ է ներկայացրել: Նրանք նույնպես առարկություններ են ներկայացրել դատարանին, սակայն դրանք դատարանը հիմնավոր չի համարել։
Մեկնաբանել