Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին
Էդքան խոսում են առավոտից իրիկուն՝ կոռուպցիայի դեմ պայքարենք… Ձեզ թվում ա կոռուպցիան պոզով-պոչով տենց մեծ կենդանի ա՞, է՛ս ա կոռուպցիան… Մարդ պիտի ձեր նման ընտանիք պահի, որ իրանց շրջապատի մարդիկ կա՛մ միլպետ լինեն, կա՛մ դատախազ լինեն, կա՛մ միլիոնատեր լինեն, կա՛մ դեպուտատ լինեն, կա՛մ քաղաքապետ լինեն:
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան, 21.05.2014 թ.
Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ: Տարվա կտրվածքով այս անձանցից յուրաքանչյուրը միջինը մի քանի միլիոն դրամի եկամուտ է ստացել ԱՆԻՖ-ից:
Բայց այսօր ԱՆԻՖ-ում չգիտեն, թե ինչ հիմքով են այս մարդկանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքվել ժամանակին՝ նախկին ղեկավարության օրոք:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ ստեղծված ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը: Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից: Ու հիմա նա դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը:
Այն, որ ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատել են իրավապահ համակարգի ղեկավար անձանց միանգամից մի քանի հարազատներ, մեծ ցանկության դեպքում էլ չես կարող պատահականություն համարել: Ուրեմն, ո՞րն է պատճառը կամ տրամաբանությունը: Ըստ «Հետքի» աղբյուրի՝ իրավապահների հարազատներին ԱՆԻՖ-ում բարձր աշխատավարձով գործի ընդունելու նպատակը եղել է հավանական «տհաճ իրավիճակներում» Ավինյանի եւ նրա շրջապատի մարդկանց «անձեռնմխելիության ապահովումը»:
Հիմա տեսնենք, թե ովքեր են եղել ԱՆԻՖ-ի անվտանգության աշխատակիցները, որոնք ունեն պաշտոնյա հարազատներ իրավապահ համակարգում: ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից «Հետքը» տեղեկացել է, որ նրանք բոլորն էլ եղել են հաստիքային աշխատողներ, բայց աշխատանքային պայմանագրերը լուծվել են այս տարի:
Բարձրաստիճան ոստիկանների ու ԱԱԾ-ականների հարազատները
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի պետը եղել է 39-ամյա Դավիթ Սարգսյանը, որն, ըստ իր ֆեյսբուքյան էջի, ավարտել է Ոստիկանության ակադեմիան (ներկայում՝ ՆԳՆ կրթահամալիր), մասնագիտությամբ իրավաբան է, 2020-ից ունի փաստաբանի արտոնագիր, մասնագիտացած է քրեական գործերում: Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ աշխատել է նաեւ Քննչական կոմիտեում:
Դավիթ Սարգսյանը Ապարան քաղաքից է: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ նա ՆԳՆ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի ազգականն է: Գնդապետ Սարգսյանը Ապարանի Ծաղկաշեն գյուղից է, 2023-ի մարտից ՃՈ պետն է:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի է անցել նաեւ Դավիթ Սարգսյանի քրոջ որդին՝ 28-ամյա ծաղկաշենցի Էդգար Սուքիասյանը: Վերջինս, իր ֆեյսբուքյան էջի համաձայն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, բայց հասկանալի է, որ ԱՆԻՖ-ում աշխատանքի անցնելու համար նրա մասնագիտությունը դեր չի խաղացել, առավել եւս, որ ոչ մի կապ չունի անվտանգության ոլորտի հետ: Սուքիասյանի սոցցանցային էջի տվյալներով՝ աշխատել է ՃՈ-ում, ՊԵԿ-ում, Կառավարությունում: Այս պարագայում հարց է, թե ինչպես է հասցրել զուգահեռաբար հաստիք զբաղեցնել ԱՆԻՖ-ում:
Էդգար Սուքիասյանի հայրը եւս ոստիկան է: Ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը 2017 թ.-ից ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետն է:
Որպես պաշտոնատար անձ՝ Ա. Սուքիասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրեր: 2021 թ. նրա տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ որդին անվտանգության բաժնի մասնագետ է աշխատում ԱՆԻՖ-ում: Հոր պաշտոնով պայմանավորված՝ Է. Սուքիասյանը եւս ներկայացրել է հայտարարագիր, բայց միայն մեկ անգամ: 2022-ին լրացված փաստաթղթում, որը ցույց է տալիս ԱՆԻՖ-ի աշխատակցի եկամուտները, գույքն ու ծախսերը 2021-ի ընթացքում, Էդգարը հայտարարագրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ից ստացած մոտ 3 մլն դրամ աշխատավարձ (պարզ չէ, թե սա քանի ամսվա գումար է), ինչպես նաեւ այգեգործությունից ու մեղվապահությունից ստացած 1 մլն դրամ եկամուտ: Հետագա տարիների համար գնդապետ Սուքիասյանի որդին հայտարարագրեր չի ներկայացրել, քանի որ ամուսնանալուց եւ հայրական ընտանիքից առանձնանալուց հետո օրենքի իմաստով այլեւս չի համարվել պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, որը պարտավոր է հայտարարագիր լրացնել:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատել է նաեւ 23-ամյա Լարիսա Արիստակեսյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, մասնագիտությամբ լեզվաբան է: Փոխարենը նրա հայրը՝ ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանը, 2020-2023 թթ. Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետն էր, իսկ 2023-ի մարտին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ավելին՝ նա հիմա մարզի ոստիկանապետի պաշտոնակատարն է: Արիստակեսյանները Արմավիր քաղաքից են:
Հ. Արիստակեսյանը եւս ներկայացնում է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրեր: 2022-2024 թթ. իր հայտարարագրերում, որոնք վերաբերում են 2021-2023 թթ., փոխգնդապետը նշել է, որ դուստրն աշխատում է «Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում որպես կրտսեր մասնագետ: Լինելով պաշտոնատար անձի ընտանիքի անդամ՝ Լարիսա Արիստակեսյանը նույնպես լրացնում է հայտարարագրեր: 2022 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նա ԱՆԻՖ-ից ստացել է շուրջ 6,5 մլն դրամ աշխատավարձ, որը եթե բաժանենք 12 ամսի, կստացվի ամսական 540 հազ. դրամ: Հայաստանի պայմաններում երիտասարդի համար, որն ընդամենը 21 տարեկան է ու կրտսեր մասնագետ, սա, անշուշտ, բավական բարձր վարձատրություն է: Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լարիսան վարկով բնակարան է ձեռք բերել, եւ 2022-ի տարեվերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ: Ըստ 2023-ի տարեկան հայտարարագրի՝ Լ. Արիստակեսյանն այդ տարի ԱՆԻՖ-ից կրկին ստացել է մոտ 6,5 մլն դրամ աշխատավարձ: Հետաքրքիր է, սակայն, որ վարկի մասին տվյալներ այս անգամ փոխգնդապետի դուստրը չի լրացրել, ինչը հարցեր է առաջացնում, քանի որ ծախսերի հատվածում նա չի նշել, թե վարկի մարման համար այդ տարի որեւէ վճարում է կատարել, այսինքն՝ վարկը չի մարվել:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի ավագ մասնագետ է եղել 29-ամյա Լուսինե Ջանոյանը, որն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ, ըստ մեր տեղեկությունների, զբոսաշրջության ոլորտի մասնագետ է: Նրա ամուսինը՝ Հակոբ Պետրոսյանը, ներկայում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետն է: Մինչ այդ Պետրոսյանը եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ:
2021 եւ 2022 թթ. հայտարարագրերում (լրացրել է 2022 եւ 2023 թթ.), երբ դեռ քննիչ էր, Հ. Պետրոսյանը նշել է, որ կինը չի աշխատում: Հատկանշական է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում բացակայում է ԱԱԾ աշխատակցի 2023 թ. տարեկան հայտարարագիրը, որը նա պետք է ներկայացներ մինչեւ այս տարվա մայիսի 31-ը: Այդտեղ պետք է երեւար Լուսինե Ջանոյանի՝ ԱՆԻՖ-ի աշխատակից լինելը: Վերջինս իր հերթին միայն 2021 թ. տարեկան հայտարարագիր է լրացրել, որում եկամուտների բաժինը դատարկ է: Բայց ինչպես վերեւում նշեցինք, ԱՆԻՖ-ից հաստատել են, որ Ջանոյանն իրենց հաստիքային աշխատողն է եղել, ու նրա հետ պայմանագիրը լուծվել է այս տարի:
Պետական ընկերության անվտանգության բաժնում որպես ավագ մասնագետ աշխատել է նաեւ 27-ամյա Անուշ Մեյրոյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, մասնագիտությամբ հոգեբան է: Մեյրոյանների ընտանիքը ներգրավված է տարբեր տեսակի հագուստի արտադրության ու ձկնաբուծության մեջ: Ընտանեկան բիզնեսի գլխավոր գործող անձը Ա. Մեյրոյանի հայրն է՝ գործարար Դավիթ Մեյրոյանը:
Ընթերցողը գուցե հարցնի, թե այդ դեպքում ինչ կապ ունի Անուշը իրավապահ պաշտոնյաների հետ: Ուղիղ կապ: Նա ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հարսն է: Համբարձումյանը 1998-2020 թթ. ծառայել է ազգային անվտանգության համակարգում, մասնավորապես՝ 2020-ի օգոստոսին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար: Այս երկու պաշտոններից ազատվել է 2020 թ. նոյեմբերին: 2021-ին ստացել է փաստաբանի արտոնագիր:
Գնդապետի որդին՝ 28-ամյա Վազգեն Համբարձումյանը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում առկա տվյալների, 2022 թ. երկու հայտարարագիր է ներկայացրել, մեկը՝ 2021-ի տարեկան հայտարարագիրը, մյուսը՝ 2022 թ. պաշտոնի դադարեցման հայտարարագիրը: Սրանցից տեղեկանում ենք, որ նա 2019-2022 թթ. ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ է եղել (նախկինում այս ստորաբաժանումը ղեկավարել է հայրը): Սակայն հայտարարագրերում տվյալներ չկան կնոջ՝ Անուշ Մեյրոյանի մասին: Վերջինս էլ՝ որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, երբեւէ հայտարարագիր չի ներկայացրել: Հայտարարագրեր չեն լրացրել նաեւ օրենքի իմաստով Վ. Համբարձումյանի ընտանիքի անդամ համարվող հայրը, մայրը, քույրը:
2023-ի մայիսին Մ. Համբարձումյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները, դժգոհ լինելով իրենից, օրերս իր կնոջը պարտադրել են ազատվել աշխատանքից (Հեղինե Հովհաննիսյանը Երեւանի քաղաքապետարանին ենթակա թիվ 28 մանկապարտեզի տնօրենն էր - հեղ.), ինչից հետո որդին, չհանդուրժելով մոր հանդեպ անարդարությունը, դուրս է եկել ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում պարտադիր ծառայության 5 տարին (պարզ չէ, թե 2022-2023 թթ. ԱԱԾ-ում ինչ պաշտոն է զբաղեցրել Վ. Համբարձումյանը):
ԱՆԻՖ-ի իրավաբանների փաստաբանական գրասենյակը՝ Ավինյանի շահերի պաշտպան դատարանում
ԱՆԻՖ-ում հաստիքային աշխատողներ են եղել նաեւ դատական գործերի համակարգման պատասխանատու Հարություն Հարությունյանն ու դատական գործերի պատասխանատու Հեղինե Մանուկյանը, որոնք փաստաբաններ են: Նրանք եւս, ի թիվս ընկերության 18 աշխատողների, այս տարվա օգոստոսի 1-ին ազատվել են աշխատանքից:
Հատկանշական է, որ պետական ընկերությունում հաստիք զբաղեցրած այս իրավաբանները միաժամանակ աշխատում են «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ում, որը 2012-ին հիմնադրել է Հ. Հարությունյանը ու նաեւ տնօրենն է: Նա մասնագիտացած է քաղաքացիական, ինչպես նաեւ սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերում: Հ. Մանուկյանն էլ այս ընկերությանը միացել է 2018-ին, մասնագիտացած է քաղաքացիական գործերում:
Հարություն Հարությունյանի ղեկավարած փաստաբանական գրասենյակի իրավաբաններն են դատարաններում պաշտպանում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի ու նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի շահերը: Խոսքը նաեւ այն դատական գործերի մասին է, որոնք կապ չունեն ԱՆԻՖ-ի հետ: Հայցերը գլխավորապես ներկայացվել են լրատվամիջոցների ու լրագրողների դեմ:
«Իրավաբանական խորհրդատվական խումբ» ընկերության մեկ այլ փաստաբան՝ Դավիթ Սրապիոնյանը, ներկայացնում է նաեւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ պաշտոնից ազատված գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի շահերը դատարանում: Վերջինս ցանկանում է, որ դատարանն անվավեր ճանաչի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով: Ստացվում է, որ Հարություն Հարությունյանի փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչն այս տարվա մարտին հայց է ներկայացրել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի դեմ, այնինչ նույն Հարությունյանը եւ նրա գործընկեր Հեղինե Մանուկյանը մինչեւ օգոստոս ամիսը ԱՆԻՖ-ի իրավաբաններն էին, այսինքն՝ նրանց աշխատանքը պետական ընկերության շահերը պաշտպանելը պետք է լիներ: Արդյոք այստեղ չկա շահերի բախում:
Ի դեպ, Դ. Փափազյանն էլ նախկին պաշտոնյայի զավակ է: Նրա հայրը Վահան Փափազյանն է, որը ՀՀ արտգործնախարարն էր 1993-1996 թթ. եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը 1997-1998 թթ.:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունում եւս ոչ պատահական մարդիկ են հավաքվել
2019-ի դեկտեմբերին հիմնադրվել է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որն ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն է (մինչեւ 2020 թ. ապրիլ ՓԲԸ-ն կոչվում էր «Իմ տուն», հետո անվանափոխվել է):
Այս ընկերությունը կառավարում էր «Ձեռնարկատեր+Պետություն» ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը, որը պետական գումարներ էր ներդնում բիզնեսի մեջ՝ դառնալով տարբեր գործարարների ու մասնավոր ձեռնարկությունների գործընկեր: ԱՆԻՖ-ի կայքում ֆոնդի ստեղծման նպատակը ներկայացվում էր այսպես. «Ֆոնդը կօգնի մեղմել COVID-19-ի հետեւանքով ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ ազդեցությունը տնտեսության վրա։ Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է եւ դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ եւ կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, որն այլ պարագայում չէր ներդրվի երկար անորոշության պայմաններում»։
Սակայն 2023-ին պարզ դարձավ, որ «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդի աշխատանքը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հետազոտություն էր իրականացրել եւ ԱՆԻՖ-ում, ներառյալ՝ այս ֆոնդում, խնդիրներ էր հայտնաբերել, որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը եւ կորպորատիվ կառավարմանը:
Դրա հիման վրա 2023-ի մայիսին Կառավարությունը որոշեց փոխել ԱՆԻՖ-ի մանդատը, քանի որ նախկին մանդատը բավականին լայն էր (պետական գումարները մինչ այդ ներդրվում էին ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռեստորանային բիզնեսում, ինչը միանշանակ չէր ընդունվում հանրության կողմից), եւ սա հարցեր էր առաջացրել նաեւ ԱՄՀ-ի մոտ: Կառավարությունը որոշեց, որ ԱՆԻՖ-ն այդուհետ պետք է այնպիսի ներդրումներ կատարի, որոնց արդյունքում կարտադրվեն տնտեսապես բարդ ապրանքներ, ինչպես նաեւ ՀՀ արտադրության ապրանքներ կարտահանվեն այնպիսի շուկաներ, որոնց հետ կապը նախկինում թույլ է եղել: Գործադիրն արգելեց ներդրումներ կատարել հետեւյալ ոլորտներում՝ մանրածախ առեւտուր, հյուրանոցային ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, շինարարություն, ժամանցի, շահումով խաղերի, ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում, հանքարդյունաբերություն, ֆինանսներ։
Նկատենք, որ 2020-ի ապրիլից մինչեւ 2024-ի մարտ՝ ԱՆԻՖ-ի ու ներդրումային ֆոնդի գործունեության բուռն շրջանում, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրենը եղել է Բելլա Մանուկյանը: Ֆրանսիայում, Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում կրթություն ստացած 30-ամյա տնտեսագետ, բիզնեսի կառավարիչ Բելլան նույնպես պատահական անձ չէ: Նրա հայրը Հովհաննես Մանուկյանն է, որը 2005-2008 թթ. Վճռաբեկ դատարանի նախագահն էր, 2011-2014 թթ.՝ Վրաստանում ՀՀ դեսպանը, իսկ 2014-2015 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարը:
«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն եւս ունեցել է/ունի անվտանգության բաժին: Դրա համակարգողը, ըստ մեր տվյալների, 43-ամյա իրավաբան Արսեն Սախոյանն է, որը, ինչպես տեղեկացել ենք ԱՆԻՖ-ից, մինչեւ հիմա աշխատում է ՓԲԸ-ում: Սախոյանը Հրազդանից է, 2021-ից աշխատում է որպես փաստաբան, մասնագիտացած է քրեական գործերում, նրան է պատկանում իրավաբանական ծառայություններ մատուցող «Օֆերտա գրուպ» ՍՊԸ-ն (թղթերով սեփականատերը կինն է): Բայց Սախոյանի պարագայում եւս գործ ունենք իրավապահ համակարգի հետ, ուղղակի նա ոչ թե այդ ոլորտից ինչ-որ պաշտոնյայի բարեկամ է, այլ հենց ինքն է եղել պաշտոնյա:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արսեն Սախոյանը նախկինում քննիչ է աշխատել Ոստիկանությունում, հետո դատախազ է եղել Կոտայքի ու Գեղարքունիքի դատախազություններում: 2021 թ. ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության անվտանգության բաժնում աշխատել է նաեւ մի կին (իրավաբան, փաստաբան), որը կրկին ոչ մի կապ չունի անվտանգության ոլորտի հետ: Նրա հետ պայմանագիրը լուծվել է այս տարի:
Անվտանգություն՝ անվտանգության ֆոնին
Առանցքային է այն հարցը, թե արդյոք ԱՆԻՖ-ին եւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ին անհրաժեշտ են եղել անվտանգության բաժիններ: Բանն այն է, որ երկու ընկերություններն էլ տարիներ շարունակ գործել են այնպիսի շենքերում, որոնց ընդհանուր մուտքերում կա անվտանգության ծառայություն:
Այսպես՝ ըստ Իրավաբանական անձանց պետռեգիստրի, ԱՆԻՖ-ը 2019-2021 թթ. գրանցված էր Երեւանի Մելիք-Ադամյան 2/2 շենքում (հայտնի է որպես ՀԲԸՄ-ի շենք, տես ստորեւ):
2021-2024 թթ. էլ պետական ընկերությունը գրանցված էր ՀԲԸՄ-ի շենքից 100 մետր հեռավորության վրա գտնվող Հանրապետության 37 հասցեում, որտեղ գործում են տարբեր կազմակերպություններ: ԱՆԻՖ-ը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը օգտվել/օգտվում են այս շենքի՝ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող մուտքից (տես ստորեւ):
Թե՛ այստեղ, թե՛ ՀԲԸՄ-ի շենքում կան անվտանգության աշխատակիցներ, բայց դա չի խանգարել, որ ԱՆԻՖ-ը նման մի ամբողջ բաժին պահի պաշտոնյաների հարազատների ներգրավմամբ ու բարձր աշխատավարձերով:
«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն էլ, ըստ պետռեգիստրի, 2019-2023 թթ. Էր գրանցված Մելիք-Ադամյան 2/2-ում, իսկ 2023-2024 թթ. դրա հասցեն Հանրապետության 37-ն էր:
Այս տարվա հունիսին ԱՆԻՖ-ի ու դրա դուստր ՓԲԸ-ի հասցեները տեղափոխվել են Նալբանդյան 28, որը շատ մոտ է վերոնշյալ շենքերին: Այստեղ գործում է Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ): Բանն այն է, որ մայիսի 23-ին Կառավարությունը որոշել է ԱՆԻՖ-ի 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերցնել Էկոնոմիկայի նախարարությունից ու հանձնել ՊԳԿԿ-ին:
Պատահական չէ, որ 2024-ի հուլիսից ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնակատարը Դավիթ Մկրտումյանն է, որը մինչ այդ ՊԳԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն էր:
Վերջինիս հարցրել էինք, թե արդյոք Մելիք-Ադամյան 2/2 եւ Հանրապետության 37 հասցեներում չկան անվտանգության աշխատակիցներ, որ ԱՆԻՖ-ն ու դուստր ՓԲԸ-ն առանձին բաժիններ են պահել: Մկրտումյանը հայտնել է, որ, առկա տեղեկատվության համաձայն, նշված հասցեների գրասենյակային տարածքներում անվտանգության աշխատակիցներ չեն եղել, այնինչ մենք արձանագրել ենք նրանց ներկայությունն այդ շենքերում:
Պաշտոնական. ԱՆԻՖ-ը չի կարող հիմնավորել պաշտոնյաների հարազատների հետ պայմանագրեր կնքելու հանգամանքը
Դավիթ Մկրտումյանը մեզ տվել է ուշագրավ պատասխաններ, ինչն ամեն օր չես տեսնի պետական կառույցների հետ գրագրության ժամանակ:
Այսպես՝ այն բանից հետո, երբ մայիսի 23-ին Կառավարությունն ԱՆԻՖ-ի բաժնետոմսերը հանձնեց Պետգույքի կառավարման կոմիտեին, ու հայտնի դարձավ, որ ընկերությունը լուծարվելու է, մայիսի 25-ին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը հաստատեց նոր հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ին: Հաստիքները կրճատվել են՝ նախկին 24-ի փոխարեն դառնալով 6 (տնօրեն, գործառնությունների ղեկավար, գնումների բաժնի պետ, ավագ իրավախորհրդատու, ավագ հաշվապահ, անշարժ գույքի կառավարման խորհրդական):
«Նշված 6 պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի դրույքաչափերը նախորդ հաստիքացուցակի համեմատ կրկնակի նվազեցվել են,- «Հետքին» փոխանցել է Դ. Մկրտումյանը,- արդյունքում՝ վերոհիշյալ 6-ից ավագ հաշվապահը եւ ավագ իրավախորհրդատուն չեն համաձայնվել աշխատավարձերի կրճատման էական պայմանի փոփոխության հետ, եւ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվել են համապատասխանաբար հուլիսի 2-ին եւ հուլիսի 8-ին: Մնացած 18 աշխատողների, այդ թվում՝ անվտանգության բաժնի պետի, անվտանգության բաժնի ավագ մասնագետի եւ անվտանգության բաժնի 2 մասնագետների, դատական գործերով համակարգման պատասխանատուի եւ դատական գործերի պատասխանատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվել են օգոստոսի 1-ին»:
Ի վերջո, ինչո՞վ են զբաղվել ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի աշխատակիցները, որոնք, համեմատած ընդհանուր կազմի (24 հոգի) հետ, բավականին շատ են եղել: Ո՞րն է եղել նրանց գործառույթը մի շենքում (թե՛ Մելիք-Ադամյան 2/2-ում, թե՛ Հանրապետության 37-ում), որն ունի անվտանգության ընդհանուր համակարգ: Բացի դրանից՝ ինչպե՞ս կարող է ԱՆԻՖ-ը հիմնավորել անվտանգության հետ կապ չունեցող անձանց, այդ թվում՝ 3 կանանց գործի ընդունելու հանգամանքը:
«Անվտանգության բաժնի աշխատողների աշխատանքային գործառույթները հիմնականում ներառել են՝ ընկերության գույքի հսկողություն եւ պահպանմանն ուղղված գործառույթների իրականացում, պոտենցիալ գործընկերների/հայտատուների վերաբերյալ տեղեկատվության վերլուծության, ընկերության մյուս ստորաբաժանումների կողմից նախաձեռնվող եւ իրականացվող միջոցառումներին աջակցման գործառույթներ,- նշել է ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարն ու հավելել,- այնուամենայնիվ, ընկերությունն, առկա տեղեկատվության պայմաններում, չի կարող հիմնավորել վերոնշյալ անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու հանգամանքը»:
Մեր հարցին, թե արդյոք նպատակահարմար էր ֆինանսներ հատկացնել՝ նման բաժին պահելու համար եւ աշխատանքի ընդունել անվտանգության ոլորտի հետ կապ չունեցող անձանց, Դավիթ Մկրտումյանն, ըստ էության, փորձել է դիվանագիտական պատասխան տալ. «Առկա ռեսուրսների եւ սահմանափակ հնարավորությունների հանգամանքով պայմանավորված՝ ԱՆԻՖ-ը չի կարող տրամադրել դիրքորոշում/տեղեկատվություն առ այն, թե որն է եղել ընկերությունում անվտանգության առանձին բաժին պահելու հիմնավորումը, եւ արդյոք նպատակահարմար էր ֆինանսներ հատկացնել՝ նման բաժին պահելու համար»: Ամեն դեպքում, մեր հարցի պատասխանն ակնհայտ է:
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ում կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաքննություն է ընթանում, չնայած մեղադրյալներ ներկայում չկան: Քրեական վարույթի առանցքում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ վստահված գույքը հափշտակելու հոդվածներն են:
Քաղաքապետարան. «Ավինյանը չի միջնորդել որեւէ մեկին՝ աշխատանքի անցնելու համար»
Ինչպես վերեւում նշեցինք, մենք դիմել ենք նաեւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի այն ժամանակվա նախագահին՝ Երեւանի ներկա քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Վերջինիս հարցրել էինք, թե, քանի որ մեր տեղեկություններով հենց իր գործոնով է պայմանավորված իրավապահների հարազատներին ԱՆԻՖ-ում աշխատանքի դասավորելը, ապա ինչ անձնական ու գործնական կապեր ունի այդ իրավապահների, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի եւ փաստաբան Հարություն Հարությունյանի հետ, ինչու են ԱՆԻՖ-ում ու դրա դուստր ընկերությունում աշխատանքի ընդունվել անվտանգության ոլորտի հետ կապ չունեցող անձինք, այդ թվում՝ կանայք, ինչու են այդ երկու կազմակերպություններում անվտանգության առանձին բաժիններ պահվել, եւ ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ իրավապահ համակարգի պաշտոնյաների հարազատներին ԱՆԻՖ-ում բարձր աշխատավարձով գործի ընդունելն իրականում քայլ է՝ հավանական «տհաճ իրավիճակներում» իր «անձեռնմխելիությունն ապահովելու» համար:
Մեր հարցերին արձագանքել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը՝ տալով ընդհանրական պատասխան. «Առաջին կետով արված պնդումը չի համապատասխանում իրականությանը: Քաղաքապետն անձնապես որեւէ մեկի հետ մինչ աշխատանքի անցնելը ծանոթ չի եղել: Որպես ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ՝ հիշատակված կադրային նշանակումները դուրս են եղել խորհրդի նախագահի լիազորությունների շրջանակից, եւ Տիգրան Ավինյանը չի միջնորդել որեւէ մեկին՝ աշխատանքի անցնելու համար: Հարցման մեջ առկա մյուս կետերը նույնպես ենթադրություններ են եւ իրականությանը չեն համապատասխանում»:
Ապահովելով Ավինյանի լսված լինելու իրավունքը՝ մենք ամենեւին էլ չէինք ակնկալում, որ նա պետք է ասեր, թե, օրինակ, այո, ես եմ հանձնարարել, որ արհեստականորեն նման բաժին բացվի, ու նշված մարդկանց աշխատանքի ընդունեն:
Կա քրեական վարույթ, թե ինչ տեմպերով է առաջ գնում նախաքննությունը, հայտնի չէ, Գլխավոր դատախազությունը սահմանափակվում է պաշտոնական ձեւակերպումներով, որեւէ մեկի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի հարուցվել: Այնպիսի պայմաններում, երբ երկրի իշխող ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի հիմնադիրներից ու գործող վարչության անդամներից է Տ. Ավինյանը, դժվար է ակնկալել, որ «խոշոր ձկներ» կհայտնվեն մեղադրյալի աթոռին: Հայաստանյան պրակտիկան ցույց է տվել, որ նման բան լինում է երկու դեպքում՝ իշխանափոխության, կամ երբ քաղաքական վերնախավում ինչ-ինչ գործընթացների արդյունքում որոշվում է պատժել/«զոհաբերել» յուրայիններից մեկին կամ մի քանիսին:
Առաջին նկարի ձեւավորումն ու վիզուալ պատկերը՝ Տիրայր Մուրադյանի
Մեկնաբանել