
Ադրբեջանական զինուժը ստացել է պակիստանյան JF-17C կործանիչներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համալրվել են Պակիստանից ձեռք բերված JF-17C (Block-III) կործանիչներով: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, այդ կործանիչներից մեկը ցուցադրել են Իլհամ Ալիևին։
«Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահին ներկայացվել են JF-17C (Block-III) բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները: <...> Այդ ինքնաթիռներն արդեն ներառված են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ալիևին նաև զեկուցել են կործանիչների մարտավարատեխնիկական բնութագրերի, դրանց շահագործման կանոնների և այլ պարամետրերի մասին:
JF-17 (Joint Fighter-17) կործանիչները չին-պակիստանյան համատեղ մշակման ինքնաթիռներ են, որոնք ստեղծվել են չինական Chengdu FC-1 Xiaolong ինքնաթիռների հիման վրա։ Ինքնաթիռների ստեղծման ֆինանսավորումն իրականացրել է Պակիստանը, սակայն ստեղծվել է 1990-ական թվականների վերջին և 2000-ականների սկզբին չինական CAC (Chengdu Aircraft Corporation) ընկերության կողմից։ 2009 թվականից Պակիստանն ու Չինաստանն իրականացնում են կործանիչների համատեղ սերիական արտադրություն։
Այս ինքնաթիռները նախատեսված են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային գործողությունների համար՝ եղանակային բոլոր պայմաններում։
Դեռ 2024թ․ փետրվարին էր հայտնի դարձել, որ Ադրբեջանը պատրաստվում է ձեռք բերել Պակիստանում արտադրված JF-17C (Block III) տեսակի կործանիչներ։ Պակիստանյան լրատվամիջոցները գրել էին, որ գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1,6 միլիարդ դոլարի։ Ընդ որում, պակիստանյան աղբյուրները նշում էին, որ այս գործարքի արդյունքում Բաքուն պլանավորում է հրաժարվել իր զինանոցում առկա МиГ-29 ինքնաթիռներից։
Ադրբեջանական Turan գործակալությունն էլ գրում է, որ պակիստանյան այս կործանիչներն իրենց մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում են թե՛ МиГ-29-ին, թե՛ Су-25-ին ու արդյունավետորեն պաշտպանված են հակաօդային պաշտպանության С-300 համակարգերից։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել