
ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները։
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ գործի քննությունը ՍԴ-ում ավարտվել էր սեպտեմբերի 24-ին։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստեղծվել են2023թ. մայիսի 22-ին՝ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ։ Երկու օր անց՝ մայիսի 24-ին, հանձնաժողովների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանին։
Հանձնաժողովները 2023 և 2024 թվականների ընթացքում հանդիպել են ևս յոթ անգամ, սակայն շոշափելի արդյունք է տվել միայն վերջին՝ 8-րդ հանդիպումը՝ 2024թ. ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանից Շահին Մուստաֆաևը ստորագրել են 6 կետից բաղկացած արձանագրություն, որի հիման վրա տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածում։
Լուսանկարում՝ Սահմանադրական դատարանի շենքը / ©«Հետք»
Մեկնաբանել