
ԱՄՆ-ն ու դաշնակիցներն Իսրայելին ու Հեզբոլահին կոչ են արել դադարեցնել պատերազմը. Նեթանյահուն հրամայել է շարունակել հարվածները
ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն Իսրայելին ու լիբանանյան Հեզբոլահ խմբավորմանը կոչ են արել 21 օրով դադարեցնել կրակը, ինչը թույլ կտա կողմերին բանակցություններ սկսել հակամարտության հնարավոր դիվանագիտական կարգավորման շուրջ:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Համատեղ հայտարարությունը ստորագրած ԱՄՆ դաշնակիցների թվում են Ավստրալիան, Կանադան, Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան և Կատարը:
Այս ֆոնին իսրայելցի լրագրող Ամիտ Սեգալը, հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի իր աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները «կանաչ լույս են տվել բանակցությունների նպատակով հրադադար հաստատելու առաջարկին»: Ավելին, Իսրայելի 12-րդ ալիքը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) հրամայել է նվազեցնել Լիբանանում հարվածների ինտենսիվությունը:
Փոխարենը, ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը մեկնում է Նյու Յորք՝ ՄԱԿ-ում ելույթ ունենալու, հայտարարել է, որ դեռևս չի պատասխանել հրադադարի առաջարկին և հրամայել է բանակին շարունակել պայքարը։
Իր հերթին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հույս է հայտնել, որ շուտով հրադադար կլինի: Նա դրական է պատասխանել Reuters-ի հարցին՝ արդյոք հնարավոր է մոտ ժամանակներս հրադադար ապահովել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները լիբանանյան Հեզբոլահ խմբավորման դեմ «կանխարգելիչ ռազմական գործողություն» են սկսել։
ՑԱԽԱԼ-ը հայտարարել էր, որ Լիբանանի զանգվածային ռմբակոծությունների ընթացքում ոչնչացրել է Հեզբոլահի հետ կապված հարյուրավոր թիրախներ:
Այդուհանդերձ, Լիբանանից տվյալներ են ստացվում, որ իսրայելական հարվածների հետևանքով տուժում են մեծ թվով խաղաղ բնակիչներ։
Լուսանկարը՝ Rabih Daher/AFP
Մեկնաբանել