
Ջո Բայդենն ազդարարել է Գերմանիայում Ուկրաինայի հարցով միջազգային հանդիպման անցկացման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հարցերով միջազգային կոնտակտային խմբի «Ռամշտայն ձևաչափով» հերթական նիստի մասին: Ինչպես սեպտեմբերի 26-ին հայտարարել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի նախագահությամբ այդ բանակցությունները կկայանան Գերմանիայում, իսկ դրանց ընթացքում պլանավորվում է համակարգել Ուկրաինային աջակցող ավելի քան 50 երկրների ջանքերը:
dpa-ը նշում է, որ կոնտակտային խմբի հանդիպման վայրի մասին Վաշինգտոնը ոչինչ չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում։
Բայդենը Գերմանիա կժամանի հոկտեմբերի կեսերին։ Սպասվում է, որ նա կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Սպասվում է, որ նա կայցելի նաև Ռամշտայն ռազմաբազա:
Der Spiegel-ն էլ գրում է, որ այցի շրջանակներում կկայանա Բայդենի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի քառակողմ հանդիպումը:
Սա նախագահի պաշտոնում Բայդենի առաջին պաշտոնական այցն է Բեռլին։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ այն կտևի երեք օր՝ հոկտեմբերի 10-12-ը։ Նախորդ անգամ ԱՄՆ նախագահը նման այցով Բեռլին էր ժամանել ութ տարի առաջ։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը Բարաք Օբաման էր: Միևնույն ժամանակ, 2022 թվականին Բայդենը Բավարիայի Էլմաու քաղաքում մասնակցել էր G7 գագաթնաժողովին։
Լուսանկարը՝ CNP/NEWSCOM/SIPA
Մեկնաբանել