HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել

Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր շաբաթներ առաջ, հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային:

Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին: Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- ասված է Սիրվարդ Գեւորգյանի պարզաբանման մեջ, որը տարածել է Արդարադատության նախարարությունը: 

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գեւորգյանի նշանակումից հետո քաղաքական եւ հասարակական շրջանակներում քննարկումներ ծավալվեցին ֆեյսբուքյան իր էջում նախկինում տարածված մի լուսանկարի շուրջ, որտեղ նա նկարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը ձեռքին։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն, անդրադառնալով իր տեղակալի հրաժարականին, գրել է. «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:

Սիրվարդ Գեւորգյանի լուսանկարը՝ Արդարադատության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter