HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ուկրաինային 8 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Բայդենի հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Ամերիկյան առաջնորդի պնդմամբ՝ ռազմական այս աջակցությունն Ուկրաինային «կօգնի հաղթել պատերազմում»: 

Բայդենը հայտնել է, որ հանձնարարել է օգնության հիմնական մասը՝՝ 5,5 միլիարդ դոլար, հատկացնել Presidential Drawdown Authority-ի (սպառազինությունների դուրսգրման նախագահի հանձնարարականների) գծով։ Այս սխեման ամերիկյան իշխանություններին թույլ է տալիս սպառազինություն մատակարարել Կիևին ամերիկյան բանակի պաշարներից։ Հենց սա է Ուկրաինային օգնության գլխավոր աղբյուրը։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, այս օգնությունը պետք է հատկացվի մինչև ֆինանսական տարվա ավարտը, որն ԱՄՆ-ում լրանում է սեպտեմբերի 30-ին: Բայդենի որոշումը թույլ կտա ֆինանսական տարվա ավարտից հետո շարունակել Ուկրաինային ամերիկյան օգնությունը։ 

Բացի այդ, ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Պենտագոնը, «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության» (USAI) ծրագրի միջոցով, Կիևին 2,4 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի, ինչը թույլ է տալիս սպառազինության պատվերների համար վճարել ԱՄՆ ռազմարդյունաբերական հաստատություններին, այլ ոչ թե դրանք վերցնել ամերիկյան պաշարներից։ 

«Ես կարգադրել եմ, որ մինչև իմ պաշտոնավարման ավարտը Պաշտպանության նախարարությունը բաշխի Ուկրաինայի համար հատկացված հիմնադրամից մնացած միջոցները»,- նշել է նախագահ Բայդենը։ 

ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա Ուկրաինային թույլ կտա հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, անօդաչու թռչող սարքեր և «երկինք-երկիր» դասի սպառազինություն ստանալ։ Բայդենի պնդմամբ՝ այս օգնությունը կուժեղացնի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական համալիրը և կօգնի սպասարկել արդեն իսկ առկա սպառազինությունը: Ի տարբերություն PDA-ի, USAI ծրագիրը չի ենթադրում զենքի արագ փոխանցում Ուկրաինային, քանի որ նախ այն պետք է պատվիրել և արտադրել։ 

Ջո Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կվերանորոգի և Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության Patriot տեսակի լրացուցիչ մարտկոց և այդ համակարգի համար ավելի մեծ թվով հրթիռներ:

Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter