HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աշտարակ համայնքի ղեկավարը ցանկանում է համոզել, որ Աշտարակում հողն արժեզրկվել է  

Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին և Ծաղկահովիտ համայնքները միասին 2023թ․–ին աճուրդ–վաճառքով մոտ 140 հեկտար հող են վաճառել։ Հողերի մեծ մասը՝ 111,25 հեկտարը, Աշտարակ քաղաքի և համայնքի կազմում ընդգրկված գյուղերի հողատարածքներն են։ Աշտարակ համայնքը հիմնականում վաճառել է բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման հողամասեր և մեծ չափերի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ (վարելահող, արոտ և այլն):

Որքան էլ զարմանալի լինի, բայց աճուրդ–վաճառքի տվյալների վերլուծությունից պարզվեց, որ Հայաստանում ամենաէժան հողերը Արագածոտնի մարզում են և, մասնավորապես, Աշտարակ համայնքում։ Այս միտքն, անկասկած, զարմանք կառաջացնի բոլոր նրանց մոտ, ովքեր երբևէ հողամաս են գնել Աշտարակում և շրջակա գյուղերում։ Համայնքի կազմում ընդգրկված՝ Օհանավան, Օշական, Բյուրական, Մուղնի, Փարպի, Կոշ, Կարբի, Աղձք, Ղազարավան, Սաղմոսավան, Ուշի, Օրգով և մյուս գյուղերում հողը մշտապես ամենապահանջվածներից է։ Հանրապետության մյուս գյուղերի համեմատությամբ, այս գյուղերում հողի արժեքը ամենաբարձրերից է եղել։

Սակայն, Աշտարակ համայնքի երկարամյա ղեկավար Թովմաս Շահվերդյանը (նա պաշտոնավարում է 2016թ․–ից), հատկապես վերջին երկու տարիներին բոլորին ցանկանում է համոզել, որ Աշտարակում հողն արժեզրկվել է։ Համայնքի ղեկավարը դա անում է ոչ թե համոզիչ փաստարկներ ներկայացնելով, այլ՝ հազարավոր հեկտար հողատարածքներ կադաստրային արժեքով վաճառելով։ Թովմաս Շահվերդյանը, հավանաբար, դրանով ցանկանում է ազդել և փոխել հողի շուկայական արժեքը, սակայն նրան դեռևս չի հաջողվում գին «թելադրել» անշարժ գույքի շուկայում։

Համայնքի ղեկավարը Աշտարակ քաղաքում, հիմնականում, բնակավայրի կառուցապատման հողամասեր է վաճառել։ Աշտարակում մոտ 1000 քմ հողամասը համայնքապետարանից կարող եք գնել 2 մլն 660 հազար դրամով։ Շուկայական արժեքը 23 000–ից մինչև 50 000 դոլարի սահմաններում է։

Թ․ Շահվերդյանը 10․365 հեկտար վարելահողը 2023թ․–ին վաճառել է 5 մլն 570 հազար դրամով (14․500 դոլար), որքան որ կազմում է կադաստրային արժեքը՝ 1 քմ–ի արժեքը 5,5 դրամ է։ Այս պահին www.list.am կայքում Աշտարակ քաղաքում վաճառվող գյուղնշանակության 29 000 քմ հողատարածքը վաճառվում է 1 մլն 15 հազար դոլարով, հասարակական կառուցապատման 10 հեկտար հողամասը՝ 350 000 դոլարով, բնակելի կառուցապատման 1000 քմ հողամասը՝ մինչև 150 000 դոլար և ավելի։

Մուղնի գյուղում 600 քմ բնակելի կառուցապատման հողամասը վաճառվում է 50 000 դոլարով։ Համայնքի մյուս գյուղերում վաճառվող հողերի արժեքները ներկայացված արժեքների սահմանում են, մանրամասներին կարող եք ծանոթանալ և համեմատել այստեղ։

Աշտարակ համայնքի հողերի աճուրդային վաճառքի նախորդ երեք տարիների համեմատականը ցույց է տալիս, որ 2022-2023թթ.-ին համայնքի ղեկավարը հողերն ավելի ցածր արժեքով է վաճառել, քան 2021թ․-ին։ Կարբի գյուղում, օրինակ, 3755 քմ գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը 2021թ․-ին վաճառվել է կադաստրային արժեքի 3111 տոկոսով։ Սակարկության արդյունքում 25 346 դրամ արժեցող հողը վաճառվել է 788 550 դրամով։ Նույն հողատեսքի 2538 քմ հողը, որի կադաստրային արժեքը կազմում է 17 131 դրամ, դարձյալ վաճառվել է կադաստրայինից 3111 տոկոս բարձր արժեքով՝ 532 980 դրամով։ Բայց, չգիտես ինչու, այն ժամանակ էլ Շահվերդյանը բնակելի կառուցապատման բոլոր հողատարածքները կադաստրային արժեքով է վաճառել։

Կարբիում 3755 քմ գյուղնշանակության հողամասը, որի կադաստրային արժեքը 25 346 դրամ է, աճուրդի է դրվել 77 353 դրամ մեկնարկային արժեքով և վաճառվել է կադաստրային արժեքի 3111 տոկոսով՝ 788 550 դրամով։ Այսինքն՝ 1 քմ-ը 6,75 դրամից բարձրացել է մինչև 210 դրամ։

Թե ինչու 2022թ․–ին Աշտարակ համայնքում հողի արժեքը կտրուկ իջավ, կառավարությունում թերևս չեն հետաքրքրվել, այդ պատճառով անկման տենդենցը շարունակվել է նաև 2023թ․–ին։ Այն դեպքում, երբ Արագածոտնի մարզի համայնքները ամենաշատ հողերը՝ մոտ 460 հեկտար, վաճառել են 2022թ․–ին։ Դրա մեծ մասը դարձյալ Աշտարակ համայնքի հողերն են, որոնց 90%–ից ավելին վաճառվել է կադաստրային արժեքով։

Տպավորություն կարող է ստեղծվել, որ հողի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, հատկապես, երբ 2022թ․-ի համեմատությամբ 2023թ․-ին ավելի քիչ հող է վաճառվել։ Սակայն, ընկերություններն ու ֆիզիկական անձինք այժմ մեծ հողատարածքներ են գնում բիզնես գործունեության նպատակով։ Բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքներից առավել շատ գյուղնշանակության հողերի վաճառքը փաստում է, որ շուկայում այդ հողի պահանջարկը շատ ավելի մեծ է։ Գյուղնշանակության հողատարածքներով հետաքրքրված են ոչ թե գյուղացիները, այլ՝ բիզնես գործունեություն իրականացնողները։

Համայնքի ղեկավարի որոշումներից պարզել ենք, որ վաճառքից հետո հողամասեր գնած ընկերություններն ու անհատներն անմիջապես փոխել են հողի նշանակությունը։ Վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների նշանակությունը փոխվել է գյուղարտադրական, հասարակական կառուցապատման, ջրային և այլ նշանակության հողերի։ Սեփականատերերին կառուցապատման շինթույլտվություններ են տրվել։

Այսպես․ «ՍԱՆ ԱԳՐՈ» ՓԲԸ-ն Արագածոտն գյուղում 1 հեկտար 6420 քմ հողամաս է գնել, որի համար վճարել է մոտ 1 մլն 200 հազար դրամ։ Ընկերության գործունեությունն, ըստ պետռեգիստրի, գյուղատնտեսությամբ զբաղվելն է, բայց հողամասում 5 ՄՎՏ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան կառուցելու թույլտվություն է ստացել։

«Ագրոֆայ» ՓԲԸ-ն 2023թ․-ին Կոշ գյուղում կադաստրային արժեքով ձեռք է բերել գյուղնշանակության 11,5 հա հողամաս, որի համար վճարել է ընդհանուր 5 մլն 800 հազար դրամ (15 000 դոլար)։ Այս ընկերությունը գրանցվել է 2022-ի հունիսին՝ բնատեսարանի բարեկարգման գործունեություն իրականացնելու նպատակով։ Սակայն հողերի կարգավիճակը փոխելու և կառուցապտման համար ստացված թույլտվություններն ընկերության հետապնդած նպատակներին չեն համապատասխանում։

Գնելուց հետո «Ագրոֆայ» ՓԲԸ–ն արոտավայրի նպատակային նշանակությունը փոփոխել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների: Այնուհետև, ընկերությանը գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նախագծման թույլտվություն է տրվել։ Գյուղատնտեսական 6982 քմ այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել է ջրային հողերի, իսկ գործառնական նշանակությունը` ջրայինի։ Ոռոգման նպատակով 4000 խմ ջրավազան և պոմպակայան կառուցելու շինթույլտվություն է ստացել։

«Մաունթ Սաղմոս» ընկերությունը 2022թ․-ին Սաղմոսավան գյուղի բնակավայրի բնակելի կառուցապատման 7 լոտ հողամասերի աճուրդ–վաճառքի հաղթող է ճանաչվել։ Ընկերությունը 7000 քմ-ից ավելի հողը գնել է 20 մլն 238 հազար դրամով, վճարել է ճիշտ այնքան, որքան հողամասի կադաստրային արժեքն է։ ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Բեզջյանի ընկերությունը բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն է իրականացնում։

Հայաստանում ամենատարբեր բիզնես գործունեություն ծավալող Անջելո Հանի Անթունին 2022թ․–ին Աշտարակ համայնքի Նոր Երզնկա գյուղի արոտավայրերից վաճառվող 6 լոտի հաղթող է ճանաչվել։ Օտարերկրացին 5 լոտ հողատարածքը գնել է կադաստրային արժեքով, իսկ մեկը՝ կադաստրային արժեքի 170%–ով, թեպետ անհասկանալի է, թե ինչու չէին կարող այդ մեկն էլ կադաստրային արժեքով վաճառել։ Չէ՞ որ մրցակից չուներ, ոչ ոք չի սակարկել հետը։ Նա 35,26 հա հողամասի համար համայնքային բյուջե է վճարել 6 մլն 200 հազար դրամ։

Արագածոտնի մարզի մյուս համայնքներում իրականացված աճուրդ–վաճառքների պատկերը շատ չի տարբերվում Աշտարակում կատարվածից, սակայն նրանք, հիմնականում, խուսափել են կադաստրային արժեքը վաճառքի գին ձևակերպելուց։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ վաճառված հողերի քանակով Արագածոտնը հանրապետության 10 մարզերից զիջում է միայն Արմավիրի և Կոտայքի մարզերին։ Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մոտ 140 հեկտար հողի վաճառքից Արագածոտնի մարզի չորս համայնքների բյուջե մուտք է եղել 528 մլն դրամ։ Այս գումարից 405 մլն 866 հազար դրամը հողի կադաստրային արժեքն է, համայնքային հողերի վաճառքից ստացած եկամուտը ընդամենը 122 մլն 300 հազար դրամ է։

Մեծաքանակ հողերի վաճառքից այդքան քիչ եկամուտ ստանալու պատճառն այն է, որ Արագածոտնի մարզում աճուրդի դրված հողերի 90%–ից ավելին վաճառել են կադաստրային արժեքով։ Այլ կերպ ասած՝ աճուրդ տեղի չի ունեցել, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ մեկ լոտ հողը վաճառվել է կադաստրային արժեքի 200%–ով։ Տվյալ դեպքում, ավելի ճիշտ է այս գործընթացը ոչ թե աճուրդ-վաճառք անվանել, այլ՝ ուղղակի վաճառք, քանի որ հողամասերը դիմումատուներին օտարվել են կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի կանոններով։

Այս հնարավորությունն այսօրվա իշխանությունն ընձեռեց համայնքների ղեկավարներին, երբ 2020թ․-ի հունիսի 18-ին Հողային օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո մեկ մասնակցով աճուրդ–վաճառք իրականացնելու թույլտվություն տվեց։ Մեկ մասնակցով սակարկություն հնարավոր չէ, բայց բազմաթիվ օրինակներով փաստվում է, որ երկրորդ անձի անգամ ձևական մասնակցության դեպքում, գույքի արժեքը մեկ քայլի դեպքում 5%–ով բարձրանալու է։

Մեկ անձով աճուրդ իրականացնելու դեպքում մասնակիցն այդ պարտավորությունից ազատված է։ ՏԿԵ նախարարությունն այդպես էլ չարձագանքեց տարիներ առաջ մեր հրապարակումներից մեկում արված հարցադրմանը՝ կարո՞ղ է աճուրդ իրականացվել մեկ մասնակցով։ Օրենսդրական փոփոխության նպատակն, արդյոք, համայնքների ներկայիս ղեկավարներին արտոնություն շնորհե՞լն էր, որ աճուրդի դրված հողատարածքը կադաստրային արժեքով դիմումատուին վաճառելն այլևս հանցագործություն չհամարվի։

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter