HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ գրասենյակի սոփեստությանը կնախանձեին անգամ Հին Հունաստանում. գլխավոր դատախազությունը` օմբուդսմենին

ՄԻՊ գրասենյակի սոփեստությանը կնախանձեին անգամ Հին Հունաստանում` սեփական կարծիքը «անհերքելի ճշմարտություն» ներկայացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մշտապես հանդես է եկել գործի փաստական հանգամանքների ներկայացմամբ, հիմնավորվումներով և ցավում ենք, որ ՄԻՊ գրասենյակը, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, որը ուղղված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կարևորագույն գործին, զբաղված է էժանագին շահարկումներով: Անգամ սույն գործով դեպքերի զարգացման ժամանակագրությունը դրա խոսուն վկայությունն է:

Այսպես.

1999-2000թթ..—նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Ա. Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից փոխհամաձայնությամբ և փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,

2004թ. -ըստ Ա. Վարդանյանի' տևական բացակայությունից հետո վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,

2006թ.-Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքնում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաև կողմերի միջև վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է դատական կարգով լուծման, ինչը և փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով:

ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով' ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաև կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսևորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:

ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն և անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաև' անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:

2007-2008թթ. -Շիրակի մարզի առաջին ատյանի և ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով և որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի' 120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Տարօրինակ է , որ 2008թ. օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որևէ նշանակություն, և վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:

2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:

2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում' խմելով պերօքսիդի լուծույթ:

2012թ.հուլիս - ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ'առանց տարեթվերը և գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:

Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը , որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով և որևէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 և 22.05.12թթ. գրավոր պատասխաններից և 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո, ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու և կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության և չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել' այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն

Մեկնաբանություններ (2)

Բենյամին
ի վերջո մնաց անհասկանալի թե` ուր անհետացավ տնակը,հաստատ համոզված եմ, որ այլ մոլորակայիններին դա այնքան էլ պետք չէ
Նազիկ
Հարգելի Բենյամին,սկզբում հետաքննիչն է սկսում գործը խառնել,էդ արանքում մի հատ քաղհայցով դատարան են գցում,մի հատ էլ ըտեղ են քցում անում,հետո սկսում ես տարբեր ատյանների դիմել,ստանում ես ինչ որ վերացական,իրականության հետ կապ չունեցող պատասխաններ ,մի ահագին թղթաբանություն ա գնում,հետո արդեն ինքդ ես սկսում էդ թղթերի մեջ խճճվել:դե էդքանից հետո արի գործից անտեղյակ մարդկանց համոզիր,թե որը որից հետո է:Ստացվում է մի վիճակ,որ պիտի ապացուցես ձուն ա հավից առաջացել,թե հակառակը:Դատախազությունն էլ առիթից օգտվելով ավելի է խճճում գործը:Ստացվում է մի վիճակ,որ ամենահասարակ գործը,որ պետք է թաղայինը լուծեր,դառնում է հայոց հարց,հետո էլ թուրքավարի ցանկանում են հակառակը ապացուցել:Մի խոսքով լաբիրինթոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter