HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Մենք երբեք չենք հանդուրժելու անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ»

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ս.թ. ապրիլի 23-ի իր հրամանագրով ստեղծված, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաև «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին և Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգարժան նախագահ,
Ձերդ Սրբություն, Ամենայն Հայոց կաթողիկոս,
Ձերդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունեցիք հանձնաժողովի անդամ դառնալու իմ առաջարկը և հատկապես նրանց, ովքեր հատուկ այս նիստին մասնակցելու համար ժամանեցին Հայաստան:

Սակայն, անկեղծ ասած, ես այլ ակնկալիք էլ չունեի: Այլ բան չէի ակնկալում, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար.

- բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել և հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված և իրականացված բնաջնջման քաղաքականությունը,

- բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետևանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակին,

- բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետևորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սև էջը խեղաթյուրելու համար,

- բաց է, քանի որ Մեծ եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երևույթ և չեն ընկալում իրենց ապաշխարանքով հատուցելու անհրաժեշտությունը:

Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել և համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև` իր հարևանների հետ: Սակայն անկախ որևէ բանից` մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը և անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ:

Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ, վերապրելով Հայոց ցեղասպանությունը և անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ, անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետևողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման և անխուսափելի պատժման անհրաժեշտությունը:

Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել և օժանդակել մեզ: Մենք նրանցից և ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն:

Հարգելի գործընկերներ,
Խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն բառերը մեզ անշուշտ անընդհատ կուղեկցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու մեր աշխատանքներում: Այսօր մենք պաշտոնապես սկսում ենք այդ գործընթացը»:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանձնաժողովի անդամները նիստն սկսել են տերունական աղոթքով: Այնուհետև Վեհափառ հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինն իրենց խոսքն են ուղղել նիստի մասնակիցներին:

Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպելու, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter