HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից սկսած «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ իր թիրախում են Հեզբոլահ արմատական խմբավորման` Լիբանանի հարավում գտնվող օբյեկտները:

«Մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ՝ խմբ.) ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա Հարավային Լիբանանում Հեզբոլահի ահաբեկչական օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ սահմանափակ, տեղայնացված և նպատակային ցամաքային գործողություն է սկսել: Այս թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և անմիջական սպառնալիք են ներկայացնում Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի համար»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

Իսրայելական կողմը հավելել է, որ այդ երկրի օդուժն ու հրետանին աջակցում են ցամաքային զորքերին՝ ճշգրիտ հարվածներ հասցնելով այդ տարածքում գտնվող ռազմական թիրախներին:

Հիշեցնենք, որ դեռ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողություններ իրականացնել Լիբանանի հետ սահմանին։ 

Նման հնարավորության մասին ավելի վաղ ակնարկել էր նաև Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, իսկ ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ այդ գործողությունը կարող է սկսվել արդեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին:

Երկուշաբթի երեկոյան Իսրայելում կայացել էր ռազմական կաբինետի նիստ, որի ժամանակ, ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, հավանության է արժանացել Հեզբոլահի դեմ գործողության հաջորդ փուլը:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին տեղեկացրել են Լիբանանում «մի շարք գործողությունների» մասին, այդ թվում՝ ցամաքային: «Նրանք մեզ հայտնեցին, որ դրանք սահմանափակ գործողություններ են, որոնք կենտրոնացած են սահմանի մոտ գտնվող Հեզբոլահի ենթակառուցվածքների վրա»,- հայտարարել է նա։

Պենտագոնում էլ հայտարարել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերը «համաձայնել են հյուսիսային սահմանների ուղղությամբ հարձակումներին մասնակից ենթակառուցվածքի ապամոնտաժման անհրաժեշտության հետ», որպեսզի կանխարգելվի Հեզբոլահի կողմից հնարավոր հարձակումները։ Օսթինը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է «դիվանագիտական լուծում, որպեսզի սահմանի երկու կողմերում քաղաքացիական անձինք կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց տները»:

Գիշերն արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել էր, որ իսրայելական զորքերը ներխուժել են Լիբանանի Ռմեյշ գյուղի տարածք։ Այս տեղեկության այլ հաստատում դեռևս չկա։ Իսրայելական Ynet-ի տվյալներով էլ՝ ՑԱԽԱԼ-ը հրետակոծում է սահմանի մի քանի շրջաններ։

Սեպտեմբերի 30-ի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը փակ ռազմական գոտի էր հայտարարել Լիբանանի հետ սահմանին գտնվող երեք բնակավայր։ Խոսքը գնում է Մետուլա, Միսգավ-Ամ և Կֆար-Գիլադի բնակավայրերի մասին։ Մուտքն այդ բնակավայրեր արգելված է։

Associated Press-ի տվյալներով էլ՝ իսրայելցի զինվորականները «ցամաքային փոքր գործողություններ» են իրականացնում։  Գործակալությունը նշում է, որ իսրայելական զորքերի և Հեզբոլահի միջև ուղիղ բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Reuters գործակալությունը, վկայակոչելով «անվտանգության ծառայությունների իր աղբյուրներին», գրում է, որ Լիբանանի բանակը նահանջել է Իսրայելի հետ հարավային սահմանի մի քանի դիրքերից: Լիբանանյան բանակի ներկայացուցիչը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել այդ տեղեկությունը: Գործակալության մեկ այլ աղբյուրի խոսքով էլ՝ լիբանանյան զորքերը սահմանից հինգ կիլոմետր նահանջել են:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տրամադրության տակ են հայտնվել նաև արբանյակային լուսանկարներ, որոնցից հետևում է, որ Լիբանանի հետ սահմանի շրջանում գտնվում է մոտ 100 միավոր իսրայելական ռազմական տեխնիկա:

Ինչ վերաբերում է Հեզբոլահին, ապա խմբավորման առաջնորդի տեղակալ Նայիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է իսրայելական ներխուժմանը։ Նա խոստովանել է, որ խմբավորման առաջնորդ Հասան Նասրալայի և մի շարք բարձրաստիճան հրամանատարների մահը հզոր հարված է եղել խմբավորմանը, սակայն նշել է, որ դրա ռազմական հնարավորությունները մնացել են նույնը:

Լուսանկարը՝ NBC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter