
Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձել է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղար
Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձել է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Ենս Սթոլթենբերգին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն 10 տարի: Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստի ժամանակ, որին մասնակցում էին անդամ երկրների դեսպանները։
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, փոխանցելով լիազորությունները, Սթոլթենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին ստանձնեց այդ պաշտոնը, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն էր ցուցաբերում Ուկրաինային, իսկ այժմ այդ աջակցությունը զանգվածային բնույթ է կրում, և դրա համակարգման համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»:
Իր ելույթի խոսքում Նիդերլանդների նախկին վարչապետն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր գլխավոր առաջնահերթությունները կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդումն ու Ուկրաինային աջակցությունը։
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարին արդեն իսկ հասցրել են շնորհավորել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել